Մտորումներ չարաբաստիկ օրվա խորհրդի մասին (Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու բացման կապակցությամբ)

2040 թ.: Փետրվար: Հայաստանի ցամաքային բեռնափոխադրումների ճանապարհները կրկին փակվել են, և բեռնատարները կանգ են առել Վրաստանի տարբեր վայրերում` այդպես էլ չկարողանալով հասնել սահմանային անցակետեր: ՀՀ-ում առկա է հատկապես Բավրայի անցակետով բեռների փոխադրման խիստ մեծ պահանջարկ, քանի որ այդ անցակետով են անցնում հյուսիս-հարավ ավտոմայրուղով ՀՀ մտնող և առաջին անհրաժեշտության ապրանքներ ներկրող գրեթե բոլոր բեռնատարները: Այս օրերին նշյալ անցակետով անցնող բոլոր բեռնատարները կանգ են առել ճանապարհի Ախալքալաք- Նինոծմինդա հատվածում, որտեղ նրանց արգելում են առաջ շարժվել նույն այդ հատվածով անցնող Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի ճանապարհային ուղեկալի ներկայացուցիչները: Վերջիններս այդ քայլը չեն մեկնաբանում: Ինչպես տեղեկանում ենք հայ վարորդներից, այս օրերին իրենք մեծապես տուժել են նաև Կարաբեքիր քաղաքի ազգաբնակչության անընդմեջ հարձակումներից, որոնք ոչ միայն թալանել են հայկական ապրանքները, այլև վնասել բեռնատարները:

Հիշեցնենք, որ Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհահատվածի վրա գտնվող Կարաբեքիր քաղաքը հիմնադրվել է շուրջ երկու տասնամյակ առաջ` 2020-ական թթ.: Այն կառուցվել է հիմնականում Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի նշյալ հատվածում գոյություն ունեցող կայարանի շուրջը կատարված թուրք-ադրբեջանական խոշոր ներդրումների հաշվին, ունի բազմաֆունկցիոնալ գործառույթներ: Ազգաբնակչությունը հիմնականում թուրքեր և ադրբեջանցիներ են, որոնց թիվը ներկայումս կազմում է շուրջ 10.000, այդուհանդերձ, ելնելով օրավուր ավելացող ներդրումներից և գործառույթների բազմազանությունից, Կարաբեքիրի ազգաբնակչության թիվը ունի աճման մեծ տեմպեր: Կարաբեքիրում է գտնվում Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի պատմության թանգարանը, որի դիմաց բացվող փոքրիկ հրապարակում, մեկ ընդհանուր պատվանդանի վրա տեղադրված են Քյազիմ Կարաբեքիր փաշայի և Հեյդար Ալիևի արձանները:

ՀՀ Նախագահ Արմեն Աշոտյանն այս օրերին կրկին դիմել է Վրաստանի տրանսպորտի և կապի նախարարի հատուկ հարցերով ներկայացուցիչ Ս. Օրախելաշվիլուն` խնդրելով ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումները և բաց թողնել Կարաբեքիրի ուղեկալում կանգնած հայկական բեռնատարները: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից` Ս. Օրախելաշվիլին նշել է, որ նախարար Գ. Մամուլաձեն խնդրի լուծման նպատակով փորձում է բանակցել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Մուխտար Սուլեյմանօղլուի հետ: Ս. Օրախելաշվիլին նշել է նաև, որ առաջացած խնդիրը կապված է արցախա-ադրբեջանական սահմանին առկա լարվածության մեծացման հետ, և ինչպես Մուխտար Սուլեյմանօղլին, այնպես էլ երկաթուղու շահագործման պատասխանատուները պետք է վստահ լինեն, որ հայկական բեռնատարներով չեն փոխադրվում զինատեսակներ և զինամթերք: ՀՀ Նախագահ Արմեն Աշոտյանն իր հերթին վստահեցրել է,որ ՀՀ-ն զինամթերքի փոխադրման բոլորովին այլ ուղիներ է օգտագործում, իսկ նշյալ ճանապարհը բացառապես կենսական ապրանքների համար է օգտագործվում, այդուհանդերձ, վրաց պաշտոնյան նշել է, որ իրենք ևս խնդիրներ ունեն կապված թուրք-ադրբեջանական նոր պահանջների հետ և առայժմ ավելին անել չեն կարող:

Հիշեցնենք, որ Աջարիան թուրք-վրացական տնտեսական չեզոք գոտու վերածելուց հետո Թուրքիայի և Ադրբեջանի նոր պահանջը վերաբերում է Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի միավորմամբ նոր` Ախիսկա-Բորչալի անվամբ ինքնավար միավորման ստեղծմանը: Թուրք-ադրբեջանական կողմն այդ պահանջը հիմնավորում է նշյալ շրջաններում ադրբեջանաթուրքական քաղաքակրթական ներկայության պահպանման և զարգացման անհրաժեշտությամբ:

Հ.Գ. 2000-ական թթ. Ջավախքի և ՀՀ ապագայի մասին վիրտուալ քննարկումների շրջանակներում շրջանառում էինք իրերի զարգացումների կեսկատակ-կեսլուրջ մի տարբերակ: Այսօրվա (2017 թ. հոկտեմբերի 30) խորհրդի մասին երկար մտորելով` որոշեցի հրապարակման ներկայացնել հիշողությամբ վերականգնված վերոհիշյալ միտքը, որը, ելնելով օրվա զարգացումների տառից և ոգուց, իմ կողմից ենթարկվեց որոշակի խմբագրումների և համալրման:

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում