Ռուսաստանը երրորդ տեղն է գրավել Վրաստանի առեւտրական գործընկերների շարքում

Ռուսաստանի հետ Վրաստանի առեւտրաշրջանառությունը 2016 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատությամբ ավելացել է 16 տոկոսով՝ մինչեւ 459,6 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 19-ին հայտնել է Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայությունը՝ «Սաքստատ»-ը:

Ընթացիկ տարվա յոթ ամսում Ռուսաստան վրացական ապրանքների արտահանումն աճել Է 119,2 տոկոսով՝ մինչեւ 101,6 մլն դոլար (արտահանման ընդհանուր ծավալի 9,1 տոկոսը), ներմուծումն ավելացել Է 15,1 տոկոսով՝ մինչեւ 358 մլն դոլար:

Վիճակագրական ծառայության տվյալներով՝ Ռուսաստանին բաժին է ընկել Վրաստանի ամբողջ արտաքին առեւտրական շրջանառության 7 տոկոսը, ինչի արդյունքում մեկ տարվա ընթացքում նա չորրորդ տեղից երրորդ տեղն է բարձրացել հանրապետության խոշորագույն առեւտրական գործընկերների շարքում՝ Կանադայից (19,9 տոկոս) եւ Թուրքիայից (13,6 տոկոս) հետո:

Վրաստանի առեւտրական գործընկերների առաջին տասնյակում է նաեւ Չինաստանը, Ադրբեջանը, Իռլանդիան, Գերմանիան, Ուկրաինան, Հայաստանը, Իտալիան: ԱՊՀ-ի երկրների հետ հանրապետության առեւտրաշրջանառությունն այս տարվա հունվար-հուլիսին անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ կրճատվել է 11 տոկոսով՝ մինչեւ 1 մլրդ 393 մլն դոլար, Եվրամիության երկրների հետ՝ 3 տոկոսով՝ մինչեւ 1 մլրդ 677 մլն դոլար:

Ընթացիկ տարվա յոթ ամսում Վրաստանի արտաքին առեւտրական շրջանառությունն ավելացել է 17 տոկոսով՝ մինչեւ 6 մլրդ 548,1 մլն դոլար: Արտահանումը կազմել է 1 մլրդ 121,8 մլն դոլար՝ նվազելով 12 տոկոսով, ներմուծումը՝ 5 մլրդ 426,2 մլն դոլար՝ աճելով 25 տոկոսով:

2015 թվականին Վրաստանի արտաքին առեւտրական շրջանառությունը կազմել է 9 մլրդ 928 մլն դոլար, ինչը 13,3 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում