Վրաստանը սպառազինությունից հանել է Սու-25 գրոհային ինքնաթիռները

Վրացական բանակը հրաժարվում է Սու-25 գրոհային ինքնաթիռների հետագա շահագործումից, օդից աջակցության միջոցների զարգացման բնագավառում շեշտը կդրվի անօդաչուների վրա: Ինչպես գրել է «Գրուզիա Online» ռեսուրսը, «Արսենալի» հանդեսում հրապարակված հարցազրույցում այս մասին հայտարարել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբայան: 

Նրա խոսքով՝ որոշումը մեծապես պայմանավորված Է պահեստամասերի ձեռքբերման հետ կապված բարդությամբ: «Այս ինքնաթիռների համար համալրող մասերի գլխավոր շուկան Ռուսաստանն Է, այսինքն՝ դրանք ձեռք բերելու հնարավորություն չկա»,– նշել է Չաչիբայան:

Այս իրավիճակում, նշել է նա, Վրաստանի մարտական օդուժի զարգացման գործում շեշտը հարկավոր է դնել հետախուզման եւ հարվածային խնդիրների համար նախատեսված անօդաչու համակարգերի, ինչպես նաեւ մարտական ուղղաթիռների վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում