Ծխելու դեմ պայքարը չպետք է անցնի ողջամտության սահմանները

Ծխելու դեմ պայքարը չպետք է անցնի ողջամտության սահմանները

«Պիտի ծխենք» նախաձեռնությունը վաղը նախատեսում է բողոքի ակցիա կառավարության շենքի առջև, ծխելու դեմ պայքարի օրինագծի հետ կապված: Դեռևս հայտնի չէ, ինչ պահանջներ են դնելու նախաձեռնության կազմակերպիչները, սակայն կարծում եմ արդյունավետ չի լինի կառավարությունից պահանջել առհասարակ հրաժարվել ծխելու դեմ պայքարից: Այն որ ծխելը վնասում է բոլորիս, դա անվիճելի է, ինչպես և անվիճելի է այն, որ ծխողների ճնշող մեծամասնությունը ժամանակ առ ժամանակ մտածում է ծխելը թողնելու մասին:

Սակայն ծխելու դեմ պայքարն էլ պետք է դուրս չգա ողջամտության սահմաններից ու ցանկացած օրինագիծ պետք է մշակվի այնպես, որ հնարավորինս չառաջացնի հանրության դժգոհությունը ու համեմատաբար ընդունելի լինի բոլորի համար: Ցանկացած պայքար պետք է ծավալել այնպես, որպեսզի այն զերծ մնա մարդկանց իրավունքների ոտնահարումից ու հետապնդի ոչ թե պատժիչ, այլ կանխարգելիչ նպատակ:

Սակայն առկա օրինագիծը ավելի շատ թողնում է դրամահավաքության ու ծխողներին համընդհանուր տեռորի ենթարկելու տպավորություն:

Մի կողմ թողնենք այն, որ տուգանքները երբևէ չեն նվազեցնում այն երևույթները, որոնց համար նրանք նախատեսված են: Բայց եթե տուգանքը ընդունում ենք որպես պայքարի բաղադրամաս, ապա այդ տուգանքները պետք է համապատասխանեն բնակչության եկամուտներին: Առկա նախագծում, տուգանքի չափսերը պարզապես դուրս են տրամաբանության սահմաններից: Հայաստանում բազմաթիվ ընտանիքների մեկ ամսվա եկամուտը գրեթե նույնչափ է, որոշ դեպքերում էլ պակաս, քան առաջարկվող տուգանքի չափերն են:

Զավեշտալի է, որ նախատեսվում է 500 000 տուգանել ցանկացած հիմնարկի սեփականատիրոջը, եթե վերջինս չարգելի ծխել հիմնարկի տարածքում: Այդ դրույթը դամոկլյան սրի նման կախվելու է ցանկացած ղեկավարի գլխին, քանի որ ցանկացած պահի, ցանկացած աշխատող կարող է տարբեր դրդապատճառներից ելնելով «սարքել» գործատիրոջ գլխին ու ինչպես ասում են «մեռնեմ օրենքին»:

Զավեշտների շարքից է նաև դպրոցներին 100 մետրից մոտ ծխախոտի վաճառքն արգելելը: Իմ խորին համոզմամբ պետք է խստացնել խանութներում անչափահասներին ծխախոտի վաճառքի արգելքը, այլ ոչ թե դպրոցի ու խանութների միջև տարածություններ սահմանել:

Երբ անչափահասը ծխում է, ապա ոչինչ չի խանգարի նրան անցնել 100-ի փոխարեն 120 մետր:

Եթե որևէ մեկը փորձի տրամաբանորեն բացատրել, թե ի՞նչ ազդեցություն է թողնելու այդ 100 մետրը ու ինչո՞վ է նպաստելու անչափահասների չծխելուն, պատրաստ եմ ընդունել, որ սխալվում եմ:

Հասարակական տրանսպորտում ու տաքսի ծառայություն մատուցող մեքենաներում ծխելն արգելելը միանշանակ ողջունելի է, սակայն խիստ անընդունելի, երբ այդ արգելքը տարածվում է նաև անձնական ավտոմեքենաներում ծխելու վրա ու առաջացնում 50 000 դրամ տուգանք:

Դա արդեն մարդու սեփականության իրավունքի կոպտագույն ոտնահարում է: Անձնական ավտոմեքենան մարդու անձնական տարածքն է ու որևէ մեկն իրավունք չունի իր քիթը մտցնել այդտեղ: Ես իմ ավտոմեքենայում իրավունք ունեմ անել այն ամենն, ինչ ցանկանում եմ, եթե դա չի խանգարում հասարակական կարգը կամ չի առաջացնում հասարակական վտանգ:

Եթե որևէ մեկին ծխախոտի հոտը խիստ տհաճ է ու եթե որևէ մեկը ի տարբերություն ինձ, չափազանց շատ է մտահոգվում իր առողջության համար, ապա խնդրեմ, թող չնստի իմ մեքենան:

Ռեստորաններում ու սրճարաններում ծխելու համատարած արգելքը հանգեցնելու է ոչ միայն զբոսաշրջության նվազմանն ու տնտեսվարողների եկամուտների անկմանը, այլ դա նույնպես մարդու իրավունքների ոտնահարում է:

Մարդը գնում է ռեստորան կամ սրճարան ոչ միայն ուտելու համար, այլ դա նաև ժամանցի, առօրյա հոգսերից լիցքաթափման միջոց է: Ցանկացած մարդ յուրովի է պատկերացնում իր ժամանցի ձևն ու տեսակը: Եթե մեկի համար սուրճի հետ խնձոր ուտելը խիստ համադրելի է, մյուսն առանց ծխախոտի այդ սուրճը չի պատկերացնում: Եթե մեկի համար սրճարանը համարվում է հիանալի վայր ընկերուհուն նախորդ օրվա սերիալը պատմելու համար, ապա այն մյուսի համար սրճարանն ուղղակիորեն ասոցացվում է ծխելու հետ:

Նախագիծը պետք է մշակվի այնպես, որպեսի առաջինի դեպքում պաշտպանվի մարդու առողջությունը, երկրորդի դեպքում չոտնահարվի իրավունքները: Իսկ դրա լավագույն տարբերակը ռեստորաններում և սրճարաններում ծխողների և չծխողների սրահներ նախատեսելն է:

Բայց եթե գլխավոր նպատակը մարդկանց տուգանելն է, այլ ոչ ծխելու դեմ իրական պայքարը, ապա այս ամենն ավելորդ է: Ավելի հեշտ կլինի բոլոր ծխողների համար սահմանել ամսական 200 000 դրամ հաստատագրված տուգանք ու ով, որտեղ ուզում է, թող ծխի:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում