Լեհաստանի նախագահը հանդիպումներ է անցկացնում Վրաստանում

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Թբիլիսի այցի ժամանակ հայտարարել է, որ երկիրն աջակցում է Վրաստանին ՆԱՏՕ-ին նրա ինտեգրացման ճանապարհին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Դուդան, ինչպես նաեւ նրա տիկինը՝ Ագատա Կոռնհաուսեր-Դուդան, Վրաստան են ժամանել նախօրյակին, հյուրերին դիմավորելու պաշտոնական արարողությունը մայիսի 30-ի առավոտյան տեղի է ունեցել Վրաստանի նախագահի պալատում: Պլանավորված են Լեհաստանի նախագահի հանդիպումները Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի եւ խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ: «Ես համաձայն եմ ՆԱՏՕ-ի այն հայտարարություններին, որ նրա դռները միշտ բաց են: ՆԱՏՕ-ն ագրեսիվ դաշինք չէ, դա հավերժ պաշտպանվող դաշինք է: Վրաստանը մշտապես գտնվում է ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնում, եւ նա դաշինքի կայուն գործընկերն է: Ես ջերմորեն պաշտպանում եմ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը»,- ասել է Դուդան՝ ելույթ ունենալով վրացի պաշտոնակից Գեորգի Մարգվելաշվիլիի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը «դժվարին գործընթաց է»: «Ցանկանում եմ ընդգծել, որ Վրաստանն անպայմանորեն կդառնա դաշինքի անդամ»,-հայտարարել է Լեհաստանի նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում