Ընտրություններն արտացոլեցին ոմանց իրական արժեքը

Քաղաքականությունը ոչ միայն կամ ավելի շատ՝ ոչ թե տեսությունների, զարգացումների, մոտեցումների ձևավորում և վերլուծություն է, այլ՝ հստակ քայլեր, գործողություններ, որոնք հանգեցնում են արդյունքի: Տեսություններով ու վերլուծություններով զբաղվում են քաղաքագետները, իսկ քաղաքական գործիչներից առավելապես ակնկալվում է գործունեության վերջնաարդյունք:

Հանրահավաքներին խոսքի արվեստին քիչ թե շատ տիրապետող մարդը կարող է ելույթ ունենալ, կարող է որոշակի հասարակական կարծիք ձևավորել, սակայն, այնուամենայնիվ, քաղաքական միավորի ու քաղաքական գործչի արդյունավետության լավագույն ինդիկատորը ընտրություններն են: Ընտրությունների միջոցով են քաղաքացիներն իրենց գնահատականը տալիս գործչին: Որքան էլ մամուլը, քաղաքական դաշտն այս կամ այն մարդուն ընկալի որպես համապետական մասշտաբի գործիչ, որքան էլ մամուլն ու քաղաքական դաշտը որևէ մեկին հասցնի երկինք կամ իջեցնի ճահիճ, դա դեռ չի նշանակում, որ հասարակական գնահատականի արտացոլումն է:

Բացի դրանից, քաղաքականությունը լինելով որոշ առումով «անշնորհակալ զբաղմունք», չի ճանաչում նախկին հեղինակություններ: Կյանքի զարգացման ներկա տեմպերի պայմաններում ոչ մեկին չի հետաքրքրում՝ ով ես դու եղել ժամանակին ու ինչ ես արել: Բոլորին հետաքրքրում է, թե ով ես դու հենց այս պահին ու ինչ ես անում:

Շատերը թյուրիմացաբար ենթադրելով, որ իրենք անփոխարինելի են, խոչընդոտելով սերնդափոխության բնականոն ընթացքը, պատի պես կանգնելով հաջորդների առջև, արդյունքում տեսնում են հանրության իրական գնահատականը:

Այս ընտրությունները պարզ ցույց տվեցին մի շարք գործիչների այն «արժեքը», որին ոմանք գուցե ոչ այնքան արդարացիորեն, ոմանք էլ արդարացիորեն արժանացել են:

Որևէ ցանկություն չունեմ մարդկանց «վերքերը» փորփրելու, բայց ամեն դեպքում կարիք կա մի քանի անուններ նշելու, որպեսզի այս ամենը չդառնա վիրտուալ ու ինքնանպատակ շարադրանք:

Արամ Զավենի Սարգսյանը, լինելով ՀՀ վարչապետ, համապետական գործչի համարում ունենալով ու երկար տարիներ ընդդիմության առաջնորդներից մեկը լինելով, ընտրությունների ժամանակ ստացել է անհավանական ցածր քվե՝ ընդամենը 520 ձայն: Իմ սուբյեկտիվ պատկերացմամբ, սա մի փոքր անարդար է Արամ Սարգսյանի հանդեպ, բայց ամեն դեպքում դա է իրականությունը: Ամբողջ երկու մարզերից՝ Սյունիք և Վայոց Ձոր, ընդամենը 520 մարդ է պատկերացրել Արամ Զավենիչին խորհրդարանում: Որքան էլ անձամբ ինձ համար ցավալի լինի այս պատկերը, բայց փաստ է:

Հաջորդը նույնպես նախկին վարչապետ է ու նույնպես արդեն «ստաժավոր» ընդդիմադիր: Սակայն ի տարբերություն Արամ Սարգսյանի, նա երբեք ընդդիմադիր հատվածի իրական առաջնորդ, բառիս բուն իմաստով, չի եղել. այդ անձը Հրանտ Բագրատյանն է:

Ճիշտ է ըստ պարոն Բագրատյանի, հենց ինքը պետք է լիներ ընդդիմության միակ ու բացառիկ առաջնորդը: Հենց ինքը պետք է լիներ ոչ միայն ընդդիմության, այլ նույնիսկ իշխանությունների պատկերացրած վարչապետի թեկնածուն, բայց ավաղ իշխանությունները առհասարակ, իսկ ընդդիմության միայն մի փոքրիկ հատված կիսեցին այդ մոտեցումը:

Բացի դրանից, կարծես հասարակությունն էլ այդքան հակված չէր պարոն Բագրատյանի համախոհը լինելուն: Որքան էլ, ըստ պարոն Բագրատյանի, հայաստանյան ողջ հասարակությունը (մազ է մնում ասվի աշխարհասփյուռ հայությունը) իր կյանքով, ինչքով, գոյությամբ ու զարգացմամբ, անցյալի իմաստավորմամբ ու ապագայի արժևորմամբ պարտական լինի իրեն, բայց փաստ է, որ այդ տեսակետի կրողներն են ընդամենը 1346 մարդ:

Հաջորդը ում կարելի է անդրադառնալ՝ Արամ Մանուկյանն է: Պարոն Մանուկյանը կարդալով անկախության հռչակագիրը ու մի պահ ասոցացվելով առաջին Հանրապետության Արամ Մանուկյանի հետ, երևակայեց, որ հենց ինքն է նորանկախ Հանրապետության կերտողը:

Մտածեց, որ բոլորը պետք է իրեն դիտարկեն եթե ոչ առաջինը (անկախության հայրը Պարույր Հայրիկյանն է, ինչպես լիբերալիզմի հայրն էր Հրանտ Բագրատյանը), ապա առաջիններից մեկը անկախության հայրերի շարքում: Մտածեց ու…արդյունքում 1128 ձայն:

Խոստովանենք, որ ժամանակին նման և ավելի ձայներով Երևանում ընտրվում էին համայնքի ավագանի: Եթե ավագանու թեկնածուի համար դա հաղթական արդյունք է, ապա նման «մասշտաբի» գործչի համար քաղաքական ավարտ:

Լևոն Զուրաբյան՝ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ժառանգորդն ու առաջատար ֆավորիտը, Տեր-Պետրոսյանից հետո ՀԱԿ-ում ամենաազդեցիկը: Բացառիկ պրագմատիկն ու հանուն նպատակի ոչնչի առջև կանգ չառնողը, ապացուցեց, որ իր քաղաքական կշիռն ավելի բարձր է, քան նույն ուժը ներկայացնող ու ՀՀ «հիմնադիր» հանդիսացող Արամ Մանուկյանինը: Եվ դա իրոք այդպես է, քանի որ ի տարբերություն Մանուկյանի, Լևոնը ստացավ ոչ ավել ոչ պակաս՝ 1401 քվե:

Իհարկե այդքան ձայները բավական չէին խորհրդարան անցնելու համար, բայց փոխարենը հաղթեց Արամ Մանուկյանին:

Ստյոպա Սաֆարյանին սպասվում է դառը հիասթափություն: Նա այս անգամ էլ չանցավ խորհրդարան, բայց ենթադրում եմ հիասթափության պատճառը չանցնելը չէր (ենթադրությունս հօգուտ իրեն է, եթե իհարկե չեմ սխալվում):

Որքան էլ մարդը ձգտում էր հենց հիմա, առանց մի պահ հապաղելու, անմիջապես ՀՀ-ն դուրս բերել ԵԱՏՄ-ից, մարդիկ հավանաբար ավելի հանդարտ քայլերի կողմնակից լինելու պատճառով, կասեցրին այս գլխապտույտ արագությունը: Ընդամենը 702 հոգի կողմնակից եղան այդ մարաթոնյան վազքին, մնացածը չկիսելով պարոն Սաֆարյանի տեմպը, նախընտրեցին ոտքները կախ գցել:

Անդրիաս Ղուկասյան․ անկեղծ ասած դժվար է պարոն Ղուկասյանի մասին գրելը, քանի որ որևէ մեկը հստակ չգիտի, թե այդ մարդն ինչպե՞ս հայտնվեց քաղաքական երկնակամարում, ե՞րբ հայտնվեց, ո՞նց հայտնվեց, ու՞մ դրդմամբ հայտնվեց, սակայն փաստը մնում է այն, որ մենք մի օր ունեցանք Նախագահի պաշտոնին հավակնող նման թեկնածու:

Առանց քաղաքական հասցեի, առանց քաղաքական կենսագրության, ներկայի ու ամենայն հավանականությամբ նաև առանց քաղաքական ապագայի ՀՀ Նախագահի նախկին թեկնածուն հավաքեց ընդամենը 594 ձայն:

Քաղաքական տրամաբանությունն ու քաղաքական գրագիտությունը հուշում է, որ երբ մարդը լինում է Նախագահի թեկնածու, ապա պետք է ունենա հետևորդների այնպիսի բանակ, որ նախագահ չնտրվելու դեպքում, ինչը բացարձակ քաղաքական տապալում չէ, քանի որ բարեբախտաբար թե դժբախտաբար այդ պաշտոնից միայն մեկ հատ կա, գոնե ընտրվի ԱԺ պատգամավոր: Սակայն 594 ձայնը բավարար չէ նույնիսկ մեծ գյուղում ավագանի ընտրվելու համար:

Իսկ ինչ վերաբերում է Վաղինակ Շուշանյանին, ով չլինելով քաղաքական գործիչ ամեն դեպքում հավակնում էր դառնալ քաղաքացիական ակտիվիստ, կարծիք ձևավորող, «ինքնաբուխ» շարժումների առաջնորդ…խոսքերը հավանաբար ավելորդ են։ Ընդամենը 59 ձայն:

Խորհրդային ժամանակներում յուրաքանչյուր շենք ընտրում էր իր լիազորը։ Լիազոր ընտրվեու համար նման քանակության ձայներ հավաքելը կարող էր ջախջախիչ հաղթանակ համարվեր մրցակիցների հանդեպ: Բայց անցել են խորհրդային ժամանակներն ու անցել են շենքերի լիազորների ընտրությունները:

Ինչևէ, որքան էլ ցավալի լինի, բայց պետք է փաստել մեկ բան: Եթե Վաղինակ Շուշանյանի դեպքում դեռ ամեն ինչ առջևում է, քանի որ նա տակավին երիտասարդ է, մնացածի պարագայում հավանաբար արժե հետևություններ անել, արդյո՞ք իրենք վայելում են այն քաղաքական կշիռն ու ազդեցությունը, որը իրենց վերագրվում է մամուլի ու ողջ քաղաքական դաշտի կողմից: Չէ, որ հասարակությունն է վերջնական գնահատական տվողը:

Ի դեպ Անդրիաս Ղուկասյանը կարող է հետևություններ չանել: Պարզապես իմաստ չկա։

Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում