Անհեթեթ տեխզննման ավանդույթը

Ահա և վերջ, ասաց ծեր և իմաստուն ձին, տեսնելով առաջին ավտոմեքենան։ Իհարկե ձին տխրեց, քանի որ տարիներ շարունակ նա կրում է մարդուն իր մեջքին ու հպարտ էր իր առաքելությամբ։ Իրավամբ իրեն համարում էր մարդու ընկերն ու օգնականը։ Ծառայում էր մարդուն և որպես բեռնակիր, և որպես տրանսպորտային միջոց։ Շատ հաճախ հեծյալի կյանքը կախված էր լինում ձիուց։

Ավտոմեքենայի հայտնագործմամբ ձին ավարտեց իր հազարամյակների պատմություն ունեցող նշանակությունն ու վերածվեց սոսկ ընտանի կենդանու, որը հանգրվանում է կամ հեռավոր գյուղում կամ ձիերի սիրահար որևէ մեկի ախոռում։

Ի տարբերություն ձիերի՝ մարդիկ հավանաբար ուրախացան, քանի որ ավտոմեքենան ավելի հարմարավետ էր, ավելի արագընթաց, ավելի հուսալի․․․բայց ավաղ կյանքւմ ոչինչ կայուն չէ և ուրախության գլխին սառը ջուր լցվեց այն պահին, երբ ներդրվեց այնպիսի հասկացություն, ինչպիսին տեխզննումն է։

Եթե ձիու պարագայում կենդանուն տանում էիր գյուղի դարբնի մոտ, վճարում ու նալում, ապա տեխզննման դեպքում գնում ես բանկ, վճարում ու․․․ու բարի ճանապարհ։ Նալելու դեպքում գիտեիր ինչու ես վճարում, տեխզննման պարագայում վճարում ես հանուն վճարման։

Նալելու դեպքում դարբինը առանց անհեթեթ հարցերի ու երբեն էլ առանց դեմքիդ նայելու կատարում էր իր աշխատանքն ու քեզ ճանապարհում։ Տեխզննման ժամանակ բանկի աշխատակցուհին նայում է դեմքիդ ու շատ լուրջ տոնով հարցնում՝ մեքենան կատալիզատոր ունի՞։

Քո պատասխանից կախված է միայն գումարի չափը ու եթե մեքենայի վրա չի լինում կատալիզատոր, ապա վճարն ավելի է թանկանում։ Բնականաբար, եթե բանկի դիմաց կանգնած լինի քեզանից նույնիսկ մի 20 տարով մեծ ջորի (ՎԱԶ 21011) ու դու վստահ տոնով ասես այո, միևնույնն է խեղճ աղջիկը առանց մի բան հասկանալու քեզանից գանձելու է ասածիդ համապատասխան գումարն ու ինչպես հայտնի ֆիլմում է ասվում․ Легким движением руки брюки превращаются в элегантные шорты, այնպես էլ քո մեկ բառով կարող է ջորու վրա հայտնվել կատալիզատոր։

Բանկից հետո այցելում ես տեխզննման կայան ու կայանի աշխատակիցը կտրոնը կնքելուն զուգահեռ հարցնում է՝ մեքենան ունի՞ խնդիրներ։ Եվ մինչ դու բերանդ կբացես պատասխանելու, կտրոնն արդեն կնքված է լինում։ Կարող ես նաև ոչինչ չասել, քանի որ հարցը զուտ ձևական է, ունի հռետորական բնույթ ու պատասխանում ես միայն ասել-խոսալու համար։ Ըստ էության նա չի էլ կարող չկնքել, քանի որ դու արդեն վճարել ես այդ հիմար կտրոնի համար։

Այս ամենին այլ անվանում, քան դրամաշորթություն դժվար է տալ։ Եթե ձիու պարագայում դարբինը որևէ պատասխանատվություն չի կրում քո ճակատագրի համար, քանի որ վճարիդ դիմաց բարեխղճորեն կատարում է իր աշխատանքը, ապա տեխզննման պարագայում պետությունն ուղղակի պատասխանատու է վթարների այն մասի համար, որոնց պատճառը մեքենայի անսարքությունն է։

Հետաքրքիր է ի՞նչքան վթարներ, մարդկային քանի՞ կյանք պետք է զոհաբերվի, մինչև կատարվեն իրական բարեփոխումներ այդ ոլորտում։ Մինչև ե՞րբ պետք է վճարը գերակայի մարդկային կյանքի նկատմամբ ու կարևորվի սոսկ գումարի հավաքագրումն՝ առանց ծառայություն մատուցելու։ Ինչ խոսք հասկանալի է, որ կա նաև սոցիալական գործոնը, քանի որ իրական տեխզննում անցնելու դեպքում ավտոմեքենաների մեծամասնությանը գուցե արգելվի շահագործել մինչև նորոգելը, իսկ նորոգելը գումարներ է պահանջում ու մարդկանց ուսերին հավելյալ ծախս ու հոգս։ Բայց ավելի լավ է ժամանակավոր զրկվել մեքենայից, քան ընդմիշտ կյանքից, ու պետության առաջնային խնդիրը պետք է լինի քաղաքացիների կյանքի պահպանումը։

Այնպես, որ կամ պետք է վերացնել այդ ներկայումս անհեթեթ տեխզննումն իր առավել անհեթեթ կտրոնով, կամ տեխզննումը դարձնել տեխզննում։

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում