Խորհրդարանական ընտրություններ 2017. Թիվ 5 ընտրատարածքում նախընտրում են բռունցքներն ու դանակը

Խորհրդարանական ընտրություններ 2017. Թիվ 5 ընտրատարածքում նախընտրում են բռունցքներն ու դանակը

Թիվ 5 ընտրատարածքը, որը ներառում է Արարատի մարզը, հավանաբար հավակնում է լինել ամենաաղմկահարույց ընտրատարածքներից մեկը:

Թե ռեյտինգային ընտրակարգով առաջադրվածները ի՞նչպիսի որակ են հաղորդելու Ազգային Ժողովին ընտրվելու դեպքում, դա այլ հարց է, առավել ևս, որ թեկնածուներից ոմանք ներկա պահին հանդիսանում են պատգամավորներ ու անկեղծ ասած, դժվար նկատելի լինի նրանց բացակայությունը խորհրդարանից, ինչպես նկատելի չէ ներկայությունը: Սակայն, որ այստեղ բռունցքը հանդիսանում է քաղաքական պայքարի գործիքաշարի բաղկացուցիչներից մեկը, կարծես փաստ է:

Ընդ որում այդ բռունցքները գործի են դրվում ոչ միայն մրցակիցների, այլև թիմակիցների միջև պայքարում: Բայց հաշվի առնելով, որ այս մարզում արդեն գրանցվել է նախընտրական հողի վրա դանակահարության դեպք, ենթադրելի է, որ բռունցքը բավականին առաջադիմական ու քաղաքակիրթ պայքարի տպավորություն կարող է թողնել:

Կարդացեք նաև՝ Խորհրդարանական ընտրություններ 2017. Երկու մարզ, մեկ ընտրատարածք

Առաջադրված թեկնածուների մեջ կան մի շարք համայնքապետեր, ովքեր հավակնում են անցնել խորհրդարան: Թեպետ նրանցից որևէ մեկը չի անցնի ԱԺ, բայց այնուամենայնիվ հարկ է հիշեցնել, որ նույնիսկ հայտ ներկայացնելը պետք է ունենա որոշակի հիմքեր: Եթե մարդը մշտապես վերընտրվում է համայնքի ղեկավարի պաշտոնում, դա դեռ չի նշանակում, որ արդարացված է նրա պաշտոնավարումը: Դա սոսկ ապացույցն է այն բանի, որ Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուտը կայացած չէ: Շատերի կողմից գյուղապետի «մշտական» ձեռք բերելը ընդամենը «ես էս գյուղի տղա եմ» կարգախոսի արդյունքն է: Այն, որ այստեղ համայնքապետերի մի ստվար զանգված որպես ղեկավար ձախողված են իրենց պաշտոններում, դա է ապացուցում համայնքներում տիրող խավարն ու անանցանելի ցեխը:

 

Բայց ինչևէ, քանի որ ոչ բոլոր ցանկություններն են կյանքում վերածվում իրականության, շրջանցելով գյուղապետերին, փորձեցինք առանձնացնել այն թեկնածուներին, ովքեր համեմատաբար մյուսներին, ունեն հնարավորություններ շատ ավելի ձայներ ապահովելու: Թե ի՞նչ միջոցներով են այդ ձայները հավաքվելու, դա բոլորս գիտենք, որպես ՀՀ քաղաքացիներ: Բայց որ այդ ձայները կլինեն, միանշանակ է:

Կարդացեք նաև՝ Խորհրդարանական ընտրություններ 2017. Անառողջ մթնոլորտ թիվ 1 ընտրատարածքում

Մինչև այդ բացառիկ «երջանիկներին» անցնելը, արժե նշել, որ այս մարզի թեկնածուների կազմում է «ՕՐՕ» դաշինքի կողմից առաջադրված Տիգրան Կարապետյանը, այլ խոսքով՝ Տիգրան Կարապետիչը: Բնականաբար, վաղուց անցել են ժամանակները, երբ Կարապետիչը «երջանկահիշատակ» ԱԼՄ հեռուստաընկերությամբ «ադամանդներ», «աստղիկներ» ու տարբեր կենցաղային իրեր բաժանելով, փորձում էր իր համար որոշակի ընտրազանգված հավաքել: Այժմ չկա ԱԼՄ-ն, չկա և ընտրազանգվածը: Ուստի Տիգրան Կարապետիչը միակ բանը, որ կարող է անել, քարոզարշավն իր մասնակցությամբ հետաքրքիր դարձնելն է:

Իսկ ահա մարզի «մոհիկաններն են» Ծառուկյան դաշինքի կողմից առաջադրված Արգամ Աբրահամյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդին, ՀՀԿ-ից առաջադրված Ալիկ Սարգսյանը, Արայիկ Գրիգորյանն ու Մուրադ Մուրադյանը: 

Մուրադ Մուրադյան

Վերջին երկուսը ներկա պահին հանդիսանում են ԱԺ պատգամավորներ ու ամենայն հավանականությամբ ենթադրելով, որ ահռելի օգուտ են տվել ժողովրդին ու պետությանն իրենց օրենսդիր գործունեությամբ, ջանք ու եռանդ չխնայելով ձգտում են ներկայացված լինել նաև գալիք խորհրդարանում: Անկոտրում պայքարի մոլուցքը մի պահ մոռացության էր մատնել թիմակիցներ լինելու հանգամանքը ու միայն երկրի Նախագահի կողմից խիստ նկատողություն ստանալը նրանց վերադարձրեց թիմային պայքարին ու համագործակցությանը:

Սակայն այդ համագործակցությանը նպաստում է մեկ այլ հանգամանք ևս: Դա Արգամ Աբրահամյանի թեկնածությունն է, ավելի շուտ Հովիկ Աբրահամյանի ներկայությունն այդ մարզում: 

Գաղտնիք չէ, որ երկար տարիներ Հովիկ Աբրահամյանը Արարատի մարզը համարել է իր սեփականությունը ու փորձում է այն ժառանգական իրավունքներով փոխանցել որդուն: Սակայն ներկայումս փոխվել են ոչ միայն խաղի կանոնները, այլև փոխվել է մարդկանց կարգավիճակն ու ազդեցության հնարավորությունները:

Կյանքը ցույց է տվել, որ Հայաստանում այն, ինչ կարողանում ես անել պաշտոնավարմանդ տարիներին, նույնն անում են քեզ հետ, երբ կորցնում ես այդ պաշտոնը:

Արգամ Աբրահամյան

Եթե Արգամ Աբրահամյանն իրոք ընդդիմադիր է դարձել ու իրոք ներկայացնում է ընդդիմադիր դաշինք, ինչպես այդ դաշինքն է ներկայացվում մեզ՝ ընտրողներիս, ապա շատ շուտով Արգամը, կամ ավելի ճիշտ Հովիկ Աբրահամյանն իր մաշկի վրա կզգա իր իսկ կողմից հիմնադրած բազմաթիվ ընտրական տեխնոլոգիաների կիրառումը:

Այսպես, թե այնպես, հենց այս 4 թեկնածուներն են ստանալու թիվ 5 ընտրատարածքի առավելագույն ձայները: Իսկ թե ի՞նչ եղանակով են քաղաքականությունից բավականին հեռու գտնվողները հաղթում քաղաքական պայքարում, գաղտնիք չէ ոչ մեկի համար:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում