Միթե՞ դժվար է ընդունել սեփական քաղաքական անցյալը

«90-ական թվականներին ՀՀՇ կուսակցություն չկար, ամբողջ ազգն էր ՀՀՇ»,-ասել է Գալուստ Սահակյանը, կարծես արդարանալով, որ ժամանակին ՀՀԿ-ն աջակցել է ՀՀՇ-ին:

Նախ կարելի էր պարզապես չարդարանալ, ընդունել փաստն ու անցնել առաջ: Դրանից հաստատ իշխող քաղաքական միավորի 7000 նորաթուխ անդամները չէին հիասթափվի ու չէին հրաժարվի իրենց անդամատոմսերից, քանի որ նրանց համար խոշոր հաշվով մեկ է, թե 90-ականներին ինչ է արել ՀՀԿ-ն: Իսկ եթե այնուամենայնիվ արդարանալը պարտադիր էր, ապա կարելի էր դա անել առանց ճշմարտությունն աղավաղելու:

ՀՀՇ հիմնադիր համագումարը եղել է 1989 թվականին, որի ժամանակ էլ հենց հիմք դրվեց շարժման կուսակցական կառուցվածքի ձևավորմանը: Բացի այդ պարոն Սահակյանը հավանաբար մոռացել է, որ 1995 թվականին, երբ ՀՀԿ-ն «Հանրապետություն» միավորի կազմում, որի առաջատար ուժը ՀՀՇ-էր, մուտք գործեց ազգային ժողով, արդեն իսկ այդ տարիներին ու դեռևս դրանից էլ առաջ, ողջ ազգն այլևս ՀՀՇ չէր, թեպետ երբևէ ամբողջ ազգը ՀՀՇ չի էլ եղել, ոչ խոսքի ուղղակի, ոչ էլ անուղղակի իմաստով:

Այդ տարիներին առկա էին տասնյակ կուսակցություններ, կար քաղաքական թեժ մրցակցություն, ձևավորված էր ընդդիմադիր հզոր ուժ: Հասարակության մի ստվար հատված օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով դժգոհ լինելով իշխանություններից, աջակցում էր ժամանակի ընդդիմությանը:

ի դեպ ընդդիմությունը ևս ամբողջությամբ միատար չէր: Ողջ քաղաքական դաշտի դերակատար ուժերը, որոնք բոլորն էլ բնականաբար պաշտպանելով Ղարաբաղը, ինչպես նշել է պարոն Սահակյանը, այնուամենայնիվ հետապնդում էին նաև իրենց նեղ քաղաքական, նեղ կուսակցական շահերը:

Իշխանությունները նույնպես ներսում բաժանված էին մի քանի խմբերի ու յուրաքանչյուր խումբ քաղաքական պայքարում փորձում էր հասնել առավելագույն արդյունքների: Այսինքն 90-ականներին ու հատկապես 1995-ին, երբ պարոն Սահակյանը իշխանությունների մի մասնիկն էր, քաղաքական դաշտը բաժանված էր տասնյակ մասերի: Գուցե այն ժամանակ Գալուստ Սահակյանը մասը կազմելով իշխանության շատ է ցանկացել, որ ողջ ազգը լինի ՀՀՇ, ինչպես հիմա ցանկանում է, որ բոլորը լինեն ՀՀԿ, դա այլ հարց է, բայց մարդու սուբյեկտիվ ընկալումների կամ ցանկությունների արդյունքում իրականությունը չի փոխվում:

Ի դեպ երբ ասում եմ՝ ողջ ազգը միատար չէր ներքաղաքական հարցերում, դա չի նշանակում քննադատություն ժամանակի իշխանությանը և ընդդիմությանը, կամ թերահավատություն մեր հասարակության միասնականության նկատմամբ:
Փառք Աստծո կյանքը ցույց է տվել, որ արտաքին վտանգների դեպքում, մեր հասարակությունը կարողանում է շատ արագ միավորվել, բայց ներքաղաքական հարցերում բաժանումները շատ նորմալ են ու նաև ողջունելի: Միայն միահեծան իշխանության պայմաններում է ողջ ազգը կամ ազգի մեծամասնությունը ներկայացնում մեկ քաղաքական ուժ կամ տոգորվում միայն մեկ գաղափարախոսությամբ: Նման դեպքերում դա նշանակում է, որ այդ մեկ քաղաքական միավորը կամ մեկ գաղափարախոսությունը ընդամենը պարտադրված է, ուրիշ ոչինչ:

Ինչևէ, պարզապես կարելի էր ուղղակի ասել, որ այո, ժամանակին աջակցել ենք ՀՀՇ-ին, քանի որ քաղաքականապես այդպես ենք նպատակահարմար գտել, այդպես են թելադրել մեր քաղաքական ծրագրերը, այդպես է եղել ժամանակի հրամայականը, կամ նման մի այլ բան:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում