Վրաստանի վարչապետը մեկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին օգոստոսի 31-ին մեկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան, որտեղ կանցկացնի մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Այցի ընթացքում պարոն Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ: Բանակցությունները կանցկացվեն ինչպես դեմառդեմ, այնպես էլ ընդլայնված ձեւաչափով»,- «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել են Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունում:

Նախնական տվյալներով՝ կողմերը կքննարկեն Էներգետիկական ու տրանսպորտային հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանի հակամարտությունները:

Պաշտոնական այցի ընթացքում Վրաստանի վարչապետին ուղեկցում են փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, ինչպես նաեւ արտաքին գործերի փոխնախարար Գիգի Գիգիաձեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում