Առնո Բաբաջանյանի մահվան տարելիցի առիթով Երևանում հնչում էին նրա ստեղծագործությունները

Առնո Բաբաջանյանի մահվան տարելիցի առիթով Երևանում հնչում էին նրա ստեղծագործությունները

Անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահվան 33-րդ տարելիցի կապակցությամբ կոմպոզիտորի արձանի մոտ տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն և հարգանքի տուրք մատուցվեց մեծ հային: «Առնո Բաբաջանյանն իր երաժշտության գույներով, հնչյուններով կարողանում է մեր կյանքը տոն դարձնել: Պատանեկությանս տարիներին նրա հետ մի քանի հարցազրույց եմ անցկացրել: Կոմպոզիտորի խոսքը նույնքան երգեցիկ էր, որքան երաժշտությունը: Նրա թողած ժառանգությունը մեր կյանքն ավելի պայծառ և լուսեղ է դարձնում: Սիրում եմ Բաբաջանյանի`Երևանին նվիրված երգերը և փորձելու եմ խրախուսել երիտասարդ կոմպոզիտորներին մեր քաղաքին, հայրենիքին, ժողովրդին երգեր ձոնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ասաց, որ Բաբաջանյանը զարմանալի անձնավորություն էր: «Նա հիանալի ընկեր էր, մարդ, ով զգում էր ժամանակը, կարողանում էր ապրել ժամանակի խնդիրներով: Սիրված էր բոլորից, բազմաշնորհ և բազմաժանր կոմպոզիտոր էր: Ցավում եմ, որ երկար չապրեց»,-պատմեց Արամ Սաթյանը:

«Ցանկանում ենք հայ մեծանուն կոմպոզիտորի հիշատակը վառ պահել, հանրահռչակել նրա երաժշտական ժառանգությունը: Այսօր Բաբաջանյանի անվան համերգասրահում, տարբեր երաժշտական դպրոցներում հնչելու են նրա ստեղծագործությունները»,– ընդգծեց «Առնո Բաբաջանյան հիշատակի հիմնադրամի» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանը:

Նրա խոսքով` իրենք մտադիր են Առնո Բաբաջանյանի անվան դահլիճում կոմպոզիտորի թանգարան ստեղծել:

Միջոցառմանը ներկա էին անվանի արվեստագետներ, մտավորականներ, պետական ու հասարակական գործիչներ, կոմպոզիտորի արվեստի երկրպագուներ:

«Բախտ եմ ունեցել կատարել Առնո Բաբաջանյանի երգերը: «Ազգ փառապանծն» իմ այցետոմսը դարձավ Հայաստանում և երկրի սահմաններից դուրս հյուրախաղերի, համերգների ժամանակ: Նրա երգերը կատարել են Աննա Գերմանը, Միրեյ Մաթյեն, Մուսլիմ Մագոմաևը և այլ հայտնի երգիչներ: Երջանիկ եմ, որ հաղորդակցվել եմ նրա հետ, ով ինձ համար պաշտպան է եղել»,- նշեց ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռաիսա Մկրտչյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում