Վրաստանի պաշտպանության նախարարը խոստանում է վերականգնել պարտադիր զորակոչը

Վրացական բանակում պարտադիր զորակոչը վերականգնվելու է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան:

«Նպատակահարմար ենք համարում պարտադիր զինվորական զորակոչի վերականգնումը, բայց նորացված ձեւով: Մասնավորապես, զորակոչիկները լիակատար նախնական պատրաստություն կանցնեն… նրանց ամսական վարձատրումը կավելանա մինչեւ 50 լարի (շուրջ 20 դոլար), նաեւ նրանք հնարավորություն կունենան օգտվել ոչ աշխատանքային օրերից»,– հայտարարել է Իզորիան՝ ելույթ ունենալով իր համար նոր պաշտոնում 100-օրյա աշխատանքի արդյունքների վերաբերյալ հաշվետվության ժամանակ:

Անցած ամռանը Իզորիայի նախորդը՝ Թինա Խիդաշելին, չեղարկել էր պարտադիր զորակոչը, նշելով, որ զինված ուժերին հարկավոր չեն երիտասարդներ, որոնք բռնությամբ են ծառայում: Սակայն վրացական իշխանությունների ներկայացուցիչները Խիդաշելիի որոշումը որակել են որպես քաղաքական քայլ, որը ոչ ոքի հետ վաղօրոք համաձայնեցված չի եղել: Իզորիան ավելի վաղ չի խոսել այդ որոշումը փոխելու մտադրության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում