Ստեղծվում է մի մարմին, որը ստանում է լիազորություններ ամեն պահի քիթը ուղղակիորեն մտցնել յուրաքանչյուր ընտանիք

Ստեղծվում է մի մարմին, որը ստանում է լիազորություններ ամեն պահի քիթը ուղղակիորեն մտցնել յուրաքանչյուր ընտանիք

Այն, որ ինչպես Հայաստանում, այդպես էլ այլուր առկա են ընտանեկան բռնության դեպքեր, որևէ մեկը չի կարող ժխտել ու միանշանակ է, որ պետք է ձեռնարկվեն քայլեր, նմանատիպ դեպքերը հնարավորինս նվազագույնի հասցնելու համար: Սակայն ողջ խնդիրն այն է, արդյո՞ք Հայաստանում այդ դեպքերը հասնում են այն աստիճանի, որ առկա օրենքներում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու փոխարեն, հարկ է նման ծավալի լրացուցիչ օրենք ընդունել: Բացի այդ, արդյո՞ք առաջարկվող օրենսդրական նախագիծը հանդիսանում է այն բաղադրիչը, որը կարող է կանխարգելել ընտանիքում հնարավոր բռնությունը:

Առաջին դեպքում բերվում են կասկածելի աղբյուրներից վերցված ու ոչ հավաստի վիճակագրական տվյալներ Հայաստանում ընտանեկան բռնությունների վերաբերյալ: Որպես հիմնավորում մատնանշվում է, որ վերջին 5 տարիներին տեղի են ունեցել կանանց 30 սպանությունների դեպքեր ամուսինների կողմից: Նախ սպանությունը ոչ թե ընտանեկան բռնության դրևորում է, այլ քրեորեն խիստ պատժելի արարք և բնավ կապ չունի, մարդը սպանել է ի՞ր, թե հարևանի կնոջը ու դա բավարար փաստարկ չէ, ընտանեկան բռնությունների կանխարգելմանն ուղղված նման օրենք ընդունելու համար: Բացի այդ, եթե մարդը ունակ է ու պատրաստ է դիմելու սպանության, ապա նրան այդ քայլից հետ չեն պահի ոչ քրեական օրենսգիրքը, ոչ էլ առավել ևս ընտանեկան բռնությունների դեմ օրենքները:

Բացի այդ այն նախագիծը, որը ներկայացված է իր մի շարք լղոզված, անհասկանալի ու վիճակահարույց դրույթներով, ոչ միայն չեն կարող կանխել ընտանեկան բռնությունները, այլ լիովին ի վիճակի են խաթարել ընտանեկան ջերմությունն ու անդորրությունը: Ամուսինների նկատմամբ առաջացնել անվստահություն ու ծնողին զրկել երեխային դաստիարակելու իրավունքից:

Եթե դու պարտադրված ես լինելու երեխայիդ դաստիարակել ինչ-որ մեկի, կամ ինչ որ խմբի զուտ սուբյեկտիվ ու կասկածելի մտածողության սահմանների ներքո, ապա դու դաստիարակելու ես ոչ թե քո երեխային, այլ գծելու ես ապագայում այն մարդու պատկերը, որը որ ցանկանում են տեսնել տվյալ խմբերը կամ այդ խմբերին ֆինանսավորող ու հովանավորող երկրները:

Բնականաբար գլոբալիզացիոն նման տենդենցների պայմաններում հնարավոր չէ մեկուսանալ ողջ աշխարհից ու չընդունել ժամանակակից չափորոշիչները, սակայն դա չի նշանակում, որ պետք է արմատախիլ անել ազգային արժեքներն ու ավանդույթները, մշակույթն ու ձևավորված պատկերացումները ու ընդունել բացառապես այն, ինչի համար վճարում են:

Գաղտնիք չէ, որ ցանկացած մարդու համար ընտանիքն ու սեփական տունը բնությունից տրված անձեռնամխելի այն ամրոցն է, որտեղ որևէ մեկն իրավունք չունի առանց տանտիրոջ թույլատվության մուտք գործել: Իհարկե բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տան պատերի ներսում տեղի է ունենում հանցանք: Սակայն հանցավոր գործունեությունը պատժվում է քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Իսկ օրենքի սույն նախագիծը մարդուն օտարում է իր իսկ տանից ու ընտանիքից: Ստեղծվում է մի մարմին, որը ստանում է լիազորություններ ամեն պահի քիթը ուղղակիորեն մտցնել յուրաքանչյուր ընտանիք ու այդ ընտանիքի վարքն ու բարքը համապատասխանեցնել այն պատկերացումներին, որոնք կրում է ինքը:

Օրենքի լղոզված հոդվածները, ինչպիսիք են օրինակ « հոգեբանական» կամ «տնտեսական» ճնշումները դամոկլյան սրի պես կախվելու են ցանկացած մարդու գլխին ու մարդը յուրաքանչյուր քայլափոխի կարող է վերածվել «բռնարարի» կամ «զոհի»:
Ընդ որում հատկանշական է նաև այն, որ բնավ պարտադիր չէ, որպեսզի «զոհն» ինքը ահազանգի իր «ճնշվածության» մասին: Բավական է ցանկացած անոնիմ ահազանգ և համապատասխան տեսուչը կկանգնի ձեր հյուրասենյակում կամ նույնիսկ ննջարանում:Իսկ համապատասխան ապաստարանները պատրաստ են իրենց «հյուրընկալ» դռները բացել ձեր ընտանիքի ցանկացած անդամի, այդ թվում և ձեր առաջ:

Բացի այն, որ զարգանում է օրենսդրորեն պաշտպանված «կլաուզնիկների» ինստիտուտը, այլև ստեղծվելիք մարմիններն իր ապաստարաններով հանդերձ օժտվում են կոռուպցիոն գործարքների մեծ լիազորություններով: Չի բացառվում, որ ձեր արարքի «վտանգավորությունը» գնահատվի ձեր առաջարկած գումարի չափով:

Անշուշտ սա չի նշանակում, որ հնարավոր ընտանեկան բռնությունների դեմ քայլեր չպետք է ձեռնարկվեն ու պետք է առաջնորդվել բացառապես մեր ապուպապերի մեթոդներով: Սակայն դրա համար մենք ունենք օրենսդրական բարենպաստ դաշտ, պետական մարմիններ, քրեական օրենսգիրք իր համապատասխան հոդվածներով ու մեր քայլերը պետք է որակում ստանան ոչ թե կասկածելի ծագումնաբանություն ունեցող միավորների սուբյեկտիվ ընկալումներից, այլ մեր արարքին համապատասխան հոդվածներով:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում