Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին բացել է իններորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին բացել է իններորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նոյեմբերի 18-ին բացել է իններորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը: «Հարգելի պատգամավորնե՛ր, շնորհավորում եմ ձեզ խորհրդարանի հոկտեմբերյան ընտրություններում հաղթելու առթիվ եւ հաջող աշխատանք եմ ցանկանում եմ ի բարօրություն երկրի»,- հայտարարել է Մարգվելաշվիլին՝ Քութայիսում ելույթ ունենալով խորհրդարանի ամբիոնից:

Առաջին նիստին ներկա են Վրաստանի կառավարության ներկայացուցիչները, դիվանագիտական կորպուսը, հասարակական եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները, Գերագույն եւ Սահմանադրական դատարանների ներկայացուցիչներ, Համայն Վրաստանի պատրիարք-կաթողիկոս Իլյա Երկրորդը, Վրաստանի կրոնական դավանանքների ներկայացուցիչներ եւ պատվավոր հյուրեր:

Առաջին նիստում կձեւավորվեն խորհրդարանական խմբակցությունները, խորհրդարանական մեծամասնությունը եւ խորհրդարանական փոքրամասնությունը: Նաեւ պատգամավորները կընտրեն խորհրդարանի նախագահին, նրա տեղակալներին եւ 15 պրոֆիլային կոմիտեների նախագահներին:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, «Վրացական երազանք» կուսակցությունը 150-տեղանոց խորհրդարանում 115 տեղ Է ստացել հոկտեմբերին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Ընդամենը խորհրդարան են անցել 150 պատգամավորներ: Նրանցից 77-ն ընտրվել են կուսակցական ցուցակներով: ԿԸՀ-ի տվյալներով՝ «Վրացական երազանք»-ը կուսակցական ցուցակներով ստացել Է 44, «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը՝ 27, «Վրաստանի հայրենասերների միավորում» դաշինքը՝ 6 տեղ, հաղորդել Է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում