Վրաստանի նախագահը բանակցություններ Է վարել Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սեյֆուլահ Հաջիմյուֆթյուօղլին Թբիլիսիում քննարկել են համագործակցության հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված Է պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: 

Հանդիպմանը ներկա էին Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռաքվիաշվիլին, Վրաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Գեորգի Աբաշիշվիլին: Խոսակցությունը վերաբերել է երկրների միջեւ համագործակցության խորացմանը, Սեւծովյան տարածաշրջանում կայունության ամրապնդմանը, ինչպես նաեւ պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում երկրների երկկողմ համագործակցությանը:

«Մենք խոսեցինք եռակողմ հանդիպումների՝ Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի անվտանգության խորհուրդների համատեղ հուշագրի մասին: Քննարկեցինք համագործակցության Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ ձեւաչափը ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսության եւ էներգետիկայի ոլորտում: Կարծում ենք, որ այս տարի տեղի կունենա Վրաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը»,-հանդիպումից հետո ասել է Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռաքվիաշվիլին:

Վրաստանի նախագահը թուրքական կողմին շնորհակալություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:

Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղարը Վրաստան է ժամանել իր վրացի պաշտոնակցի հրավերով: Եռօրյա այցի շրջանակներում պլանավորված են օտարերկրյա հյուրի հանդիպումները Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիայի, Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Դոնդուայի, Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Դավիթ Սուջաշվիլիի, Պետական անվտանգության եւ ճգնաժամերի կառավարման խորհրդի քարտուղար Մինդիա Ջանելիձեի, ինչպես նաեւ ոչ կառավարական այն կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնք աշխատում են անվտանգության բնագավառում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում