Եվգենի Ստարոդուբցևը ելույթ է ունեցել Խաչատրյանի փառատոնի շրջանակներում

Եվգենի Ստարոդուբցևը ելույթ է ունեցել Խաչատրյանի փառատոնի շրջանակներում

Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի հերթական սիմֆոնիկ համերգը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարեց Սերգեյ Ռախմանինովի «Մեռյալների կղզին» սիմֆոնիկ պոեմը, Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը (մենակատար՝ Եվգենի Ստարոդուբցև (դաշնամուր/Ռուսաստան), Սերգեյ Պրոկոֆևի Յոթերորդ սիմֆոնիան։ Վերջին կատարումը նվիրված էր Սերգեյ Պրոկոֆևի 125-ամյակին։ Այս մասին տեղեկացրին Արամ Խաչատրյանի միջազգային փառատոնից:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Եվգենի Ստարոդուբցևին հայ հանդիսատեսը հիշում է դեռևս Խաչատրյանի անվան մրցույթից, որին նա մասնակցել է մի քանի տարի առաջ և գրավել մրցանակային տեղ։ «Եվգենի Ստարոդուբցևը հայտնի դաշնակահար է, նվագխում է տարբեր նվագախմբերի հետ, արժանացել է բարձր տիտղոսների։ Ռախմանինովի կոնցերտը, որ կատարելու է նա, շատ քիչ է հնչում, և շատ քիչ դաշնակահարներ են պատրաստ այն կատարել, քանի որ դժվար ստեղծագործություն է»,- ասում է Սերգեյ Սմբատյանը։

Եվգենի Ստարոդուբցևը, խոսելով Խաչատրյանի փառատոնին իր մասնակցության մասին, նշում է, որ շատ ուրախ է համագործակցել Երիտասարդական նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի հետ, իր համար շատ հաճելի է հանդես գալ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Անդրադառնալով Ռախմանինովի Դաշնամուրի կոնցերտին՝ Ստարոդուբցևը նկատում է, որ միշտ վախով է նվագում Ռախմանինովի ստեղծագործությունները, քանի որ դրանք բարդ են։

Ստարոդուբցևը բազում միջազգային մրցույթների դափնեկիր է: Ելույթներ է ունեցել, այդ թվում՝ մենահամերգներով, Իսպանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Խորվաթիայում, Իտալիայում, Լիտվայում, Սերբիայում, այլուր: Եվգենին թողարկել է 2 ձայնասկավառակ՝ 20-րդ դարի երաժշտության կատարումներով:

Խաչատրյանի փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ) և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։ Փառատոնը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում