Տիգրան Օհանյանի հստակ ձեռագիրը և՛ իր տաղանդի, և՛ աշխատանքի արդյունքն է

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը երիտասարդ օպերային երգիչ Տիգրան Օհանյանին պատվոգիր է հանձնել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` նախարարը տենորի ղեկավար Լևոն Ջավադյանին շնորհել է նախարարության ոսկե մեդալ:

«Կուլտուրա» հեռուստաալիքի «Մեծ օպերա» միջազգային հեռուստամրցույթում Հայաստանը շուրջ երկու ամիս ներկայացնում էր հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակակիր, «Երիտասարդական օպերային ծրագրի» մասնակից Տիգրան Օհանյանը: Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին 2016-ի դեկտեմբերի 26-ին՝ Մոսկվայի Մեծ թատրոնում: Հեղինակավոր միջազգային ժյուրիի որոշմամբ, հայազգի երիտասարդ տենորն արժանացավ պատվավոր 1-ին մրցանակին: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքում մրցույթում հաղթող ճանաչվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Քսենյա Նեստերենկոն:

«Մրցույթի բոլոր մասնակիցներն ընկերներ դարձան, կարելի է ասել՝ դա մի մեծ ընտանիք էր, որում հրաշալի մթնոլորտ էր տիրում: Մասնակցել եմ բազմաթիվ մրցույթների և շնորհակալ եմ եղել անգամ այն դեպքում, երբ դուրս եմ մնացել, որովհետև դա ինձ համար աշխատելու ավելի հզոր շարժառիթ է դարձել»,- ՀՀ մշակույթի նախարարից պատվոգիրը ստանալուց հետո ասաց երիտասարդ տենորը և հավելեց, որ երբեմն արվեստագետը, որը ժամանակից շուտ է հաջողության հասնում, մտածում է՝ վե՛րջ, այլևս աշխատելու կարիք չունեմ:

Չնայած միջազգային հարթակներում ունեցած հաջողությունների` Օհանյանն իր աշխատանքային մշտական հասցեն Երևանի օպերային թատրոնն է համարում:

Իր սանի հաջողությունների մասին Տիգրանի ղեկավարը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրի» ղեկավար Լևոն Ջավադյանը, ասաց.

«Տիգրանի մոտ երգեցողության լավ հիմք է դրել նրա դասախոսը՝ լուսահոգի Ռաֆայել Հակոբյանցը: Որպես Գեղամ Գրիգորյանի գործի շարունակող՝ ես փորձում եմ օգնել երիտասարդներին, այդ թվում և Տիգրանին, որպեսզի Հայաստանի օպերային թատրոնն ունենա ամենաբարձր մակարդակ ունեցող պրոֆեսիոնալ թիմ: Երիտասարդներն այսօր միանգամայն այլ մտածելակերպ ունեն, որովհետև, ի տարբերություն խորհրդային տարիների, շփումները շատ են, սովորելու, կատարելագործվելու հնարավորություններն՝ անսպառ: Տիգրանը հստակ ձեռագիր ունի, որը և՛ իր տաղանդի, և՛ աշխատանքի արդյունքն է»,-ընդգծեց Ջավադյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում