ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը ներդրողի համար Հայաստանին կտա կրկնակի առավելություն

ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը ներդրողի համար Հայաստանին կտա կրկնակի առավելություն

Ժոնաթան Լաքոտը սեպտեմբերին նշանակվեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան: 45-ամյա դիվանագետը նախկինում զբաղեցրել է Մեծ Բրիտանիայում Ֆրանսիայի դեսպանի խորհրդականի պաշտոնը, աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում, Գերմանիայում, Մոնտենեգրոյում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչություններում: «Արմենպրես»-ը զրուցել է նորանշանակ դեսպանի հետ հայ-ֆրանսիական հարաբերությունների, առաջիկայում ստորագրվելիք Հայաստան-Եվրամիություն ընդլայնված եւ համապարփակ գործընկերության համաձայնագրի, ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի եւ այլ հարցերի վերաբերյալ:

-Պրն դեսպա՛ն, նախեւառաջ կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին: Ինչպե՞ս եք այն գնահատում եւ ի՞նչ կարեւոր շեշտադրումներ կառանձնացնեք:

-Հայ-ֆրանսիական հարաբերություններն առանձնաշնորհյալ են՝ հիմնված դարավոր բարեկամության վրա: Այդ հարաբերության հարստությունը պայմանավորված է մեր երկրների միջեւ եղած կապերի որակով: Երկու երկրների քաղաքական երկխոսությունն արտահայտվում է բարձրագույն ղեկավարների, ինչպես նաեւ խորհրդարանականների, ՏԻՄ ղեկավարների եւ քաղաքացիական հասարակությունների միջեւ տեղի ունեցող երկկողմ այցերով: Ֆրանսիան եւ Հայաստանը վարում են կրթամշակութային շատ սերտ համագործակցություն, որի հիանալի ապացույցներն են Հայաստանում ֆրանսիական համալսարանը եւ ֆրանսիական դպրոցը:

-Անդրադարձաք Հայաստանի եւ Ֆրանսիայի համագործակցությանը քաղաքական ոլորտում: Ի՞նչ կասեք տնտեսական ոլորտի մասին, ի՞նչ ցուցանիշներ կառանձնացնեք, եւ արդյոք երկու կողմերի ներուժը բավարար չափով օգտագործվում է:

-Մեր առեւտրատնտեսական կապերի ամրապնդումն իմ գործունեության գերակայություններից մեկն է: Առաջին պլանի ներդրող լինելով հանդերձ՝ Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանի դեռեւս համեստ առեւտրային գործընկերը: Առկա են խոստումնալից ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան, զբոսաշրջությունը, թվային կամ առողջապահության ճյուղերը, որտեղ մեր երկրները կկարողանային արդյունավետ համագործակցել: Այս իմաստով, կարեւոր զարգացումը, որը կշահագրգռեր ֆրանսիացի ներդրողներին, արտահանողներին առավել ներկա լինել Հայաստանում, ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումն է, որը Հայաստանին թույլ կտա կրկնակի առավելության առաջարկով հանդես գալ ցանկացած պոտենցիալ ներդրողի առջեւ. ԵԱՏՄ շուկայի հասանելիություն եւ դյուրինացված փոխանակումներ Եվրոպական Միության հետ:

-Տնտեսական ոլորտում համագործակցությունն առավել ակտիվացնելու համար ի՞նչ առաջնահերթություններ եք տեսնում: Գործարարների համար ներդրումների հարցում ի՞նչ խնդիրներ կան, ըստ Ձեզ:

-Գործարարների եւ ներդրողների մեծամասնության համար հայկական շուկան առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում, եթե այն կամուրջ է դեպի ԵԱՏՄ եւ Իրան՝ միաժամանակ օգտվելով առեւտրային արտոնյալ պայմաններից Եվրամիության հետ: Հայաստանի հետ առեւտուր անելու կամ այստեղ հաստատվելու համար նրանց անհրաժեշտ են հարկային, մաքսային եւ իրավական հստակ, բոլորի համար անաչառ կանոններ: Ողջունում եմ ՀՀ կառավարության տնտեսական եւ ներդրումների խթանմանն ուղղված բարեփոխումները: Այս իմաստով գործունեությանս գերակայությունն է լինելու հայ-ֆրանսիական ինստիտուցիոնալ համագործակցության ուժեղացումը: Այդ համագործակցությունն արտահայտված է ահա արդեն մեկ տարի Բիզնես Ֆրանսի եւ Զարգացման հայկական հիմնադրամի (ԶՀՀ) համատեղ աշխատանքով` վերջինիս օգնելու զարգացնել օտարերկրյա ներդրումների գրավչությունը Հայաստանում: Այս սերտացումը օգնել է նաեւ դնել առեւտրային կոնկրետ համագործակցության հիմք Հայաստանի եւ ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ, քանի որ Ռոն-Ալպ շրջանի փոքր եւ միջին ձեռնարկությունների գլխավոր խորհրդի շուրջ 15 գործարարներ այս տարվա հոկտեմբերի 2-6-ը ԶՀՀ հրավերով Հայաստանում էին: Գնահատելի է, որ այդ համագործակցությունը կենտրոնացած է ՓՄՁ-ների վրա, որոնք հատկապես կարիք ունեն օժանդակության եւ խորհրդատվության հայկական շուկայի առանձնահատկությունները հասկանալու համար:

-Բավականին ակտիվ համագործակցություն է ընթանում նաեւ մշակութային ոլորտում: Ի՞նչ հիմնական շեշտադրումներով եք դուք պատկերացնում առաջիկա աշխատանքն այս ոլորտում:

-Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ իսկապես աշխույժ է մշակութային համագործակցությունը` ներառելով բազմաթիվ ոլորտներ, օրինակ՝ կինո: Այս առումով դեսպանությունը կշարունակի սատարել ֆրանսիական արտադրանքի ճանաչելիությունը ապահովող միջազգային կինոփառատոններին Հայաստանում՝ «Ոսկե ծիրան», «ՌեԱնիմանիա », «Ռոլան Բիկով»: Ֆրանկոֆոն կինոյի փառատոնը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպանությունների գործակցությամբ, մեծ հաջողություն ունեցավ 2017 թվականին, եւ այն կանցկացվի նաեւ 2018 թվականին: Հաջորդը ֆրանսիական երաժշտության խթանումն է եւ ֆրանսիացի երաժիշտների հետ ծանոթացումն է: Ցանկանում ենք հայկական հեղինակավոր հաստատությունների հետ (Օպերա, Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահ, Հայաստանի երիտասարդական նվագախումբ, Կոմիտասի անվան փառատոն) խթանել նաեւ դասական եւ ժամանակակից երաժշտությունը` ջազ, համաշխարհային երաժշտություն, ինչպես նաեւ համերգներ կազմակերպել մարտ ամսին՝ Ֆրանկոֆոնիայի սեզոնի կամ հունիսին՝ երաժշտության տոնի ընթացքում: Ֆրանկոֆոն մշակույթների եւ ֆրանսերենի խթանումը եւս մեր գերակայություններից է, մանավանդ 2018 թվականին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի տեսլականում: Այս շրջանակում, դեսպանությունը կկազմակեպի մշակութային եւ ֆրանսերեն լեզվի արժեւորմանն ուղղված մի շարք ծրագրեր:

-Ինչպես նշեցիք, 2018-ին թվականին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Նման մեծամասշտաբ միջոցառման անցկացումը Հայաստանում ի՞նչ նշանակություն ունի: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս գագաթնաժողովից:

-Այո, մեկ տարի հետո այս գագաթնաժողովը հյուրընկալելը հրաշալի առիթ կլինի Հայաստանի համար: Հայաստանի անկախացումից ի վեր դա կլինի ամենամեծ իրադարձությունը, քանի որ ակնկալվում է ավելի քան 80 պատվիրակություն կամ ավելի քան 5000 մասնակից: Նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի այդ միջոցառմանը եւ, հաշվի առնելով մեզ միավորող պատմական կապերը՝ հայտնի է, որ Ֆրանսիայի նախագահի այցը միշտ էլ իրադարձություն է Հայաստանում: Դա բացառիկ նպաստավոր առիթ է մեր երկու երկրների հարաբերությունների համար, անգամ եթե ֆրանկոֆոնիան բացառապես միայն Ֆրանսիան չէ, այլեւ աշխարհի հինգ մայրցամաքների 80 երկիր:

-Անդրադառնանք ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի ներկայիս փուլին: Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից մեկն է: Համանախագահները վերջին շրջանում փորձում են ակտիվացնել Հայաստան-Ադրբեջան հանդիպումները, մասնավորապես՝ վերջերս կայացավ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ օրերս համանախագահների եւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը: Ըստ Ձեզ, որքանո՞վ են դրանք արդյունավետ հարցի խաղաղ կարգավորման տեսանկյունից, երբ Ադրբեջանն ակնհայտորեն խոչընդոտում է նախկին ձեռք բերված մի շարք պայմանավորվածությունների իրականացման գործընթացը:

-Ֆրանսիան, Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ, ջանք չի խնայում ԼՂ հակամարտության բանակցված կարգավորման համար, որը երկուստեք շատ վիշտ է պատճառել բազմաթիվ ընտանիքների: Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, եւ հենց խաղաղ լուծումը պետք է գտնվի բանակցային սեղանի շուրջ: Ֆրանսիան ողջունեց այդ հանդիպումները: Տխրությամբ եմ նշում, որ Հայաստանում գտնվելուս մեկ ամսվա ընթացքում շատ հայ զինվորներ են սպանվել շփման գծի վրա: Սա վկայում է այն մասին, որ ԼՂ հակամարտությունը ոչ թե «սառեցված» է, այլ երկու ժողովուրդների համար ողբերգական հետեւանքներ բերող բաց հակամարտություն է: Ֆրանսիան կոչ է անում ինտենսիվացնել բանակցություններն՝ ավելի քան երկու տասնամյակ տեւող այս հակամարտությանը լուծում գտնելու նպատակով:

-Պրն դեսպան, ի՞նչ եք կարծում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին: Խոսեցիք առաջիկայում ստորագրվելիք համաձայնագրի մասին: Ըստ Ձեզ՝ ինչ կտա այն երկկողմ հարաբերություններին: Ստորագրման հավանականությունն ինչպե՞ս եք գնահատում:

-Եվրոպական միությունը շարունակում է մնալ ամենախոշոր վարկատուն Հայաստանում կառավարման, մասնավոր սեկտորի աջակցման եւ հանրային վարչարարության բարեփոխման ոլորտներում: Միջազգային այլ դերակատարների հետ ԵՄ-ն կարող է Հայաստանին օժանդակել ամրապնդելու ցանկացած ժողովրդավարական զարգացման հիմք հանդիսացող քաղաքացիական հասարակության համախմբմանը եւ մարդու իրավունքների վիճակի բարելավմանը: Համաձայնագիրը կսերտացնի Հայաստանին Եվրոպական միության հետ՝ դյուրինացնելով առեւտրատնտեսական հարաբերությունները վերջինիս հետ: Այն կոչված է նաեւ ամրապնդելու համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում՝ մարդու իրավունքների պաշտպանություն, իրավական պետության ուժեղացում, պայքար կոռուպցիայի դեմ, մշակութային շփումների զարգացում եւ քաղաքական երկխոսության խորացում: Համաձայնագրի ստորագրումից հետո, Հայաստանը կլինի Արեւելյան գործընկերության առաջին երկիրը, որը, միաժամանակ անդամակցելով ԵԱՏՄ-ին, նման համաձայնագիր ստորագրած կլինի նաեւ Եվրոպական միության հետ:

-Պրն դեսպա՛ն, ի վերջո, կարճ ժամանակ է, որ Հայաստանում եք, ի՞նչ եք հասցրել տեսնել կամ թեկուզ համտեսել այստեղ: Կպատմե՞ք Ձեր առաջին տպավորությունների մասին:

-Հինգ շաբաթ Հայաստանում գտնվելուց հետո կարող եմ ասել, որ ինձ համար Հայաստանն արդեն իսկ կլանող, հրապուրող երկիր է. թվում է, թե օրերը 50 ժամ ունեն, իսկ շաբաթները՝ 10 օր: Հայաստանը երկիր է, որը մշտարթուն է պահում բոլոր զգայարանները. դա վերաբերում է թե՛ մշակույթին, թե՛ խոհանոցին եւ թե՛ կենսակերպին: Իր մասշտաբով Երեւանը փոքր «քաղաք-աշխարհ» է (եւ սա ասում եմ որպես Լոնդոնից եկած փարիզցի): Այստեղ կհանդիպես բարձր մակարդակի, մի քանի լեզուների տիրապետող, դեպի աշխարհը բաց ակնառու դեմքերի: Բոլոր ասպարեզներում նկատելի է, որ մոտենում ես մի շատ հին քաղաքակրթության, որի արմատներն ընկղմված են երկար եւ հաճախ ողբերգական պատմության մեջ: Նորեկի համար սա չափազանց խթանող է եւ անգամ դեսպանի համար՝ հարգանքի եւ համեստության տեղիք է տալիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում