Համահայկական միասնությունը սոսկ դրամահավաք չէ

Նոյեմբերի 24-ին կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնը: Մարաթոնը մեկնարկելու է «Իմ Արցախը» խորագրի ներքո և հանգանակված գումարները կփոխանցվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը:

Մարաթոնը դեռևս չմեկնարկած կրկին հնչում են գնահատականներ, որոնք հնչել են գրեթե բոլոր մարաթոնների ժամանակ: Բնականաբար որոշակի անվստահության պայմաններում մարդկանց մոտ երբեմն առաջանում են կասկածներ` հանգանակված գումարների ամբողջովին նպատակին ծառայելու վերաբերյալ: Անշուշտ, երբ մտահոգությունը անկեղծ է ու իրոք մտահոգություն է, այլ ոչ ինքնանպատակ քննադատություն, միանգամայն ողջունելի է, ու հուսանք դրամահավաքից հետո միջոցառման պատասխանատուները կկարողանան փարատել հնարավոր անհանգստությունը:

Սակայն քիչ չեն նաև այն մոտեցումները, որոնք առհասարակ կասկածի տակ են դնում մարաթոնի նպատակահարմարությունը և փորձ է արվում այն ասոցացնել պետականության գիտակցության բացակայության հետ: Որակումներ են հնչում, իբր մարաթոնի քողարկված նպատակը սոսկ սփյուռքից փող հավաքելն է` երբեմն էլ գռեհկության հասնող պիտակավորումներով:

Նախ անհասկանալի է ի՞նչ է նկատի առնվում, երբ տեղի-անտեղի թմբկահարվում է պետականության գիտակցություն արտահայտությունը: Երբեմն տպավորություն է, որ դա ամեն պատեհ-անպատեհ առիթով օգտագործողի կողմից զուտ սեփական ինքնագնահատականի բարձրացման կամ կայացման փորձ է: Իրականում պետականության գիտակցումը չի ենթադրում հասարակության օտարում ծառացած խնդիրներից, չի ենթադրում սփյուռքի մեկուսացվածություն: Եթե մենք փորձ ենք անում համեմատվել հզոր տնտեսություն ունեցող ու իր պետական ինստիտուտներով ամուր կայացած պետությունների հետ, ապա լավ կլինի չմոռանալ, որ նրանց առջև ծառացած չեն այն խնդիրները, որոնց առջև կանգնած ենք մենք: Բացի այդ զուտ ազդեցիկ բառեր օգտագործելու ու դրանով հարևանների վրա տպավորություն թողնելու փոխարեն, լավ կլինի իրականությանը նայել բաց աչքերով:

Ցավոք, մենք ունենք աշխարհով մեկ տարածված սփյուռք, որն առաջացել է ոչ մեր մեղքով կամ կամքով: «Հայաստան» հիմնադրամի կազմակերպվող մարաթոնները այն ազդակներից մեկն են, որոնք բացի մի շարք առարկայական խնդիրներ լուծելուց, Հայաստան-Սփյուռք կապը պահպանող օղակներից են: Դրանով սփյուռքահայությունը հնարավորություն է ստանում մշտապես ակտիվ մասնակցություն ունենալ հայաստանյան հասարակական-տնտեսական կյանքին:

Երբ մենք ազդարարում ենք, որ Հայաստանը համայն հայության հայրենիքն է, ու դա այդպես էլ է, ապա անմիջապես դրանից հետո չպետք է անհեթեթ որակումներով արժեզրկենք մեր իսկ հայտարարությունը: Շատերը հիմնականում խոսում են միայն իրավունքներից, մոռանալով, որ գոյություն ունեն նաև պարտավորություններ: Պարտավորությունը առաջին հերթին խնամքն ու հոգածությունն է սեփական երկրի, սեփական հայրենիքի հանդեպ: Ու երբ սփյուռքում ապրող մեր հայրենակիցները խնամքի իրենց մասնաբաժինն են հատկացնում նաև իրենց, շեշտում եմ իրենց այլ ոչ միայն մեր հայրենիքին ու պետությանը, ապա առնվազն պետք է անմեղսունակ լինել այդ գեղեցիկ ավանդույթը ծաղրի ենթարկելու համար:

«Փոքրիկ իշխան»-ում մի հատված կա, որտեղ ասում է. չէ՞, որ դու պատասխանատու ես քո վարդի համար, որովհետև դու նրան ընտելացրել ես: Հետևաբար պետք  չէ գռեհիկ գնահատականներով կտրել սփյուռքի հետ պորտալարը, քանի որ ցանկացած փոքրիկ խնամք հայրենիքի հանդեպ, յուրովի կապող թելեր են առաջացնում խնամողի սրտում ու որքան էլ խնամողը հեռու լինի, օր օրի դառնում է առավել պատասխանատու իր իսկ ձեռքով խնամված «վարդի» հանդեպ:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում