Ոչ ոք չի կարող Հայաստանին պարտադրել չօգտագործել իր ունեցած զինատեսակը. քաղաքագետը՝ «Իսկանդերի» մասին

Ոչ ոք չի կարող Հայաստանին պարտադրել չօգտագործել իր ունեցած զինատեսակը. քաղաքագետը՝ «Իսկանդերի» մասին

Դեկտեմբերի 16-ին Բաքվում տեղի է ունեցել Ռուսաստանի փոխվարչապետ, ռազմարդյունաբերական ոլորտը համակարգող Դմիտրի Ռոգոզինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ռոգոզինն Ադրբեջան է մեկնել ռազմարդյունաբերական ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ միասին: Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Ռոգոզինն ասել է. «Մենք շատ ժամանակ ծախսեցինք բանակցությունների վրա, լուծում ենք տվել մի շարք հարցերի, որոնք բարդ քննարկումների տեղիք էին տալիս»:

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Ռոգոզինն Ադրբեջանում քննարկում է երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ Հայաստանին «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական համակարգեր վաճառելու հարցը:

Հայկական մամուլում էր մտավախություն էր ներկայացվում, որ գուցե փորձ է արվում բանակցել Հայաստանին զինատեսակը օգտագործելու թույլտվություն չտալու հարցում, կամ Ադրբեջանին «Իսկանդեր» վաճառելու շուրջ, քանի որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տարածաշրջանում սկսվել է սպառազինությունների մրցավազք, Ադրբեջանին «Իսկանդերի» պես ճշգրիտ ու հեռահար հրթիռներ են պետք։

Tert.am–ի հետ զրուցում քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանն ընդգծեց, որ Բաքվում Ռոգոզինի հետ հանդիպումների քննարկումների վերաբերյալ ռուսական լրատվամիջոցները քննարկվող թեմաների վերաբերյալ ներկայացնում են հիմնականում ենթադրություններ։ «Ենթադրությունները բխում են Ադրբեջանի իրական վախերից, ակնհայտ է, որ «Իսկանդեր-Մ»-ի մեր զինված ուժերում հայտնվելուց հետո Ադրբեջանը բավականին անհանգստացել է»,- մանրամասնեց քաղաքագետը։

Ինչ վերբերում է մտավախությանը, թե Հայստանին կարող են պարտադրել չօգտագործել զինատեսակը, Հրանտ Մելիք Շահնազարյանը արձագանքեց, որ դա բացառվում է։ «Ոչ ոք չի կարող Հայաստանին պարտադրել չօգտագործել իր տրամադրության տակ գտնվող զինատեսակը, հատկապես եթե լինի արտաքին սպառնալիք, ով ուզում է տրամադրողը լինի, հայկական կողմը ձեռք է բերել, դա արդեն պատկանում է ՀՀ զինված ուժերին»։

Քաղաքագետի դիտարկմամբ Ադրբեջանը այսօր չէր էլ կարող բանակցել «Իսկանդերի» ձեռքբերման համար, քանի որ ՌԴ–ին հին պարտքեր ունի, ուստի առավել տրամաբանական է, որ Ռուսաստանի փոխվարչապետ, ռազմարդյունաբերական ոլորտը համակարգող Դմիտրի Ռոգոզինի հետ Բաքվի ղեկավարությունը քննարկել է հին պարտքերի հարցը։

«ՌԴ-ի և Ադրբեջանի միջև հենց ռազմական մատակարարումների հարցում բավական լուրջ խնդիրներ կան, ընդամենը երկու-երեք ամիս առաջ, լրատվամիջոցներում տեղեկություններ կային, որ Ադրբեջանը չի կարողանում նախկին պայմանագրերի հետ կապված գումարները մարել, մեծ քանակությամբ զինատեսակներ մնացել են ճանապարհին, չեն հանձնում այն Ադրբեջանին, հնարավոր է այս հարցերն են փորձել քննարկել, «Իսկանդեր» ստանալն այդքան հեշտ չէ, դժվար Ադրբեջանը կարողանա այս պահին այդ մեծ խնդիրն իր համար լուծել»,- եզրափակեց Հրանտ Մելիք Շահնազարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում