Թբիլիսիում վստահեցնում են, որ Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի երկխոսությունն «ուղղված չէ որեւէ մեկի դեմ»

Թբիլիսիում վստահեցնում են, որ Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի երկխոսությունն «ուղղված չէ որեւէ մեկի դեմ»

Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունն «ուղղված չէ որեւէ մեկի դեմ»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 17-ին հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ միասին նա այցելել Է «ՆԱՏՕ- Վրաստան 2016» վարժանքների շրջան, որոնք մեկ շաբաթ առաջ սկսվել են Թբիլիսիի մերձակա ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի վարժանքի եւ գնահատման համատեղ կենտրոնի (JTEC) զինափորձարանում:

«Մեր նպատակը պաշտպանունակության բարձրացումն է, վրացական բանակի ուսուցումը ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան: ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցությունը միտված է տարածաշրջանի կայունության ու խաղաղության ապահովմանը, ինչը պետք Է համապատասխանի բոլոր կողմերի շահերին»,– հայտարարել է վարչապետը:

Իր կողմից նախագահ Մարգվելաշվիլին նույնպես հավատացրել է, որ Վրաստանի պաշտպանունակության ամրապնդումն «ուղղված չէ որեւէ մեկի դեմ»:

Մինչդեռ ՌԴ ԱԳ նախարարությունն օրերս արված մեկնաբանության մեջ հայտարարել է, որ Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի հերթական զորավարժություններն սպառնում են տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը: «Ուշադրություն ենք դարձրել Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի հերթական զորավարժություններին, որոնց ավելի քան 250 զինծառայողներ են մասնակցում 13 երկրներից,- նշել են նախարարությունում:- Ընթացիկ տարում դրանք այդօրինակ արդեն երրորդ վարժանքներն են Վրաստանի տարածքում՝ մայիսին Noble Partner-ից եւ սեպտեմբերին՝ Agile Spirit-ից հետո: Տեղի Է ունենում ՆԱՏՕ-ի ստանդարտներով Վրաստանի զինված ուժերի օպերատիվ պատրաստման մասշտաբների ու ինտենսիվության պլանաչափ մեծացում՝ դաշինքի հրամանատարաշտաբային կառույցների ակտիվ ներգրավմամբ»:

«Ռուսաստանն այդօրինակ ակտիվությունը լուրջ սպառնալիք է համարում տարածաշրջանի կայունության ու խաղաղության համար»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում:

«ՆԱՏՕ-ում չեն թաքցնում, որ Թբիլիսիի հետ ներկայիս ռազմական գործընկերությունը դիտարկվում է որպես Ռուսաստանի «զսպման» քաղաքականության բաղկացուցիչ մասը,-նշել են նախարարությունում: Այդ համատեքստում այն դերը, որն ստանձնել է Վրաստանը, բարդացնում է ռուս-վրացական հարաբերությունների առողջացման դրական գործընթացը»:

«ՆԱՏՕ-Վրաստան-2016» զորավարժությունները նոյեմբերի 10-ից մինչեւ 20-ն ընթանում են Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության փաթեթի շրջանակներում, որն ընդունվել է դաշինքի՝ 2014 թվականին Ուելսում կայացած գագաթնաժողովում,-հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում