Մադամ Անահիտ

Մադամ  Անահիտ

Մադամ Անահիտը կամ Անահիտ քույրիկը` Կոնստանդնուպոլսում հայտնի հայ ակորդեոնահարուհի է: Անահիտ Վարանը ծնվել է Թարլաբաշիում 1917թվականին, հայ-հունական կոնստանդնուպոլսական Բեյոգլու շրջանում: 

Գրեթե 40 տարի մադամ Անահիտը Բեյոգլուի հայկական ռեստորաններում նվագում էր հայկական, թուրքական, հունական երաժշտություններ, և հատկապես Ծաղիկների պասսաժում (Cité de Péra), այդ տարիներին դառնալով Բեյոգլուի իսկական սիմվոլը:

Անահիտ Վարանը սովորել է հայկական կաթոլիկ դպրոցում, հայկական միջնակարգ Եսայան դպրոցում: Նրա եղբայրը եղել է հայտնի կոստանդնուպոլսցի երաժիշտ Ոսկիկ Վարանը, ում իր տաղանդի համար, անվանել են վարդապետ:

16 տարեկան հասակում Անահիտը հաճախել է երաժշտկան դպրոց: Նա պատմել է, որ իրենց հարևանությամբ ապրում էր հույն ընտանիք: Այդ ընտանիքի տղաներից մեկը շատ լավ ակորդեոնահար էր: Անահիտը` տղայի նվագելու ժամանկ, շատ ուշադիր հետևում էր նրան և պարապում նրա դասերով:

Մադամ Անահիտի նվագած երաժշտությունները հնչել են թուրքական այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են. «Հոր հանցագործությունը», «Երկնքի երեխաները», «Արդարություն», «Կինը և գինի», «Ընկերը», «Ուսուցիչը», «24 ժամ» և այլն: 

Մադամ Անահիտը մահացել է 2003թվականի օգոստոսի 29-ին քաղցկեղից: Թաղված է հայկական Շիշլի գերեզմանատանը: Նա ունի երկու որդի և երկու դուստր: Թուրք գրող Ջեզմի Էրսեզը մադամ Անահիտին ընդգրկել է իր «Վերջին դեմքերը» գրքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում