Խորհրդարանական ընտրություններ 2017. Թիվ 3 ընտրատարածքում գաղափարների և ֆինանսների բախում

Թիվ 3 ընտրատարածքը, որը ներառում է Երևանի Մալաթի-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները, իրենից ներկայացնում է հետաքրքիր գունապատկեր: Տարբեր քաղաքական ուժերի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների պայքարում կարելի է տեսնել գաղափարի և գաղափարազուրկի հակամարտություն, գումարի և ծրագրերի բախում, երկու ազգականների «ուս ուսի տված» ընտրարշավ, երիտասարդ գործիչների քաղաքական մուտք և անհասկանալի մղումով մանդատին կառչած մնալու ցանկությամբ տոգորված մարդկանց մենամարտ:

Փորձենք տարբեր քաղաքական ուժերի կողմից ներկայացված թեկնածուներից առանձնացնել նրանց, ովքեր հստակ ակտիվություն են ցուցաբերել քաղաքական-հասարակական կյանքում և համեմատաբար մյուսներին՝ առավել հայտնի են հանրության, եթե ոչ լայն, ապա որոշակի հատվածներին: Առանձնացնենք նաև նրանց, ովքեր հայտնի են գրեթե ողջ հանրությանը, սակայն նրանց համար քաղաքական-հասարակական կյանք կոչվածը էականորեն տարբերվում է ընդունված նորմերից և տեղավորվում է սոսկ սեփական բիզնես գործունեության շրջանակներում:

Կարդացեք նաև՝ Խորհրդարանական ընտրություններ 2017. Անառողջ մթնոլորտ թիվ 1 ընտրատարածքում

«Ելք» դաշինքի կողմից այստեղ առաջադրվածներից, թերևս կարելի է նշել Արայիկ Հարությունյանին և Արարատ Միրզոյանին: Երկուսն էլ երիտասարդ քաղաքական գործիչներ են, ովքեր անշուշտ ունեն հեռանկար և ունեն որակներ, որոնք կարող են նոր լիցք և դրական թարմություն հաղորդել խորհրդարանին: Սակայն ցավոք չունեն դեռևս այն քաղաքական կենսագրությունը, որը կարող է լուրջ մրցակցություն ապահովել այնպիսի ընտրապայքարում ու այնպիսի ընտրատարածքում, որտեղ մի խիստ սուբյեկտիվ պատճառով, որին կանդրադառնանք փոքր ինչ ուշ, ծրագրեր և գաղափարախոսություն կոչվածը մեծամասամբ վերացական արտահայտություններ են, որոշ անձանց դեպքում էլ անհասկանալի բառեր:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից հանրության լայն խավերին հայտնի է, թերևս Անահիտ Բախշյանը, մարդ, ով ունի ոչ միայն քաղաքական կենսագրություն, այլև մարդկային նկարագիր, որը պետք է նրան առավելություն հաղորդեր ընտրապայքարի ժամանակ: Սակայն տիկին Բախշյանը նույնպես չի կարող հավակնել առավելագույն ձայն ստացողների շարքին դասվելուն, որքան էլ դա ցավալի լինի:

«ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի կողմից միակ թեկնածուն, ով ժամանակին լուրջ ազդեցություն ուներ նշված ընտրատարածքում ու հատկապես Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Հակոբ Հակոբյանն է (Լեդի Հակոբը): Մշտապես փորձել ենք զերծ մնալ մականուններ նշելուց, բայց հաշվի առնելով, որ հայաստանյան քաղաքական դաշտում առկա է Հակոբ հակոբյանների բազմաշատություն, ընթերցողին թյուրիմացության մեջ չգցելու համար ստիպված ենք շեշտել տվյալ Հակոբ Հակոբյանի տարբերությունը մյուսներից:

Այն, որ Հակոբ Հակոբյանը ունի անցած ճանապարհի լուրջ հետագիծ ու հայրենիքին մատուցած անուրանալի ծառայություններ, փաստ է: Սակայն հաշվի առնելով, որ նա ներկայացնում է մի քաղաքական ուժ, որի վարկանիշը ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, ողջ նախընտրական շրջանում անշեղորեն նվազում է, ապա պարոն Հակոբյանը ստիպված կլինի այս անգամ ևս չլինել խորհրդարանում: Բացի այդ փոքր ինչ տարօրինակ է պարոն Հակոբյանին տեսնել վերը նշված դաշինքում: 1998 թվականին Հակոբ Հակոբյանը լինելով ազատամարտիկ ու իր կյանքը վտանգի ենթարկելով յուրաքանչյուր թիզ հողի համար, դեմ գնած Լևոն Տեր-Պետրոսյանին, հանդիսացավ իշխանափոխությանը նպաստողներից մեկը, իսկ այժմ պաշտպանում է նույն Տեր-Պետրոսյանին, ով բոլոր նրանց, ովքեր դեմ են հողերի զիջմանը, համարում է դավաճան:

Կարդացեք նաև՝ Խորհրդարանական ընտրություններ 2017. Տվեք Ռազմիկին լծակ ու հավանաբար մենք երանի կտանք Լյովային

Բարդ է «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներ Հեղինե Բիշարյանի և յուր ազգական Լևոն Դոխոյանի պարագան: Վերջինիս միակ գաղափարախոսությունն ու ծրագիրը իր ազգականն է, նույն ինքը՝ Հեղինե Բիշարյանը: Իսկ Հեղինե Բիշարյանի նախընտրական ծրագրերն էլ ամփոփված եմ սեփական կուսակցության մասին բացասական արտահայտվողների աչքերը հանելու ցանկությամբ: Բարեբախտաբար այս ցանկությունը դժվար իրագործելի է կյանքում, հակառակ դեպքում մեր հանրության ճնշող մեծամասնությունը կույր կլիներ, քանի որ դժվար է հանդիպել մեկին, ով նշված ուժի վերաբերյալ դրական կարտահայտվի:

Կորյուն Նահապետյան

Ինչպես գրեթե բոլոր ընտրատարածքներում, այստեղ նույնպես հիմնական պայքարը տեղի է ունենալու ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի միջև:

Երկու ուժերից էլ ներկայացված են մարդիկ, որոնց դեպքում հիմնական շեշտադրումները լինելու են ծրագրային և գաղափարական մոտեցումները և երկու ուժերից էլ կան մեկական թեկնածուներ, որոնց միակ հենարանը ֆինանսներն են:

Ավելորդ է նշել, որ ֆինանսական «գաղափարակիրներն են» լինելու ՀՀԿ-ից Սամվել Ալեքսանյանը, «Ծառուկյան» դաշինքից՝ Հարություն Ղարագյոզյանը:

Իհարկե այս զույգից հաղթող կճանաչվի Սամվել Ալեքսանյանը, քանի որ նա ոչ միայն առավել զորեղ է իր ֆինանսական կարողություններով, «մարտի նետվելու» պատրաստ մարդկանց ահռելի բանակով, «Ալեքսանյան բարերար» բացականչող կանանց «մատյան գնդով», այլև արդեն շատ վաղուց Մալաթիա-Սեբաստիա համայնքը համարում է իր ժառանգական կալվածքները և որպես «տոհմիկ ազնվական» սեփական կալվածքներից մշտապես մանդատ կստանա մինչ ապագայում հնարավոր շնորհազրկումը: Սա էլ, թերևս պարոն Ալեքսանյանի «Նժդեհյան գաղափարախոսությունն» է և «քաղաքական» ծրագրային դրույթները:

Իսկ այս երկու ուժերի միջև պայքարին քաղաքական, ծրագրային, գաղափարախոսական երանգ կարող են հաղորդել ՀՀԿ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը և Արայիկ Հովհաննիսյանը, «Ծառուկյան» դաշինքից պատգամավորի թեկնածու՝ Արշակ Արշակյանը:

Առաջին երկուսին ներկայացնելու առանձնապես կարիք չկա: Երկուսն էլ ծավալել են բավականաչափ ակտիվ քաղաքական, օրենսդրական գործունեություն և երկուսին էլ կարելի է դասել այն պատգամավորների շարքին, ովքեր իրոք ունեն քաղաքական մտածելակերպ:

Արշակ Արշակյան

Իսկ «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Արշակ Արշակյանը բացի նրանից, որ ժամանակին զենքը ձեռքին պաշտպանել է ՀՀ և Արցախի սահմանները՝ խոսքը վերածելով գործի, ներկայումս նույնպես ակտիվորեն զբաղվում է գործով, որը կրկին ծառայելու է հայրենիքին: Կարդալով Արշակյանի ծրագրերը, կարելի է համոզվել, որ հայտ ներկայացնելով ԱԺ պատգամավոր ընտրվելու, միաժամանակ հստակորեն ներկայացնում է Հայաստանի զարգացման իր տեսլականը, քաղաքական ծրագրերը, որոնցում առկա են իրատեսական քայլերի մի ամբողջ համալիր շարք, ծրագրերը իրականություն դարձնելու համար:

Ասվածի վառ ապացույցն է այն, որ հետևելով թեկնածուների քարոզարշավին, միանշանակ կարելի է փաստել, որ Արշակ Արշակյանի հանդիպումները ընտրողների հետ գնալով դառնում են բազմամարդ, քանի որ ընտրողները հստակ տեսնում են մոտեցումներ, որոնց կյանքի կոչվելը դրական փոփոխությունների կարող է հանգեցնել: Այլ խոսքով հանձինս Արշակ Արշակյանի ընտրողի մոտ առաջացել է հույս, որ կունենան այն պատգամավորին, որն ընտրվելուց հետո կշարունակի իրենց խնդիրները մշտապես պահել ուշադրության կենտրոնում:

Կարծում եմ սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ նշված ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրված թեկնածուներից, առավելագույն ձայները կստանա Արշակ Արշակյանը:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում