Ողբերգությունը վերածել այցելություններ ապահովելու առիթի այնքան էլ բարոյական երևույթ չէ

Ողբերգությունը վերածել այցելություններ ապահովելու առիթի այնքան էլ բարոյական երևույթ չէ

Երկու ոստիկանների կյանք խլած ավտովթարից առ այսօր որոշ լրատվամիջոցների պահվածքը առնվազն ադեկվատ չէ, եթե չասենք տգեղ: Ողբերգությունը վերածել այցելություններ ապահովելու առիթի ու այդ ֆոնին փորձել ներկայանալ խիստ «տեղեկացված», հնարելով իրականության հետ աղերս չունեցող «ինֆորմացիաներ», այնքան էլ բարոյական երևույթ չէ:

Լրատվամիջոցներից մեկը գրել էր, իբր իր ունեցած «տեղեկությունների» համաձայն, ձերբակալված եղբայրներին կալանավայրում թագավորական ընդունելություն է սպասվում, քանի որ օրենքով գողերը հրահանգել են կալանավայրում գտնվող քրեական հեղինակություններին, եղբայրներին ընդունել ըստ արժանվույն, որովհետև իրենց (լրատվամիջոցի) իսկ բառերով քրեական հեղինակությունների համար ավագ Վարդանյանի մեղսակցությունը ճանապարհային երկու ոստիկանների մահվան մեջ առանձնահատուկ վերաբերմունքի կարևոր պատճառ է:

Այլ խոսքով, առանձնահատուկ վերաբերմունքի պատճառ է, որովհետև զոհվածները ոստիկաններ են:

Նախ այս «լուրը» պարզապես էժանագին հորինվածք է ու հետապնդում է սոսկ այցելություններ ապահովելու նպատակ, մի քանի պատճառներով:

Առաջինը այս «լուրի» հեղինակը հավանաբար տեղյակ չէ, որ հիմա խորհրդային բարքերը չեն ու ինչպես ցանկացած որևէ բան այս աշխարհում, քրեական աշխարհը նույնպես ենթարկվել է փոփոխությունների ու ներկայումս միայն քրեական հոդվածը բավարար չէ, այդ աշխարհում «կանաչ ճանապարհ» ունենալու համար:

Երկրորդը, որ զոհվածները ոստիկաններ են, կալանավայրում ձերբակալվածների համար որևէ երաշխիք չի հանդիսանում, հատկապես եթե հաշվի առնենք, որ տեղի ունեցածը «ցելեվոյ» սպանություն չէր հանուն «գողական գաղափարների», «ճշտի» կամ ձերբակալությունից խուսափելու: Դա ավտովթար էր ու ոստիկանների փոխարեն կարող էր լինել ցանկացած մեկ այլ մասնագիտության տեր մարդ, առավել ևս, որ ձերբակալվածը դեպքի վայրից դիմել էր փախուստի, որը սովորական վախի դրսևորում էր:

Բայց այստեղ կարևորն այն չէ, թե իրականությանը համապատասխանում է այդ լուրը, թե ոչ: Կարևորն այն է, թե ի՞նչ ուղերձ է հղում հանրությանը տվյալ լրատվամիջոցը: Կարևորն այն է, թե տվյալ լրատվամիջոցը ձգտում է օրենքի պահպանմա՞նը, թե՞ իրեն ձեռնտու պահին վերածվում է քրեական աշխարհի խոսափողի ու շահերի պաշտպանի: Եթե նույնիսկ ընդունենք, որ այդ լրատվամիջոցն ուներ նման տեղեկություն, ապա որքանո՞վ է այն հրապարակելը բխում հանրության շահերից:

Իմ խորին համոզմամբ լրատվամիջոցի հիմնական դերակատարումը բացի ինֆորմացիա ապահովելուց, պետք է լինի նաև հնարավորինս հասարակությանը զերծ պահել արատավոր երևույթների տիրաժավորումից, նեգատիվի տարածումից, ինչը որոշ ժամանակ անց կարող է էականորեն ազդել հասարակության որոշ խավերի աշխարհահայացքի ձևավորման վրա:

Սակայն երբ որևէ լրատվամիջոց միտումնավոր դառնում է բացասական տրամադրությունների ու մոտեցումների ստեղծող, արատավոր երևույթների տարածող, ապա կարծում եմ նա այլևս իրավունք չունի հաջորդ իսկ օրը աղաղակել անարդարություններից ու անօրինականություններից:

Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում