Հայաստանում բնակվող սիրիահայերի մեծ մասը Հալեպի ազատագրումից հետո Սիրիա վերադառնալու պատրաստակամություն է հայտնել

Սիրիահայ ողջ համայնքը անհամբերությամբ եւ մեծ ոգեւորությամբ սպասում է Հալեպի ազատագրման մասին լուրին: «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի ժամանակ լագրողների հետ հանդիպմանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Հալեպի ազատագրումից հետո սիրիահայ մեր հայրենակիցների մեծ մասը կվերադառնա Սիրիա` տեր կանգնելու իր ունեցվածքին, ոմանք էլ կմնան հայրենիքում եւ կամուրջ կհանդիսանան Հայաստանի եւ Սիրիայի միջեւ:

«Մենք շարունակում ենք օգնել սիրիահայ մեր հայրենակիցներին թե Սիրիայում, եւ թե Հայաստանում: Նրանք շատ կարիքներ ունեն եւ պարզ է, որ դրանք ամբողջությամբ չեն կարող բավարարվել»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ սիրիահայերը Սիրիայում կայացած մարդիկ էին, ապրում էին բավական լավ պայմաններում: «Նրանք այստեղ ամեն ինչ սկսում են զրոյից: Մեկին չի գոհացնում իր աշխատանքը, մեկը չի կարողանում հարմարվել միջավայրին: Այսօր Հյուսիսային պողոտայում ապրող սիրիահայը եւս դժգոհ է: Պատկերացնո՞ւմ եք, եթե նա այսօր Հյուսիսային պողոտայում է բնակվում, երեկ Սիրիայում ինչ պայմաններ ուներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավելեց Հրանուշ Հակոբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում