Ով քանդել է գոմի պատը, նա էլ գողացել է կովերը

Կոռուպցիայից դժգոհում ու դրա դեմ պայքարում ենք բոլորս։ Կոռուպցիայի դեմ պայքարի դրույթներ ներառվում են բոլոր կառավարությունների ծրագրերում, ստեղծվում են հանձնաժողովներ, նշանակվում հանձնաժողովի նախագահներ։

Կոռուպցիայի դեմ պայքարը կարծես սկսում է ստանալ ազգային համաձայնության երանգ, քանի որ այդ պայքարը ողջունում ու աջակցում են հասարակության բոլոր շերտերը։ Ազգս միաբանվել է այդ խնդրի շուրջ ու միահամուռ է այն արմատախիլ անելու գործում։ Կոռուպցիայի բնաջնջմանը մեկտեղվել են նախարարն ու գյուղացին, բանվորն ու ծառայողը, գործազուրկն ու մեծահարուստը, բայց արի ու տես, որ այդ կոռուպցիան ոչ մի կերպ չի լինում վերացնել։

Իհարկե ժամանակ առ ժամանակ հաջողվում է հայտնաբերել վարորդից 3000 դրամ շորթած ճանապարհային ոստիկանի ու կոռուպցիոն պայքարի մահակը ողջ ուժով իջեցնել խեղճի գլխին, բայց․․․կարծես էլ կաշառք վերցնող պետավտոտեսուչ չի մնացել, բայց կոռուպցիան կա ու կա։ Նույնիսկ պայքարի հանձնաժողովն էլ կարծես առանձնապես արդյունքներ չտվեց, թեպետ ունեինք և հանձնաժողովի նախագահ, և նախագահի տեղակալ։ 

Մի հին անեկդոտ կա․ գյուղերից մեկում գոմի պատը քանդում են ու կովերը գողանում։ Գյուղացիք գնում են իմաստուն բիձու մոտ ու հարցնում, -Բիձա, դու մեր միջի իմաստունն ես, ո՞վ գողացած կլինի կովերը։ Բիձեն երկար մտածում է ու ասում, – Ուրեմն լսեք խալխ, ով քանդել է գոմի պատը, նա էլ գողացել է կովերը։ Իհարկե շատ իմաստուն եզրահանգում էր, առանց պատը քանդելու հնարավոր չէր լինի գողանալ կովերը, հետևաբար բիձեն ճիշտ ուղու վրա էր։ 

Հիմա մեզ մոտ եթե ազգովի պայքարում ենք կոռուպցիայի դեմ, բայց չենք կարողանում վերացնել, դա չի նշանակում է, որ այն չկա մեր հասարակության մեջ, որ այն մեր հասարակությունից դուրս է, որ դա արտաքին մարտահրավեր է։ Չպետք է գանք այն եզրահանգման, որ դա մի արհավիրք է, որը պատուհասել է բոլորիս ու բոլորիս աչքից ծածուկ սողոսկել է մեր սահմաններից ներս։ Հավանաբար ռուսամետների կարծիքով, դա ներմուծվել է այլասերված Եվրոպայից ազգը քայքայելու ու պառակտելու նկատակով։ Արևմտամետների կարծիքով էլ, դա պուտինյան Ռուսաստանի հերթական խայծն է ազգս ստրկացնելու համար։ 

Բայց այնուամենայնիվ երևի էն գյուղի բիձեն ճիշտ էր։ Եթե բիձու տրամաբանությամբ շարժվենք, գուցե կռահենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար առանձնապես պետք չէ հանձնաժողովներ ստեղծել ու ծրագրեր մշակել։ Երևի համազգային պայքարի դուրս գալու փոխարեն, պարզապես փորձենք փոխել մեզանում առկա ու տարածված մտածողությունը։ Իհարկե կոռուպցիայի համար առաջին հերթին մեղավոր են նրանք, ովքեր կրում են իշխանություն, բայց արդյո՞ք միայն նրանք են մեղավոր։ 

Եկեք անկեղծ լինենք, եթե վաղը իշխանությունից հեռանան բոլոր նրանք, որոնք, մեր կարծիքով, կոռումպացված են, արդյո՞ք դրանով կվերացվի կոռուպցիան։ Կարծում եմ՝ ոչ։ 

Կոռուպցիան վերացնելու համար միայն ծրագրերը բավարար չեն։ Որքան էլ կենսունակ լինեն այդ ծրագրերը, որքան էլ այդ կոռուպցիայի դեմ պայքարողները վճռական լինեն, վստահ եմ, որ դա ունենալու է կարճաժամկետ հաջողություն այնքան ժամանակ, քանի դեռ չենք փոխվել բոլորս։ Մեծից փոքր, բարձրաստիճան պաշտոնյայից մինչև շարքային քաղաքացին։ 

Խորհրդային միության տարիներին ծնվածներն ու հատկապես այդ տարիներին ովքեր արդեն աշխատում էին, կհիշեն, որ գրեթե բոլորը փորձում էին գողանալ, որովհետև մտածում էին՝ դե պետության հերն էլ անիծած։ Ցավոք, այդպես մտածում ենք նաև այսօր։ Ցավոք, չենք կարողանում մինչև վերջ ընկալել, որ գողանալով պետությունից, գողանում ենք ինքներս մեզանից։ Չենք կարողանում մինչև վերջ ընկալել, որ պետությունը ամորֆ ու դատարկ հասկացություն չէ, այն մեզանից դուրս չէ։ Պետությունը հենց մենք ինքներս ենք։ Ու քանի դեռ կան մարդիկ, ցավոք ոչ փոքրաթիվ, ովքեր պետական աշխատանքն ու պաշտոնը դիտում են որպես բարեկեցության հասնելու միջոց, կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող տալ իր ցանկալի արդյունքները։

Անշուշտ, սա չի կարող արդարացում լինել կոռումպացված չինովնիկների համար, ու ցանկացած կոռումպացված պաշտոնյա պետք է դատապարտվի, բայց ինչպես ասում են օրենսգետները, քրեական օրենսգրքի խստացումը չի նվազեցնում հանցագործությունները։

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում