Արդյո՞ք կա տարբերություն իշխանությունների ու «Ելք»-ի միջև

Արդյո՞ք կա տարբերություն իշխանությունների ու «Ելք»-ի միջև

Այն, ինչ երեկ խորհրդարանում արեց «Ելք» խմբակցությունը, ոչ այլ ինչ էր, քան ապացույց, որ ինքը ոչնչով չի տարբերվում իշխանություններից: Կանոնադրական իրավունքից օգտվելն ու անդադար ընդմիջումներ պահանջելը կարող է արդարացված լինել միայն այն դեպքում, երբ կա հստակ նպատակ, երբ գործողություններում առկա է քաղաքական միտում, երբ կա մոտեցումները ճշտելու կամ սեփական մոտեցումները համոզիչ դարձնելու ու ապացուցելու խնդիր: Սակայն երբ դու դրանից օգտվում ես ինքնանպատակ, այսինքն երբ նպատակդ սոսկ գործընկերներիդ նյարդային վիճակում պահելն է, ապա դու դրանով քարտ բլանշ ես տալիս «հակառակորդներին»՝ հետագայում վարվելու քո հետ այնպես, ինչպես դու ես վարվել:

Թեպետ այդ արտաքուստ թվացող ինքնանպատակ գործողություններում կարող է լինել հետագայում զոհի կարգավիճակում հայտնվելու ու հանրությանը հերթական պոպուլիստական կարգախոսներով «ազգափրկչի» կերպարով ներկայանալու միտում:

Չէ՞ որ երբ փոքրամասնությունը օգտվելով իր կանոնադրական իրավունքից՝ մեծամասնությանը ենթարկում է իր կամայական խաղին, ապա հետագայում այդ նույն մեծամասնությանը շատ ավելի հեշտ է այդ «պստիկ» խմբակցությանը պարզապես որպես պատիժ պարտադրել իր կամքը: Եվ քանի որ մեծամասնության բազմաթիվ ներկայացուցիչներ զրկված լինելով քաղաքական մտածողությունից անպայման կսպասեն պատեհ առիթի՝ պատժելու համար, հենց այդտեղ էլ կներկայանա այն հարմար ժամանակը, երբ ոմանք սրտակեղեք ձայնով կհայտարարեն, որ հալածանքի են ենթարկվում հանուն ժողովրդի շահերի:

Այդ ժամանակ գուցե որևէ մեկը չհիշի, որ այդ «հալածանքն» ընդամենը մեծամասնության «աբարոտկեն» էր, ու ժողովուրդն, իր շահերով հանդերձ, ամենևին կապ չունի դրա հետ: Սակայն սա սոսկ ենթադրություն է ու նպատակը կարող է միանգամայն այլ լինել, եթե, առհասարակ, որևէ նպատակ կար:

Բայց ինչպես ասում են, քաղաքականության մեջ ցանկացած քայլ ընդունելի է, եթե այն հանգեցնում է իր նախօրոք մտածված վերջնակետին: Այնպես որ «Ելք»-ի այդ մոտեցումը կարող է արդարացված լինել իրենց տեսանկյունից: Կար կանոնադրական իրավունքը, իրավական տեսանկյունից ամեն ինչ ճիշտ էր ու մարդիկ արեցին այն, ինչ ցանկանում էին՝ առանց հաշվի առնելու այլոց կամքն ու իրավունքները:

Այդ դեպքում կա՞, արդյոք, որևէ տարբերություն իշխանությունների ու «Ելք»-ի միջև: Իշխանությունները նույնպես օգտվում են օրենքներից, ապահովում են իրավական նորմերն ու անում են այն, ինչ ցանկանում են՝ առանց հաշվի առնելու այլոց, հատկապես՝ ժողովրդի մոտեցումներն ու ցանկությունները:

Ավելորդ է, երևի, նշել, որ երկու դեպքում էլ շեշտվում է, որ ինչ անում ենք, անում ենք հանուն ժողովրդի: Իշխանություններն անտեսում են ժողովրդի կամքը՝ հանուն ժողովրդի: «Ելք»-ը երկրի թիվ մեկ քաղաքական կառույցը վերածում է անիմաստ ժամավաճառության՝ կրկին ելնելով ժողովրդի շահերից՝ մոռանալով, որ այդ ամենին հետևում է նաև հենց նույն ժողովուրդը ու հերթական անգամ իր հիասթափությունն է ապրում մեր քաղաքական համակարգից: Եվ այդ քայլերով «Ելք»-ը շատ ավելի մեծ վնաս է հասցնում ժողովրդի շահերին, քան բուն իշխանությունները, որովհետև իշխանությունների հանդեպ մեր հասարակության վերաբերմունքն ակնհայտ է, իսկ նմանատիպ քայլերով այդ ամենին գումարվում է նաև անվստահությունը ընդդիմության նկատմամբ:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ «Ելք»-ը գործում է ճիշտ այնպես, ինչպես իշխանական մեծամասնությունը: Թեկուզ հիշենք Երևանի քաղաքապետի ընտրությունները, երբ «Ելք»-ը բացահայտ առաջարկում էր 10 000-ական դրամներ երևանցիներին: Տարբերությունն էլ սոսկ ընտրություններից հետո վճարելու պայմանն էր, այսինքն՝ «նիսյայով»:

Բնականաբար այդ առաջարկը «գաղափարապես» փաթեթավորելու համար բերվեցին ինչ-որ պատճառներ, բայց դա հասկանալի է, քանի որ «քյաշ» փողի բացակայության պայմաններում պետք է հորինվի հեքիաթ՝ «ապառիկ» հաղթանակը արդարացնելու համար:

Հետևաբար հարց է առաջանում, եթե վաղը ընտրություններ լինեն, ապա հասարակությունը հանուն ի՞նչ փոփոխությունների պետք է իր ձայնը տա այնպիսի քաղաքական միավորների, որոնց գործունեությունը սոսկ շոու ապահովելն է:

Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում