Վրաստանի նախագահը գնահատել է Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպումը պետք է մանրակրկիտ նախապատրաստվի պետական բոլոր գերատեսչությունների ներգրավմամբ, սակայն «ռեալ օրակարգը դեռեւս չի հասել այդ փուլին», տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

ՌԴ նախագահ Պուտինի հետ Վրաստանի առաջին դեմքերի հանդիպման տեսական հնարավորության մասին Թբիլիսիում քանիցս հայտարարում են արդեն մի քանի տարի: Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները եւ նախագահ Մարգվելաշվիլին բազմացս նշել են, որ պատրաստ են մասնակցել Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը, բայց դրա համար մանրակրկիտ նախապատրաստություն է պահանջվում, դա չպետք է լինի «հանդիպում հանուն հանդիպման» եւ պետք է կայանա գոյություն ունեցող խնդիրները լուծելու համար:

«Միշտ էլ հարկավոր է օգտագործել բանակցությունների սեղանը: Իհարկե, հանդիպումը պետք է նախապատրաստված լինի, եւ դրա համար պետք է աշխատեն եւ ակտիվորեն ներգրավված լինեն բոլոր գերատեսչությունները»,-ասել է Մարգվելաշվիլին «Իբերիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ վրացական կողմը պետք է կենտրոնանա հանդիպման անցկացման վրա, բայց բանակցությունների ընթացքում խոսակցությունը պետք է վերաբերի երկրի համար Էական խնդիրների լուծմանը:

«Ռեալ օրակարգը դեռեւս չի հասել այն փուլին, երբ մենք Ռուսաստանի նախագահի հետ միասին կարողանայինք անձամբ հանդիպել իրական խնդիրները լուծելու համար»,-հավելել է նախագահը:

2008 թվականի օգոստոսին Վրաստանը խզել է ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները ի պատասխան Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման: Սակայն Վրաստանի նոր կառավարության ներկայացուցիչները, որոնք իշխանության են եկել 2012 թվականի հոկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում, Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը համարել են արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում