Թբիլիսիից անհետացած ադրբեջանցի լրագրողը հայտնվել է Բաքվում. նրան առևանգել են և գաղտնի տեղափոխել

Վրաստանաբնակ ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող և ակտիվիստ Աֆղան Մուխտարլին, ով նախօրեին անհետացել էր Թբիլիսիում, առևանգվել էր և գաղտի կերպով տեղափոխվել էր Բաքու: Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Աֆղանը ինձ զանգեց և հայտնեց, որ գտնվում է Պետական սահմանապահ ծառայության կենտրոնական բաժանմունքում: Ես հիմա այնտեղ եմ ուղևորվում», – Turan գործակալության հետ զրույցում ասել է լրագրողի փաստաբանը՝ որակելով արդբեջանցի լրագրողի առևանգումն ու գաղտնի տեղափոխումը միջազգային նորմերի խախտում: Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները չպետք է նրան հանձնեին, քանի որ համաձայն միջազգային նորմերի, եթե որևէ մեկին հայրենիքում սպառնում է ազատազրկում, ապա նա ենթակա չէ հանձնման:

Ավելի վաղ ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոց «Мейдан ТВ»-ն հայտնել էր, որ Թբիլիսում անհետացել է լրագրող Աֆղան Մուխտարլին: Լրագրողի կնոջ՝ Լեյլա Մուսթաֆաևայի խոսքով՝ ամուսինն անհետացել էր և չէր պատասխանում զանգերին: Դեպքի կապակցությամբ կինը դիմել էր Վրաստանի իրավապահ մարմիններին: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել էր, որ տվյալ անձի անհետացման կապակցությամբ ամբողջ Վրաստանով սկսվել են որոնողական աշխատանքներ:

Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսում: Ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են, որ նախօրեին ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող կայքերից մեկում հրապարակվել էր մի հոդված, որում ներառվել էին նաև Թբիլիսիում գործող ադրբեջանցի ընդդիմադիրների անունները: Նրանց շարքում էին նաև հայտնի վիրաբույժ Ֆարման Ջեյրանովը, Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Գեզալ Բայրամլին և լրագրող Աֆղան Մուխտարլին: Օրերս ձերաբակալել էին վիրաբույժին ու լրագրողին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում