Վանաձորում հայ-վրացական համագործակցության հետագա խորացմանը թեմայով քննարկում է անցկացվել

Հայ-վրացական դիվանագիտական հարաբերություների հաստատման 25-ամյակի կապակցությամբ քաղաք Վանաձորում տեղի ունեցավ «Կովկասյան Գործընկերության» հերթական նախաձեռնությունը՝ կլոր սեղան-քննարկումը «Հայաստանն ու Վրաստանը 21-րդ դարում. ընդհանուր մարտահրավերներն ու համագործակցության հետագա խորացման հեռանկարները» խորագրով:

Միջոցառման հիմնական նպատակներից մեկը երկու երկրների փորձագիտական և հասարակական հանրության միջև համագործակցության ամրապնդմանը նպաստելն է: Միջոցառումը բացել է «Կովկասյան Գործընկերության» հիմնադիր նախագահ Վրաստանում Հայաստանի 2011-14թթ. դեսպան Հովհաննես Մանուկյանի, ով կարևորել է նման ձևաչափի հարթակի ստեղծումն, ինչը նպաստավոր է հարևան երկրների հարաբերությունների վերաբերյալ անկաշկանդ երկխոսություն իրականացնելու համար: Հովհաննես Մանուկյանի խոսքով երկու պետությունների հարաբերություններին առնչվող խնդիրներ գրեթե չկան, որոնք այսօր լուծելի չեն որևէ մակարդակում: Սակայն ժամանակակից մարտահրավերները այսօր բավականին շատ են և երկխոսությունը մեր հարևանների հետ պետք է լինի մշտական, որպեսզի կարողանանք միասին կարգավորել տարածաշրջանում առկա խնդիրները: Կոնֆերանսի առաջին հատվածում՝ «Հայաստան-Վրաստան քաղաքացիական հասարակություն» խորագրի ներքո ելույթ ունեցավ Ժողովրդավարության զարգացման կենտրոնի տնօրեն Վլադիմիր Բոժաձեն, ով ներկայացրել է Վրաստանում քաղհասարակության ձևավորման նախապատմությունը, նպաստավոր և խոչընդոտող հանգամանքներն, արդի վիճակն ու զարգացման հնարավոր նախադրյալները: Այս համատեքստում նա կարևորել է Վրաստանում բնակվող տարբեր ազգությունների հետ համագործակցության անհրաժեշտությունը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը ներկայացրեց հայ-վրացական հարաբերություններում հասարակության կառույցների համագործակցության եւ դրա դերի վերաբերյալ: «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ղեկավար Աշոտ Մելիքյանը հանդես եկավ Հայաստանում զանգվածային լրատվամիջոցների զարգացման փուլերի և ներկայում առկա իրավիճակի վերաբերյալ զեկույցով: Թբիլիսիում ԱԼԻՔ մեդիայի հիմնադիր Արսեն Խառատյանն էլ անդրադարձավ Վրաստանում քաղաքացիական հասարակության կարգավիճակի, Վրաստանում հայկական համայնքի և դրա լուսաբանման, Հայաստանում ԶԼՄ-ների ներկա վիճակի ու զարգացման ուղիների և հայ-վրացական համագործակցության զարգացման գործում քաղաքացիական հասարակության կարևորության խնդիրներին: «Բազմազգ Վրաստան» շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանն էլ խոսեց քաղաքացիական հասարակության կարևոր դերից՝ որպես պետությանը սթափեցնող և հանրային հուզումներն առաջնորդող գործիքի՝ ՝նշելով երկու երկրների հարաբերություններում մինչ օրս առկա պատմական կնճռոտ հարցերի հանգուցալուծման կարևորության մասին: «Եզդիների տուն» կազմակերպության տնօրեն Ագիտ Միրզոևը նշեց, որ քանի որ բարիդրացիական հարաբերությունները կարևոր են երկու կողմերի համար էլ, պիտի մի կողմին հուզող տարածաշրջանային որևէ կոնֆլիկտի վերաբերյալ մյուս կողմ էլ փորձի լուծումներ առաջարկել, քանի որ անտարբերություն ցուցաբերելով խնդիրը կարող է հասնել ավելի լայն մասշտաբների:

Վրաստանում տարածաշրջանային անվտանգության Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկին խոսեց վրաց-աբխազական հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի դերի մասին և ընդգծեց, որ տարածաշրջանային բոլոր հակամարտությունների կարգավորման հարցում շատ կարևոր է նաև երրորդ երկրների ներգրավվածությունը: «Հայաստանն ու Վրաստանը 21-րդ դարում. ընդհանուր սպառնալիքները և համագործակցության հետագա ամրապնդման հեռանկարները» կլոր սեղանի ընթացքում փորձագետները խոսեցին նաև կրոնական գործոնի և տարածաշրջանային քաղաքականության, հայ-վրացական հարաբերությունների ներկա վիճակի և հեռանկարների մասին: Վրաստանի «Խաղաղության հիմնադրամի» նախագահ Գիորգի Թումասյանի խոսքով՝ չնայած որ հայ-վրացական հարաբերությունները ու համագործակցությունը դարերի վաղեմություն ունեն, բայց 2 պետությունների հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են և նոր փուլ են մտնում հատկապես վերջին տարիներին: Անկախ նրանից, որ տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու հարցում Հայաստանն ու Վրաստանը ունեն տարբեր մոտեցումներ,այնուամենայնիվ պաշտոնական Երևանի և Թբիլիսիի համագործակցությունը տարածաշրջանի ան վտանգության հարցում ապահովում են Հարավային Կովկասի կայունությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում