Արվեստասերներին ներկայացվեցին Արմեն Խոջոյանի կոլաժներն ու քանդակները

Արվեստասերներին ներկայացվեցին Արմեն Խոջոյանի կոլաժներն ու քանդակները

Գեղանկարիչ, քանդակագործ, կոլաժիստ Արմեն Խոջոյանի կոլաժների և քանդակների ցուցահանդեսը բացվեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում: «Ներկայացված կոլաժներում օգտագործել եմ փայտ, կոճակներ, արծաթյա, ոսկյա և այլ զարդեր: Նյութը հուշում է` ինչպես վարվել իր հետ. աշխատելիս ինքս հաճախ զարմանում եմ` դիտելով ստեղծած համադրությունս», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց արվեստագետը:

Կոլաժներ ստեղծելիս ոգեշնչում են հայկական և հնդկական սրբապատկերները, մանրանկարները, որոնք նա ամբողջ աշխարհի հարստությունն է համարում:

Ներկաների ուշադրությունն էին գրավում նաև ցուցադրված քանդակները:

Խոջոյանի խոսքով` քանդակներում հայկական լեռնաշխարհի վիշապաքարերն են, կուռքերը, որոնք իր համար էլ բացահայտված չեն, բայց հետաքրքիր են, այդ իսկ պատճառով փորձել է նրանց կենդանություն տալ:

«Արմենը չափազանց պայծառ մարդ և տաղանդավոր նկարիչ է: Նա, ասես, «խաղում է» աշխարհի, մշակույթի հետ: Նրա ստեղծագործությունները ժամանակից և տարածությունից դուրս են: Խոջոյանի գործերը դիտելիս թվում է` ամեն ինչ տեսաք, սակայն փոխում եք դիրքը և բոլորովին այլ բան եք նկատում»,– ասաց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Համաշխարհային գրականության ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանը:

Արմեն Խոջոյանը մասնակցել է և հանրապետական, համամիութենական արտասահմանում կազմակերպված մի շարք ցուցահանդեսների: 1999 թվականից UNESCO-ի անդամ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում