Կալաձեն հրաժարական է տվել Վրաստանի փոխվարչապետի պաշտոնից

Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել Է, որ թողնում է իր զբաղեցրած պաշտոնները՝ հոկտեմբերի 8-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կախա Կալաձեն փոխվարչապետի եւ Էներգետիկայի նախարարի պաշտոնները զբաղեցնում Էր 2012 թվականի հոկտեմբերի վերջից:

Ներկայում 38-ամյա քաղաքական գործիչը «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջատարներից է և երկրորդը կուսակցական ցուցակում: Հոկտեմբերի 8-ի ընտրություններում «Վրացական երազանքից» պատգամավորների թեկնածուների ցուցակը գլխավորում է վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, որը շարունակում է  աշխատել իր պաշտոնում:

Համաձայն Վրաստանի օրենսդրության՝ այն անձինք, ովքեր պաշտոններ են զբաղեցնում կառավարությունում եւ համապատասխան գերատեսչություններում, պարտավոր են դրանցից հրաժարվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում որպես խորհրդարանի պատգամավորի թեկնածու գրանցման հայտ ներկայացնելուց ոչ ուշ, քան երկու օր անց:

 

Ընտրություններից մի քանի ամիս առաջ Վրաստանի խորհրդարանը հաստատել Է Վրաստանի ընտրական օրենսգրքի այն փոփոխությունը, որը վարչապետին չի պարտավորեցնում պաշտոնաթող լինել բարձրագույն օրենսդիր մարմնի ընտրություններին մասնակցելու դեպքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում