Գնահատել ինչ-որ մեկի կամ ինչ-որ ուժի շանսը կարող է միայն ընտրողը. Հարություն Կարապողոսյան

 Այս անգամ մեր հարցերին կպատասխանի ԱԺ պատգամավորի անկուսակցական թեկնածու Հարություն Կարապողոսյանը, որը առաջադրված է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով

-Այս ընտրատարածքում ենթադրվում է բուռն պայքար` վեց հավակնորդ մեկ մանդատի համար: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները։

Չեմ ցանկանում գնահատականներ տալ կամ կանխատեսումներ անել: Վստահ եմ՝ անկախ նրանից, թե ինչ քանակի թեկնածուներ են ներկայացված, ընտրողը կկատարի ճիշտ ընտրություն, կտա իր քվեն նրան, ում վստահում է և հավատում:

-Ինչո՞վ են տարբերվում քարոզարշավի Ձեր հանդիպումները մրցակից թեկնածուներից, եթե տարբերվում են։

Առանձնահատուկ կերպով չեմ հետևել մյուսների քարոզարշավին՝ զբաղվածության պատճառով, սակայն, ինչ վերաբերում է իմ քարոզարշավին, ապա պետք է ասեմ, որ հանդիպումները քաղաքացիների, ընտրողների հետ անցնում են շատ ջերմ ու անմիջական մթնոլորտում: Շփվում ենք բազմաթիվ մարդկանց հետ, լսում նրանց առաջարկները, բարձրաձայնվող խնդիրները, ամեն հանդիպման ընթացքում պարտադիր կերպով ընթանում է հարց ու պատասխան, անմիջական զրույցներ, ելույթներ՝ հենց ընտրողների կողմից: Հատուկ ոչինչ չի արվում տարբերվելու կամ առանձնանալու համար, սակայն նախընտրական քարոզարշավի հենց սկզբից շեշտը դրվել է ընտրողների հետ անմիջական և անկաշկանդ շփման վրա:

-Կարելի է ասել իշխանական թևից եք։ Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության շանսերը։

Գնահատել ինչ-որ մեկի կամ ինչ-որ ուժի շանսը կարող է միայն ընտրողը: Կրկնվելով՝ նշեմ, որ որոշողը ընտրողն է, և թե ում վերջինս կտա իր ձայնը, պարզ կլինի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո:

-Ըստ Ձեզ, ինչու՞ մարդիկ վստահություն չունեն թեկնածուների նկատմամբ, ի՞նչ կառաջարկեք բնակչությանը՝ ընտրվելու դեպքում։

Վստահության խնդիրը պայմանավորված է նախընտրական խոստումների, երդումների, կոչերի տարափով, երբ նախընտրական շրջանում ի հայտ են գալիս նոր ուժեր, և այս ամենի մեջ կողմնորոշվելը, իհարկե, բարդ է ընտրողի համար: Սակայն նորից եմ շեշտում, որ ի վերջո ընտրողը կայացնելու է իր ճիշտ որոշումը:

Հարցի երկրորդ մասին պատասխանելով՝ կասեմ, որ Ազգային ժողով անցնելը կամ չանցնելը երբեք չի կարող խոչընդոտ հանդիսանալ մարդկանց, իմ քաղաքացիներին, իմ ժողովրդին օգնելու և ամեն կերպ աջակցելու համար: Ես կշարունակեմ նույն կերպ ամեն պահի այն մարդկանց կողքին լինել, ովքեր ունեն դրա կարիքը: Իսկ ընտրվելու դեպքում կստանամ լրացուցիչ հնարավորություն այս անգամ արդեն բարձր հարթակից բարձրաձայնելու և լուծումներ գտնելու մեր ընտրղների խնդիրների համար:

-Առաջադրված եք ՀՀԿ ռեյտինգային ցուցակով։ Ինչո՞վ է պայմանավորված կուսակցության ընտրությունը։

Բազմիցս արդեն նշել եմ, որ անկուսակցական եմ, և երբ եղավ առաջարկ՝ հանդես գալու ՀՀԿ ռեյտինգային ցուցակով, ես մտածեցի դրա շուրջ, եղան քննարկումներ, հանդիպումներ, ինչի արդյունքում որոշեցի ընդունել առաջարկը: Այս պարագայում առաջնայինը եղել է քաղաքական գաղափարների, հայացքների որոշակի ընդհանրությունը, հատվող կետերը, այն քաղաքական հրամայականները, որոնք առկա են և՛ կուսակցության ներկայացրած ծրագրում, և՛ իմ սեփական հայացքներում ու դիրքորոշումներում:

-Հնարավո՞ր է, որ ԱԺ մտնելուն պես շատ քաղաքական գործիչների պես դուք էլ դառնաք Հանրապետական կուսակցության անդամ։

Առջևում ընտրություններ են, և ներկա պահին ամենակարևորն այս գործընթացի բարեհաջող ընթացքն ու հանգուցալուծումն է: Պատգամավոր ընտրվելու դեպքում իմ առաջնային նպատակն ի նպաստ ժողովրդի օրեսնդրական գործունեություն ծավալելն ու իմ ողջ ներուժն այդ նպատակով օգտագործելն է: Թե ինչ կլինի հետագայում, միայն ժամանակը ցույց կտա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում