ՍԱՊԾ նորանշանակ պետը պաշտոնների է նշանակում ոչ մասնագետների

Աղմուկը ՍԱՊԾ նորանշանակ պետի կադրային քաղաքականության վերաբերյալ կարծես չի դադարում: Այսօր կրկին մամուլում շրջանառվեց, որ ՍԱՊԾ պետը մարդկանց է նշանակում պաշտոնների, ովքեր չունեն համապատասխան մասնագիտական կրթություն: Times.am-ը զրուցեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարակ լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի նախկին տեղակալ Գեորգի Ավետիսյանի հետ:

Պարոն Ավետիսյան, մամուլում այսօր հայտնվեց տեղեկատվություն, որ ՍԱՊԾ նորանշանակ պետը պաշտոնների է նշանակում ոչ մասնագետների: Սա Ձեր` աշխատանքից հեռանալու պատմության շարունակությունը, համարու՞մ եք, թե` ոչ։

Եթե անկեղծ, ինձ համար տեղեկատվությունը անակնկալ չէր, քանի որ լաբորատորիայի հաստիքները հայեցողական պաշտոններ են, առողջ տրամաբանությունը ենթադրում է, որ լաբորատոր փորձ պետք է անի լաբորատոր մասնագետը և քանի որ կար մի քանի կառավարչական հաստիք (չնայած որ փորձը ցույց է տվել, որ այստեղ նույնպես պահանջվում են նեղ ոլորտային մասնագիտական որակներ) արվեց հնարավորինս, որպեսզի թե տնօրենի, թե փոխտնօրենների հաստիքներըը համալրվեն ոչ մասնագետներով: Սա այն դեպքում, երբ հաստիքացուցակով կար նաև ադմինիստրատիվ հարցերը կարգավորող աշխատակազմի ղեկավարի հաստիքը, որը միակն էր, ով ոլորտային մասնագետ չէր։

Քաղծառայության ոլորտում սեփական թիմին նշանակելը այդքան էլ հեշտ չէ, քանի որ կա համապատասխան ստաժի մասնագիտական կրթության պահանջներ: Այդ պահանջները կազմվել են ոչ թե մեկ մարդու թիմին հարմարեցվելով, այլ` ելնելով համակարգի օպտիմալ զարգացման հեռանկարից: Բնականաբար, նորանշանակ պետի` ոլորտի հետ կապ չունեցող թիմը չէր համապատասխանելու այդ անձնագրերին։ Վերջիններիս աշխատանքի տեղավորելու հարցում ինչ-որ բան պետք էր մտածել, ինչն էլ արվել է։

Հավելեմ միայն, որ սա որևէ լավ բանի, ցավոք տանել չի կարող։ Արդեն երեկ ծառայության տարեվերջյան, հաշվետու ասուլիսից պարզ դարձավ, որ ծառայության ղեկավար, պատասխանատու կազմում չկա մեկը, ով պատկերացնում է համակարգը ամբողջությամբ` ըստ ուղղությունների, այդ իսկ պատճառով ասուլիսի էին գնացել 3 ներկայացուցչով, որոնք հիմանական ղեկավար կազմը չեն։ Ու եթե այս տեմպերով շարունակվի, հավանաբար հաջորդ տարի ասուլիս հրավիրեն մարզահամերգային համալիրում, որ գոնե 200 հոգով կարողանան տեղավորվել և պատասխանել լրագրողների հարցերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում