Եթե մեկին թագավոր են կոչում իր բնակավայրում, դա դեռ չի նշանակում, որ իրոք մոտեցել ենք միջնադարին

Օրերս, ընտրողների հետ հանդիպման ժամանակ, Արամ Զավենի Սարգսյանը կասկած էր հայտնել Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր լինելու վերաբերյալ և որպես ասածի հիմնավորում մատնանշել էր վերջինիս երկրի ամենահարուստ մարդը լինելու հանգամանքը:

Արամ Սարգսյանի ասածի հետ տրամաբանորեն կարելի է համաձայնվել, քանի որ մենք դժբախտաբար չենք ապրում կայուն ժողովրդավարություն ունեցող և քաղաքացիական ամուր հասարակության վրա հիմնված իրավական պետությունում:

Որքան էլ ցանկություններն ու ձգտումները մեծ լինեն առաջընթաց գրանցելու ու մոտենալու վերը նշված արժեհամակարգով առաջնորդվող երկրներին, որքան էլ արդեն իսկ արձանագրված լինեն որոշակի հաջողություններ, այնուամենայնիվ հարկ է փաստել, որ դեռևս խոցելի են այն խոշոր գործարարները, ովքեր կփորձեն դեմ գնալ իշխանություններին, էլ չեմ խոսում իշխանափոխության կոչեր հնչեցնելու և իրական վտանգ ներկայացնելու պարագայում:

Արամ Սարգսյանի այս կասկածին անմիջապես հետևեց Նաիրա Զոհրաբյանի կոպիտ արձագանքը, որ շուտով իրենք կիրականացնեն իշխանափոխություն և քաղաքական դաշտից կհեռանան ոչ միայն իշխանությունները, այլև իրենց հաճախորդները՝ Արամ Զավենի Սարգսյանի գլխավորությամբ:

Եթե Արամ Սարգսյանի ասածի հետ տրամաբանորեն կարելի էր համաձայնվել, ապա Նաիրա Զոհրաբյանի ասածը սոսկ նախընտրական հռետորաբանություն է և ոչինչ ավելին: Նույնիսկ ցավալի է, երբ իշխանության են փորձում գալ նման մտածողությամբ մարդիկ: Դա նշանակում է, որ բոլոր նրանք, ովքեր չեն կիսում Գագիկ Ծառուկյանի մոտեցումները, կամ միտված չեն հավատալու նրան, ապա սպասարկում են իշխանության շահերը կամ հանդիսանում են նրանց հաճախորդները:

Դա քաղաքական դաշտն ու հասարակությունը սև և սպիտակի բաժանելու հայտ է, իսկ նա ով հասարակությունը բաժանում է երկու մասի, միանշանակ պարտվում է: Նման մոտեցումը այլակարծության և ժողովրդավարական արժեհամակարգի մերժում է: Այլ խոսքով՝ նա ով մեր հետ չէ, նա մեր դեմ է, կարգախոսի կիրառումն է, այլ բառապաշարով:

Եթե որևէ անձի թագավոր են կոչում իր բնակավայրում, դա դեռ չի նշանակում, որ իրոք մենք մոտեցել ենք միջնադարին, որտեղ թագավորը Աստծո փոխանորդն էր երկրի վրա և, որի քայլերը քննարկման ենթակա չեն:

Ցանկացած քաղաքական ուժ, ով իր գործունեությունը խարսխում է կուռքերի վրա, ապա որքան էլ այդ ուժի ծրագրերում ամրագրված լինեն ամպագորգոռ ծրագրային դրույթներ, այն իր էությամբ բռնապետական է:

Պատմությանը հայտին են բազմաթիվ դեպքեր, երբ միանգամայն ժողովրդավարական ճանապարհով իշխանության են եկել բռնապետներ: Ի վերջո ժողովրդավարությունը միայն ընտրական մեխանիզմը չէ: Ժողովրդավարությունն առաջին հերթին պետք է խարսխված լինի ազատ մտածողության վրա: Եթե որևէ քաղաքական ուժի մոտ բացակայում է ազատ մտածողությունը, այլակարծության հանդուրժումը, մրցակիցների նկատմամբ հարգանքն ու հարկ եղած դեպքում ներողամտության դրսևորումը, մեծահոգությունն ու համամարդկային այլ արժեքները, ապա նման ուժի իշխանության գալը նույնիսկ ամենաժողովրդավարական ճանապարհով, կարող է հանգեցնել ոչ դրական արդյունքների:

Պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ առանց ազատության ու սոսկ ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած անձիք, երկիրը վերածեցին քաոսի: Վերջապես մեկ արդար ընտրությունը կարող է լինել ոչ թե ժողովրդավարության հաղթանակ, այլ համաժողովրդական պոռթկում ու ընդվզում:

Հեռուն չգնալու համար կարելի է որպես օրինակ բերել մեր երկու հարևաններին.

1990-ականներին Վրաստանում ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած Գամսախուրդիան երկիրը հասցրեց քաղաքացիական պատերազմի: Ադրբեջանում նույնպես ժողովուրդը ընտրեց Մութալիբովին, որը տապալվեց կարճ ժամանակ անց ու մինչ օրս Ադրբեջանը չի կարողանում ազատագրվել բռնապետական համակարգից:

Այլ խոսքով, եթե չկա հստակ որդեգրած արժեհամակարգ, եթե յուրաքանչյուրի գիտակցության մեջ չկա ամրագրված ազատություն, ապա միայն ընտրությունները բավարար չեն ժողովրդավարության հասնելու համար: Ի վերջո ընտրություններում կարելի է հաղթել նաև բացահայտ պոպուլիզմով, դեմագոգիայով և տարատեսակ բարեգործություններով:

Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում