Հասարակությունը ի դեմս «Ելք»-ի կտեսնի քաղաքականապես կենսունակ ու արդի ուժ

Հասարակությունը ի դեմս «Ելք»-ի կտեսնի քաղաքականապես կենսունակ ու արդի ուժ

Այն, ինչ անում է «Ելք» դաշինքը ու հատկապես Նիկոլ Փաշինյանը, ամբողջովին տեղավորվում է դասական քաղաքական գործունեության շրջանակներում: Անկախ արդյունքից, անկախ քայլերի արդյունավետության վերաբերյալ մեր պատկերացումներից, «Ելք»-ը այսօրվանից իսկ անում է քայլեր, որոնք հաջորդ ընտրություններում անպայման տալու են իրենց արդյունքը, եթե իհարկե ներկա տեմպը պահպանվի մինչև վերջ:

Իսկ թե ինչով է զբաղված հատկապես արտախորհրդարանական ընդդիմությունը, մեղմ ասած անհասկանալի է: Անհասկանալի է ոչ միայն այն պատճառով, որ կարելի է համարել ոչինչ չեն անում, այլև ընդունելի չեն քննադատության այն նետերը, որոնք ուղղված են խորհրդարանական ընդդիմության գործունեությանը:

Իհարկե կարելի է չմասնակցել առաջարկվող նախաձեռնությանը, ի վերջո ցանկացած քաղաքական միավոր ինքն է որոշում ոչ միայն իր քաղաքական օրակարգը, այլև որևէ գործընթացին մասնակցության չափն ու նպատակահարմարությունը: Սակայն քննադատությունն ու ծաղրը անհասկանալի է ու ապաքաղաքական: Այնպիսի տպավորություն է, որ արտախորհրդարանական ընդդիմությունը հրաժարվում է քաղաքական գործունեություն ծավալելուց, հույսը դնելով ֆոստ-մաժորային իրավիճակների վրա: Իսկ քաղաքական գործունեությունը միայն ընտրություններից մեկ ամիս առաջ ակտիվանալով ու տարվա մեջ մի երկու հարցազրույց տալով չէ:

Նույնիսկ այդ հարցազրույցները մեծամասամբ կախված են լրատվամիջոցների «բարի կամքից»: Եթե լրատվամիջոցները տևական ժամանակ «մոռանան» երբեմնի ակտիվ գործիչներին, ապա մեր ընդդիմության մի զգալի հատվածն առհասարակ կհեռանա քաղաքական դաշտից ու լիովին կմոռացվի հանրության կողմից: Որքան էլ որևէ քաղաքական միավորի կամ որևէ առանձին գործչի դերակատարումը անցյալում մեծ լինի, դա դեռևս պահանջված լինելու գրավական չէ: Հասարակությունը հիշում է միայն նրան, ով գործում է ներկա պահին և ոչ թե նրան ով գործել է ժամանակին կամ պատրաստվում է գործել ապագայում: Ի տարբերություն շատերի, «Ելք» դաշինքը գործում է «հիմա» ու դրանով իսկ փորձում ամրապնդել իր դերն առաջիկայում:

«Ելքը» այսօր անկախ ոմանց գնահատականներից ստեղծում է կամ փորձում է ստեղծել քաղաքական օրակարգ: Առաջիկայում սպասվող նախագահի ընտրություններին փորձում է հաղորդել քաղաքական բովանդակություն ու ապահովել մրցակցություն: Կրկնում եմ անկախ արդյունքներից, դա է քաղաքական պայքարի ու գործունության տրամաբանությունը:

Ամսի 19-ի բողոքի ակցիան գնանկման կամ գնաճի կասեցման մեխանիզմ չէ: Դրանք պետք է կարգավորվեն օրենսդրական փոփոխություններով ու կառավարման պատկան մարմինների միջամտությամբ: Բնականաբար խոսքը սուբյեկտիվ գործոններից բխող գնաճի մասին է:

Բայց այդ երթը կարող է հանդիսանալ լուրջ հակակշիռ, կարտոֆիլ ուտելու, թանկացումները որպես աղքատության վտանգ չդիտարկելու, կամ ցանկությունները զսպելու իշխանության որոշ ներկայացուցիչների կոչերին: Այլ խոսքով, եթե այդ կոչերը միտված են մարդկանց մոտ առկա դժգոհությունները բթացնելու, ապա «Ելք»-ի նախաձեռնությունը կարող է տալ միանգամայն այլ էֆեկտ, ինչն էլ հնարավոր է փութացնի պատկան մարմինների աշխատանքը:

Իհարկե, կարծում եմ սոցիալական բնույթ ունեցող բողոքի երթը, ներկա պահին չի վերածվի քաղաքական լուրջ հավակնություններ ունեցող գործընթացի: Սակայն մի կողմից այն իշխանությունների համար կդառնա որպես ահազանգ, որ կա քաղաքական այն միավորը, ով պատրաստ է ցանկացած պահի դուրս գալ փողոց, չսահմանափակվելով միայն խորհրդարանական պայքարով, մյուս կողմից էլ հասարակությունը ի դեմս «Ելքի» կտեսնի քաղաքականապես կենսունակ, արդի ուժ, ով անհրաժեշտ պահին պատրաստ է դառնալ այլընտրանք թե՛ իշխանությանը և թե՛ ընդդիմությանը միաժամանակ :

Եթե խորհրդարանական մյուս ընդդիմությունը այս հարցում իրեն ապահով է զգում ու կարող է առաջարկել իր սեփական մոտեցումները գնաճի հետ կապված, ապա արտախորհրդարանական ընդդիմության ծաղրանքներն ու քննադատությունը «Ելք»-ի նախաձեռնության առումով, որևէ կերպ արդարացված չեն: Նման պահվածքը աստիճանաբար կարող է այդ քաղաքական միավորներին վերջնականապես մղել լուսանցք:

Մնացած կարծիքները շինծու թե անկեղծ, պայմանավորված թե սեփական նախաձեռնությամբ, ընդդիմադիր թե կեղծ ընդդիմադիր…ընդամենը սուբյեկտիվ գնահատականներ են ու քաղաքական գործոն չեն:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում