Ես գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցած ապրիլին

Եվ քանի որ դա այդպես է, ապա գիտեմ նաև, թե ինչ կանեք այս անգամ։

Իհարկե, կարող եք նաև հակաճառել՝ ասելով, թե մենք ինչ-որ գյուղացիներ չենք, բանվորներ կամ զինվորներ, այլ մտավորականներ, մտքի իշխանավորներ, ուղեղային կառույցներ, ստեղծագործ անձինք, մտավոր աշխատանքի անհատներ. ինչպե՞ս կարելի է կանխատեսել մեզ պես վառ և ոչ օրդինար անհատների վարվելակերպը։

Բայց կանխատեսելու բան էլ չկա՝ 90-ականների լիբերալ ամբոխ, 60-ականների խոհանոցային դիսիդենտներ, 40-ականների թիկունքայիններ և այլն։ Ոչ խելք, ոչ անհատականություններ և ոչ էլ (Աստված ոչ արասցե) աշխատանք։ Ոչնչով չմռայլված, տաք ակվարիումում մշտական կերով ապրելու կյանքի բնազդային քաղց (այդ այն է, երբ ամբողջ աշխարհը պարտական է քեզ լողաթևիդ գույները ցուցադրելու համար)։

Մեկ բան միայն չեմ կարող հասկանալ՝ ինչպե՞ս է պարտավորությունների հանդեպ իրավունքի գերակայության ախտը ներխուժել մեր աշխատասեր ազգի մեջ։

Մեր երիտասարդության պատերազմին գնացել է մեկ պոետ՝ երիտասարդներից լավագույնը։ Մասնակցել է Մալիբեկլուի կրակակետերի ոչնչացման գործողությանը, հետո գրել զրահ ծակող մի պատմություն՝ «Ինքնաձիգ N…»: Եվ վերջ։ Եվ դրա համար ես նրան ոչ թե «շնորհակալություն» կհայտնեմ, այլ կասեմ. «լավ է, որ այդ մեկ ամիսը դու ապրեցիր մեզ հետ»։

Մայրենի լեզվի մաքրության մնացած ջատագովները, անկախության պայքարողներն ու էգալիտէ, լիբերտէ և ֆրատերնիտէ առաջամարտիկները հանգրվանեցին նախարարություններում, ԶԼՄ-ներում և տարատեսակ հիմնադրամներում։ Պատերազմն ինքնակամ անցավ միայն գրականագետը, որին «ազգի խղճի» թիկունքայինները մեղադրեցին ԿԳԲ-ի հետ համագործակցության մեջ։

Չնայած բողոքելն էլ է մեղք։ Եթե Սիմոնովի, Գումիլյովի, Գիլքռօոսկիի, Տոլստոյի և Լերմոնտովի ավանդույթներն ունեցող հարյուր քառասուն միլիոնանոց գերտերությունը դոնբասյան պատերազմին կարողացել է միայն Պրիլեպինին ուղարկել, ապա երեք միլիոնանոցից պահանջելն էլ անհարմար է։

Եվ ահա այս ապրիլին դուք կբողոքեք ընդդեմ…, կբարբառեք հօգուտ…, փողոց դուրս կգաք… Իսկ ձեր կարողությունը՝ հերթապահ հոդվածներն ու տաղտկալի հարցազրույցներն են այն մասին, որ ընտրություններն այն չեն, ճիշտ ժամանակին չեն և սխալ են, կոռուպցիան խեցդում է, արտաքին և ներքին քաղաքականությունն անտանելի է, ապագա չկա։ Մի խոսքով՝ հարատև ոռնոց հստակ լսելի մեկ ուղերձով՝ «մի բան արե՛ք»։ Ենթադրվում է, որ նրանք կլինեն լավ հագած և բուրող ուղղափառներ՝ չկաշառվող և բարձր բարոյականությամբ (դե իհարկե Արևմուտքից)։ Նրանք և՛ պատերազմի հարցը կլուծեն արդարզիջումային-անշահախնդիր մեթոդներով, և՛ տնտեսությունը կբարձրացնեն, և՛ հասարակությունը կառողջացնեն։ Իսկ ամենակարևորը՝ համեղ կեր կտան ակվարիումի վոլտերներին և հերցեններին։ Որոշակի այլընտրանք առաջարկելու առքելությամբ հանդես կգան նաև առողջացնող «հարավային քամիների» կողմնակիցները։ Ճիշտ է, այնտեղ կոստյումն ու օծանելիքն ավելի խղճուկ են, բայց հոգևոր բաղադրիչն է ավելի շատ։

Բայց ակվարիումի պատերից դուրս ամեն ինչ այլ է։ Միանգամայն այլ է։ Ստիպված ես աշխատել, չարչարվել, քրտնել, փորել, կառուցել, կրակել, ստեղծագործել։ Եվ այդ իրական մարդիկ հանգիստ են. նրանք սովոր են հույսները դնել սեփական ուժերի վրա և չեն սպասում ողորմածության կամ վերևից տրված բարիքի։

Եվ ահա, շուտով կգա հերթական ապրիլը։

Կարելի է թոթափել պատասխանատվությունը, ձեռք բերել ողջ քաղաքակիրթ աշխարհի համակրանքն ու դաշնակից գերտերությունների հնարավոր բոլոր պարտավորեցնող փաստաթղթերը և ստանալ 1915-ի ապրիլը։

Իսկ կարելի է նաև բախվել նույն այդ քաղաքակիրթ աշխարհի բացարձակ անտարբերությանն ու ռազմավարական դաշնակցի հրաշալի անջատման, բայց լինել սեփական ճակատագրի տերն ու կազմակերպել 2016-ի ապրիլ։
Մենք պետք է որոշենք, թե ինչպիսին կլինի այս ապրիլը։

Արսեն ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում