Հայաստան-Արցախ մշակութային համագործակցությամբ 33 միջոցառում կանցկացվի

Հայաստան-Արցախ մշակութային համագործակցությամբ 33 միջոցառում կանցկացվի

Հայաստան-Արցախ մշակութային համագործակցության շրջանակում Արցախում երիտասարդ նկարիչների պլեներ կանցկացվի, Հայաստանում հյուրախաղերով հանդես կգա Արցախի ջազային և էստրադային համույթը: Արդեն իրականացվող ծրագրերի շուրջ մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Արցախի մշակույթի նախարար Սերգեյ Շահվերդյանը:

«Նախատեսել ենք խոշոր միջոցառումեր իրականացնել Գորիսում. այն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հայտարարված: Կյանքի ենք կոչում նաև «Արցախ, իմ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագիրը, քանի որ ցանկանում ենք համատեղ ուժերով վերանորոգել թատրոնի շենքը, որտեղ կարող են ելույթներ ունենալ նաև Հայաստանից Արցախ մեկնած խմբերը: Շարունակելու ենք «Մշակութային կանգառ» ծրագիրը հարավային ուղղությամբ` Ստեփանակերտ, Շուշի, Արցախ, այնուհետև հյուսիսային ճանապարհով` Մարտունի, Գավառ, Սևան, Հրազդան»,-նշեց Ամիրյանը:

Սերգեյ Շահվերդյանի խոսքով` Արցախի մշակույթը հայկական մշակույթի մի մասն է, և մշակութային կյանքը Հայաստանում ու Արցախում չի կարող զարգանալ տարբեր հուներով, ձևերով:

«Որոշ ժամանակ առաջ Արմեն Ամիրյանի՝ Արցախ կատարած այցը բավականին արդյունավետ էր: Այդ ընթացքում համատեղ գործունեություն իրականացնելու վերաբերյալ համաձայնագիր ստորագրվեց, և այս հուշագիրը, հուրախություն երկու կողմերի, շատ արագ զարգացում ստացավ»,-ասաց Շահվերդյանը:

Նա ընդգծեց, որ համագործակցությունը միտված է նրան, որ Հայաստանում բնակվող մարդիկ ծանոթանան Արցախում ստեղծագործողների գործունեությանը և հակառակը:

Շուտով Արցախում նախատեսվում է նաև Հովհաննես Այվազովսկու գեղանկարների ցուցահանդես բացել: «Դա բացառիկ երևույթ կլինի, և մենք կկարողանանք մեր բնակիչներին ներկայացնել համաշխարհային ճանաչում ունեցող նկարչի ստեղծագործությունները»,-նշեց Արցախի մշակույթի նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում