Եվրամիության խորհուրդը հաստատեց Վրաստանի համար այցագրերի չեղարկումը

Եվրամիության խորհուրդը Էներգետիկայի եւ տրանսպորտի նախարարների մակարդակով փետրվարի 27-ին պաշտպանել է այցագրային ռեժիմի չեղարկումը Վրաստանի քաղաքացիների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտնել է Facebook-ի իր էջում: «Եվրամիության խորհուրդը հաստատել է այն կարգավորման փոփոխումը, որը նախատեսում է անայցագիր ռեժիմի սահմանում Վրաստանի քաղաքացիների համար»,-գրել է Կվիրիկաշվիլին:

Սա վերջին փուլերից մեկն է Եվրամիության կողմից Շենգենյան գոտու երկրներ Վրաստանի քաղաքացիների կարճաժամկետ ուղեւորությունների համար անայցագիր ռեժիմի գործարկման ճանապարհին: Սահմանված ընթացակարգերի համաձայն, համապատասխան օրենսդրական փոփոխությունները պետք է Եվրամիության պաշտոնական հանդեսում հրապարակվեն այն բանից հետո, երբ դրանք կստորագրեն Եվրախորհրդարանի նախագահը, ինչպես նաեւ Եվրամիության խորհրդի նախագահող երկրի ներկայացուցիչը (Մալթա): Փաստաթղթի ստորագրումը պլանավորվում Է մարտի 1-ին: Կարգավորումն ուժի մեջ կմտնի հրապարակումից հետո 21-րդ օրը: Կարգավորման ուժի մեջ մտնելուց հետո Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց այցագրերի Շենգենյա գոտու երկրներում գտնվել 90-ից մինչեւ 180 օր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում