Մենք հո խելագարության կանխավարկածով չե՞նք առաջնորդվելու. Միհրան Հակոբյանը՝ Էդմոն Մարուքյանի հոդվածի մասին

Մենք հո խելագարության կանխավարկածով չե՞նք առաջնորդվելու. Միհրան Հակոբյանը՝ Էդմոն Մարուքյանի հոդվածի մասին

Սահմանադրությունը հստակ ենթադրում է, որ խորհրդարանում գործունեություն ծավալող ընդդիմությունը իշխանության այլընտրանքն ու հակակշիռն է: Եվ այստեղ հավելյալ պահանջներով հանդես գալն առնվազն անտրամաբանական է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով «ԵԼՔ» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի հոդվածին, որում վերջինս նշում է, որ ընդդիմությունը պիտի ստանձնի իշխանությանը վերահսկելու և լիազորությունները սահմանափակելու գործառույթը, ինչի համար իշխանությունը պետք է «ԵԼՔ»-ին զիջի մի շարք պաշտոններ։

-Պարո՛ն Հակոբյան, ԵԼՔ դաշինքի առաջնորդներից Էդմոն Մարուքյանի հոդվածն այն մասին է, որ նա դեմ է Նիկոլ Փաշինյանի հռչակած արմատական քայլերին՝ համարելով, որ խաղն ի սկզբանե իրավական, քաղաքագիտական և բոլոր հարթություններում տանուլ տրված է։ Արդյո՞ք համամիտ եք հոդվածում տեղ գտած գնահատականների հետ։

-Ասեմ, որ ապշեցուցիչ ու անընդունելի եզրահանգումներ կան։ Նախ, Էդմոն Մարուքյանը, ինչ-որ հղումներ անելով, պնդում է քաղբանտարկյալների գոյության մասին:

Լավ, ինչքա՞ն կարելի է ինքնահաստատվել հորինած երևույթների մասին անգիր արած խոսքեր հնչեցնելով։ Դա անգրագիտություն է, հատկապես, երբ Էդմոն Մարուքյանի նման գործիչն է ասում՝ մարդ, ով արևմտյան կողմնորոշումները չի թաքցնում, արևմտյան չափորոշիչներով է ամեն ինչին փորձում մոտենալ և չի նկատում, որ արևմտյան կազմակերպությունները նման բան չեն ասում: Կա՞ միջազգային որևէ կազմակերպություն, որ նման բան է ասում: Հիմա սա ի՞նչ անհեթեթ մոտեցում է:

Մարուքյանը նաև նշում է, որ սահմանադրական փոփոխությունները միֆ էին: Եթե միֆ էին, ուրեմն Էդմոն Մարուքյանն այդ միֆի հետևանքով է հայտնվել խորհրդարանում: Ինչպես նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Որովհետև, եթե հին Սահմանադրությամբ տեղի ունենային ընտրությունները, ո՛չ Էդմոն Մարուքյանը, ո՛չ «Լուսավոր Հայաստանի» մյուս պատգամավորները շանս չէին ունենալու այնտեղ հայտնվելու: «ԵԼՔ» դաշինքը դա կարողացավ անել: Այսինքն՝ այդ հնարավորությունն իրենց տվել է այն Սահմանադրությունը, որը այսօր անվանում է միֆ: Կարծում եմ՝ մեր գործընկերն ինչ-որ մի պահի հասկանալու է, որ ճիշտ բան չի անում:

– ԼՀԿ նախագահը կարծում է, այս փուլում պիտի ստանձնեն իշխանությանը վերահսկելու և վերջինիս անսահմանափակ լիազորությունները սահմանափակելու գործառույթը, ինչի համար իշխանությունը պետք է «ԵԼՔ»-ին զիջի Ազգային ժողովի 2 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները, Սահմանադրական դատարանի ապագա անդամ նշանակելու քաղաքական իրավունքը, Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներից 2-ին նշանակելու քաղաքական իրավունքը և շատ ու շատ այլ իրավունքներ ու պաշտոններ: Սա արդարացվա՞ծ պահանջ է:

-Եթե Էդմոն Մարուքյանը սահմանադրական բարեփոխումները միֆ է անվանում, մյուս կողմից պաշտոններ ուզում, ինչպե՞ս հասկանանք դա: Ամեն ինչ հստակ ֆիքսված է Սահմանադրության մեջ, որն ինքը միֆ է անվանում:

-Սա նոր բան չէ, ժամանակին «հրաշալի քառյակի» կազմում Ռուբիկ Հակոբյանն էլ էր ասում, որ ընդդիմությանը պետք է տրվեն վերահսկողական գործառույթներ:

-Ամեն ինչ շատ հստակ է, խորհրդարանական հանրապետության Սահմանադրությունը հստակ ենթադրում է, որ խորհրդարանում գործունեություն ծավալող ընդդիմությունը իշխանության այլընտրանքն ու հակակշիռն է: Եվ այստեղ հավելյալ պահանջներով հանդես գալը մի փոքր անտրամաբանական է: Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ եթե, օրինակ, x կուսակցությունը ԱԺ-ում ունի մեծամասնություն, եկեք թող փոքրամասնության ներկայացուցիչը լինի վարչապետ, որպեսզի հակակշիռ լինի: Բայց սրանք անտրամաբանական, հակաքաղաքագիտական, հակաիրավական մոտեցումներ են: Սահմանադրությունը հստակ ֆիքսել է զսպումների ու հակակշիռների մեխանիզմները, և դրանք շատ արդյունավետ են և արժանացել են եվրոպական մասնագիտացված առաջատար կառույցների ամենաբարձր գնահատականներին: Եվ այստեղ նման բաներից խոսելն առնվազն անտրամաբանական է, մենք հո խելագարության կանխավարկածով չե՞նք առաջնորդվելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում