ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին

Հարց. Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի արձագանքը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը:

Շավարշ Քոչարյան. Իլհամ Ալիևի արձագանքը հետևանք է այն բանի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները երկար ժամանակ հանդուրժում են նրա սադրիչ հռետորաբանությունն ու գործելաոճը։

Հենց համանախագահների այդ մոտեցման պատճառով է, որ Ալիևի մոտ ամրապնդվում է ամենաթողության զգացումը, ու Բաքուն ավելի է սաստկացնում իր անհարգալից կեցվածքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ու նրանց առաջարկությունների հանդեպ։

Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին բանակցությունների առաջ մղման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունները, այլև փաստացի մերժում է հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման՝ համանախագահ երկրների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում