Վրաստանում ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 2-ից ոչ ուշ

Վրաստանում ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 2-ից ոչ ուշ

Վրաստանում մեծամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 2-ից ոչ ուշ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Աննա Միքելաձեն՝ ելույթ ունենալով ճեպազրույցում: Վրաստանի քաղաքացիներն իններորդ գումարման պատգամավորներին ընտրել են հոկտեմբերի 8-ին: Ընտրություններն անցել են խառը համակարգով. 77 պատգամավորների ընտրել են կուսակցական ցուցակներով (համամասնական համակարգով), իսկ 73-ին՝ միամանդատ ընտրատարածքներում (մեծամասնական համակարգով):

«Օրենսդրության համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների երկրորդ փուլը նշանակում է այն բանից հետո, երբ ամփոփվում են առաջին փուլի արդյունքները, համապատասխանաբար, երկրորդ փուլի անցկացման վերջին ժամկետն ընթացիկ տարվա նոյեմբերի 2-ն է»,– ասել է Միքելաձեն:

Սպասվում է, որ երկրորդ փուլը կանցկացվի 73 միամանդատ ընտրատարածքներից 50-ում, որտեղ թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն: 23 ընտրատեղամասերում հաղթանակը բաժին է հասել «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում