Մենք այսօր չունենք այն ընդդիմությունը ով ի վիճակի է հանդիսանալ այլընտրանք իշխող քաղաքական համակարգին

Մենք այսօր չունենք այն ընդդիմությունը ով ի վիճակի է հանդիսանալ այլընտրանք իշխող քաղաքական համակարգին

Շատերի համար քաղաքականությունը բարդ կոմբինացիաների հանրագումար է, սակայն իրականում այն ենթարկվում է մի շատ պարզունակ տրամաբանության:

Ցանկացած կուսակցություն, որն իշխանության է, ձգտում է պահպանել այդ իշխանությունը և հակառակը, այն ուժը, որն ընդդիմություն է ներկայանում, փորձում է գալ իշխանության: Դա շատ նորմալ գործընթաց է, առանց որի քաղաքականություն ու կուսակցություն երևույթները կդադարեն գոյություն ունենալ:

Մի կողմ թողնենք իշխանությունը պահպանելու ձգտումը: Ցանկացած ճանապարհով այն պահպանելը, եթե ամեն ինչ օրենքի շրջանակներում է տեղի ունենում, քննադատության չպետք է ենթարկվի:

Առավել կարևոր է ընդդիմադիր ուժի իշխանության հասնելու ձգտումը քննարկելը, քանի որ նրա հետ են կապված բնակչության ընդդիմադիր հատվածի ձգտումները, ցանկություններն ու իղձերը:

Կա իշխանության գալու երեք տարբերակ: Առաջինն ամենաանցնցումն է, երբ իշխանության ես գալիս ընտրությունների միջոցով: Սակայն կյանքը ցույց է տվել, որ Հայաստանում ոչ միշտ է, որ ընտրություններն արտահայտում են հասարակության իրական մոտեցումները:

Իշխանության գալու մյուս ճանապարհն արդեն ընտրություններից հետո, հանրահավաքների, քաղաքական պայքարի (կրկին օրենքով թույլատրված եղանակներով) արդյունքում գործող իշխանություններին հեռացնելն է և արտահերթ ընտրությունների միջոցով հաղթանակի արձանագրումը:

Վերջապես խորհրդարանական կառավարման մոդելը թույլատրում է առաջնորդվել իշխանափոխության նաև երրորդ ճանապարհով: Դա իրենից կարող է չենթադրել հանրահավաքներ կամ արտահերթ ընտրություններ: Նորմալ, դասական քաղաքական համակարգի պայմաններում, տեսականորեն հնարավոր է ներխորհրդարանական պայքարի արդյունքում փոխել ուժերի հարաբերակցությունը և վերածվել փաստացի իշխանության: Առավել ևս, որ Հայաստանում նման բան արդեն տեղի է ունեցել 1990 թվականին, երբ ՀՀՇ-ին հաջողվեց ժամանակի իշխող կուսակցությունից՝ Կոմկուսից բավարար թվով պատգամավորներ հակել իրենց գաղափարներին և Գերագույն խորհրդում ապահովել հաղթանակ:

Բայց դատելով երկրում գոնե «իրավաբանորեն» ամրագրված ամենամեծ ընդդիմության առաջնորդի այսօրվա հայտարարություններից, կարելի է եզրակացնել, որ հայրենի ընդդիմության մոտ առկա է ցանկություն, իշխանության հասնելու չորրորդ տարբերակով: Այսինքն երբ գործող իշխանությունը մնում է իշխանության, սոսկ դու ես դադարում ընդդիմություն լինելուց, համագործակցելով այդ նույն իշխանությունների հետ տարբեր ձևաչափերով, այդ թվում կոալիցիայի տեսքով: Նման պրակտիկայի պակաս նույնպես Հայաստանը չի զգում (Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան, ՀՅԴ…): Իհարկե այդ քայլին դիմելուց կարելի է բերել բազմաթիվ արդարացումներ, սկսած Արցախյան հիմնահարցից, Հայաստանի անվտանգությունից, վերջացրած տնտեսական ծրագրերի համընկնումները: Նույնիսկ կարելի է ասել, որ իշխանությունն ամբողջովին ստանձնել է իրականացնել մեր ծրագրերը: Բայց դրանից ոչինչ ըստ էության չի փոխվում: Միակ բանը, որ տեղի է ունենում այն է, որ հասարակության ընդդիմադիր հատվածը հերթական անգամ կանգնում է կոտրած տաշտակի առջև:

Այն, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ վարչապետ ընտրելու իրավունքը տրված է ՀՀԿ-ին ու ամեն ինչ բացահայտ կերպով բարդում է ժողովրդի վրա ՀՀԿ-ի ստացած ձայների առումով, առաջինը շատ ուղղակիորեն լեգիտիմացնում է ՀՀԿ-ի ստացած ձայները ու ընտրակեղծիքների մասին խոսակցությունները վերածում զուտ բամբասանքի, երկրորդն էլ փաստացի հայտարարում է, որ իր ղեկավարած քաղաքական թիմը հրաժարվում է քաղաքական պայքարից:

Եթե այդ ամենին գումարենք Ծառուկյանի կողմից հնչեցրած ակնհայտ գովասանքի խոսքերն ուղղված կառավարության ղեկավարի հասցեին ու նաև այն, որ խորհրդարանում թվով երկրորդ ընդդիմադիր ուժը հիմնականում զբաղված է դեմագոգիկ ծրագրեր ներկայացնելով, նախորոք համոզված լինելով այդ ծրագրերի անհեռանկարությանը, ապա կարելի է փաստել, որ ցավոք սրտի մենք այսօր չունենք այն ընդդիմությունը, ով ի զորու է նպաստել խորհրդարանական համակարգի կայունացմանն ու ամրապնդմանը, ով ի վիճակի է հանդիսանալ լուրջ այլընտրանք իշխող քաղաքական համակարգին:

Մինչ այդ առանց քաղաքական մշակույթի ձևավորման, առանց քաղաքական դաշտի կայունացման ու մաքրման դժվար է հուսալ, որ մոտ ապագայում կունենանք կայացած խորհրդարանական կառավարման համակարգ:

Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում