Ամոթ է պարոնայք…

Ամոթ է պարոնայք…

Այսօր քննադատության պակաս չի զգացվում, ոչ մի տեղ և ոչ մի թեմայի: Ով չի ալարում խոսում է երկրի, պետության, կառավարության և ամեն ինչի թերությունների մասին, խոսում է ու նաև տալիս փրկության բաղադրատոմսեր: Իհարկե շատ հաճելի է նաև նման երկար բարակ անդրադարձների նախաբանում նշել բոլշևիկների մասին, ոչ լիարժեք անկախության ու պետականության մասին և սահուն անցնել մեր օրերին: Դա հրապարակախոսության ժանրին տալիս է դիտարժանություն, սակայն քննադատությունները ևս պիտի լինեն օբյեկտիվ, տրամաբանական և իրենց մեջ ունենան հստակ առաջարկներ:

Ամենազարմանալին սակայն այն է, որ նման քննադատությունները չգիտես ինչու հատկապես հնչում են այն մարդկանց շուրթերից, որոնք իրենց ծառայության ժամանակ չէին փայլում նույն որակով ինչի մասին խոսում են: Երբ իրենք էին ամենապատասխանատու պաշտոններում չգիտես ինչու հրամանատարությունը հաճախ էր ստիպված լինում ներել-չներելու հարցեր ունենալ իրենց հետ: Իհարկե իրենց տողերը ընթերցողներից շատերը այդ մանրամասները չգիտեն և շատ հեշտ է ներկայանալ բանակի պահեստազորի գնդապետ ու գեներալ ու խոսել թերությունների մասին: Քչերը գիտեն, որ երբ իրենք բանակում էին ծառայում հենց նույն այդ անցած 25 տարիներից զգալի տարիներ հենց իրենք պիտի ինչ որ բան շտկեյին, սակայն գերադասել են դրա փոխարեն սեփական գրպանի մասին մտածել, տաքուկ տեղեր որոնել, խուսափել պատասխանատվությունից և այսօր էլ գերպրոֆեսիոնալի ու սրբի դեմքով խորհուրդներ տալ:

Մեզ հետ համեմատելիս Իսրայելի անունը տալը շատ հաճելի է, սակայն եթե այդ օրինակները բերողներից մեկին հարցնես թե Իսրայելական բանակից, օրինակ, ի՞նչ մանրամասներ գիտի կամ թե ծառայության ժամկետը որքան է, ոչ մի բան չի կարող ասել: Քննադատողներից ոմանք, իրենց ողջ ծառայության ընթացքում մի քանի անգամ ինչ որ սերժանտական մակարդակի առաջարկներ են կատարել, սակայն այսօր արդեն թոշակի գնացած բարձրաստիճան սպաներ լինելով՝ չեն հասկանում, որ դրանք ուղղակի մանկամտություն են: Պատերազմասերունդների, օպերատիվ արվեստի ու ռազմավարական մակարդակի մասին տարրական գիտելիքներ չունեցող, մեկ նյութում ամեն ինչ շիլաշփոթ անելով ու օգտվելով խմբագիրների չիմացությունից այդ ամենը, որպես լուրջ ռազմագիտական նորություններ ներկայացնող գնդապետը, այս անգամ էլ որոշել էր մի նոր “հանճարեղ” առաջարկ անել` ռոբոտ տանկեր: Օ, որքան հաճելի է լսել այդ մասին, բոլորի սրտից է ուղղակի դա բխում: Երբ մի չծառայած լրագրող, հիմնականում աղջնակ գրում է Իսրայելական հրաշք ռազմաարդյունաբերության մասին և համեմատություններ անում մեր հետ, դա միանգամայն հասկանալի է:

Սակայն երբ մոտ քսան տարի բանակում ծառայած գնդապետն է խոսում իր ծառայության տարիներին ռազմաարդյունաբերության քանդման և “ռոբոտ տանկեր” ստեղծելու մասին դա լիովին այլ մոլորություն է կամ ավելի ճիշտ երևույթին տիրապետելու իմիտացիա և չիմացության համընդհանուր միջավայրում ամենախելացի երևալու մոլուցք: Նշված հոդվածում նշված իբր “ռոբոտ տանկի” աշխարհում դեռ միակ մոդելը, ընդամենը եզակի փորձնական մեքենա է, որը դասական տանկերին չի փոխարինելու, այլ եթե արդարացնի իրեն կիրառվելու է հատուկ նպատակներով: Ինչ որ փորձնական մեքենայից ոգևորվելով, դպրոցական երեխայի մակարդակի, ինչ որ հոդված գրել ու դա ներկայացնել ռազմագիտական առաջարկներ չեմ կարծում թե գնդապետի մակարդակ է, իսկ դա օգտագործելը բանակին վարկաբեկելու համար առնվազն անբարոյական է: Այսօր ցանկացած նման խոսքով դուր են գալիս դժգոհող մասսաներին:

Իսկ 1980-ականների զենքի ու դրանց փոխարեն 2016թ. բահերի անունը տալը առհասարակ անգրագիտության ու պոպուլիզմի գագաթն է: Կրկին ու կրկին անգամ նշում ենք, դրանք ուղիղ հասկանալ չի կարելի: Աշխարհի լավագույն զենքերը, որոնք այսօր գտնվում են աշխարհի առաջատար բանակներում ստեղծված են 1980 ականներին: Որպեսզի չստացվի վերացական հատուկ նշենք, որ հայտնի С-300, С-400 համալիրները, Т-90 տանկը, Су-30 կործանիչը ստեղծված են հենց այդ թվականներին: Սակայն դա զարմանալու չէ, մարդ ով կարող է թերմաբարիկ արկը համեմատել փոքր միջուկային զենքի հետ, իհարկե չի կարող հասկանալ վերը նշվածը: Կրկնում եմ, եթե դա ասեր մարդ ով բանակի հետ կապ չունի միգուցե նորմալ կլիներ, կան մարդիկ, որ այդպես էլ անում են, քանի որ բանակից շատ հեռու են եղել: Սակայն երբ այդ մասին խոսում է գնդապետ, ապա դա մեղմ ասած նորմալ չէ:

Նույն “գիտակը” մեկ այլ հոդվածում ըստ էության ոչ այնքան հաջող պատերազմասերունդների մի չստացված թեզի թարգմանությամբ պնդում է, որ այսօր ընթացող պատերազմները 6-րդ սերնդի են և Ադրբեջանն էլ փորձում է դրանցով առաջնորդվի, իսկ մենք բահերով ենք նրանց դեմ պայքարում: Սակայն քչերն են նկատել, որ այս մեկնաբանը մարդկության որոշակի շրջանի պատերազմները անվանել է մարտավարական: Կրկին անգամ նշենք, որ գնդապետը պետք է հասկանա, որ մարտավարական պատերազմ հասկացությունը արդեն կոգնիտիվ դիսոնանս է: Դա մոտավորապես նույնն է, որ ասենք. “մեր թաղի ֆուտբոլային թիմերի համաշխարհային առաջնություն”: Եթե շարունակեմ այս “ռազմական հանճարի” նման կիկսերը, ապա դրանք անվերջ են այդ հոդվածաշարում: Մարտավարական դաշտի հասկացությունը ռազմարվեստում փոխվել է դեռ առաջին աշխարհամարտում, իսկ այս պարոնը այդ մասին խոսում է այնպիսի նորությամբ: Թեմայով հետաքրքրվողների համար նշեմ, որ դրանք հիմնականում Վ.Սլիպչենկոյի և այլոց մերժված, ռուսական տեսաբանության ազդեցությունն են կրում, եթե չասեմ ուղղակի թարգմանությունն են, որոնք համեմված են ոչ ռազմագիտական խառնաշփոթ տերմիններով ու բացատրություններով:

Նա իր մեղադրանքների մեջ հասել է նրան, որ շատերի նման հայկական բանակի հաղթանակը ներկայացնում է պարտություն և զոհերի համար կոնկրետ պատասխանատուների պատժելու հարց բարձրացնում: Սակայն ամենամեծ անբարոյականությունն այն է, որ գնդապետը կարող է մարդկային կյանքերի համար պատասխանատվության հրավիրել, սակայն ինքը զոհերի քանակ է հաշվում “հազար զոհեր այս կողմ հազար այն կողմ, ինչ տարբերություն մոտեցմամբ”: 1994-2016թթ. Ըստ նրա բանակում զոհվել է 6000 հայ զինվոր, այնինչ այս թիվը առնվազն մի քանի անգամ փոքր է:

Իհարկե եղել է պատերազմ, եղել են զոհեր և լինելու են քննադատություններ, սակայն կրկին ու կրկին նշում ենք, դրանք պետք է լինեն առողջ, տրամաբանական: Առանց այն էլ ոչ արհեստավարժ, անձնական և ոչ պետական նպատակներ հետապնդող անձանց կողմից վաղուց տարվում է հակապետական ու հակազգային քարոզչություն: Եթե շատերն էլ չգիտակցելով միանում են այդ քարոզին, քանի որ դա հիմա մոդա է ու ով այդպես խոսեց վաղը հերոսի ստատուս է ունենալու, մեղմ ասած այնքան էլ ճիշտ չէ:

Այո ունեցել ենք 100 զոհեր, սակայն նրանցից քանիսն է սպա եղել ով իր կյանքով փրկել է իր ենթականերին, քանիսն են եղել պայմանագրայիններ և վերջապես ով է որոշել, որ պետք է զոհվեր ոչ թե 100 այլ ավելի քիչ զինվոր: Իսկ արդյոք հարց տվել եք, թե ինչու 500 չզոհվեց և հինգ անգամ քիչ եղան զոհերը: Անամոթաբար նշում եք իսրայելական բանակի հաղթանակների մասին ու մոռանում մի անգամ նայել թե քանի զոհ են տվել նմանատիպ մարտական գործողությունների ժամանակ: Մարտական գործողությունները ապրիլին իրենց խտությամբ հավասար էին Իսրայելի 1973թ. պատերազմի հետ: Իսկ այդ պատերազմում Իսրայելը 19 օրում մոտ 10 000 զինվոր ու սպա կորցրեց: Օրեկան մոտ հինգհարյուր մարդ է ստացվում: Իսկ զինվածության տեսանկյունից գրեթե անզեն ու բոբիկ ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ պայքարում 2014թ. մարտական գործողություններում աշխարհի ամենաառաջավոր Իսրայելական բանակը կորցրեց մոտ 70 զինվոր:

2008թ. տեղի ունեցավ վրաց-օսական հերթական պատերազմը, որը տևեց հինգ օր: Իր սպառազինությամբ ու հանդերձանքով տասնապատիկներ անգամ գերազանցող ռուսական բանակը վրացական ԶՈւ-երի հետ բախման արդյունքում կորցրեց մոտ 70 սպա ու զինվոր: Ինչո՞ւ ոչ մեկ Ռուսաստանում չի ասում. “բերեք այս գեներալին պատժեք, այն գեներալին պատժեք, քանի որ Վրաստանը մի հարյուր անգամ մեզանից թույլ էր, բայց մենք հինգ օրում յոթանասուն զինվոր ու սպա կորցրինք, տաս ինքնաթիռ կորցրեցինք և այլն”: Վրացական բանակի կորուստների ու փախուստի մասին էլ չենք խոսում: Ո՞վ է այս ժողովրդին հանում իր դեմ, ով է նրանց համոզում, որ կարող էին զոհեր չլինել, կամ քիչ լինել: Մենք էլ ասում ենք, որ ոչ, եթե այս տարիների ընթացքում չիրականացվեին այդքան ինժեներական աշխատանքներ ապա կլինեին մի քանի անգամ ավելի շատ զոհեր: 1993թ. հոկտեմբերի 10-ից սկսված ադրբեջանական լայնածավալ հարձակման ժամանակ, որը տևեց գրեթե մինչև հրադադարի կնքումը, մենք ավելի շատ զոհ ենք տվել, քան մինչև այդ եղած ողջ պատերազմի ընթացքում: Սակայն այն ժամանակ ադրբեջանը կիրառել է ավելի քիչ հրետանային արկեր, քան այդ մեկ ամսում կիրառեց 2016թ.-ին:

Ահա իրականությունը պարոնայք, որը քննադատները չեն տիրապետում, կամ սեփական ժողովրդրին, սեփական որդիներից կազմված բանակի հետ թշնամացնելու գործում նպատակահարմար չէ մեջբերելը: Նպատակահարմար չէ շատ բաների մասին հիշելը: Իսկ որևէ մեկը այդ քննադատներին հարցրել կամ բացատրել է արդյոք.

1. Երբ որ բանակը իր նորագույն, գերճշգրիտ սպառազինության անցնելու մասին խոսում էր դեռ 2010թ. ից, որ բանակի ղեկավարությունը ինքն է այդ թեման բացել, որ քննադատներից շատերը դրա մասին գաղափար էլ չունեին:

2. Երբ 2012թ. Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գեներալների էր բանակից հանում ու բավականին լուրջ սկանդալ կար կապված կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի հարցում, այն ժամանակ ինչո՞ւ, որևէ մեկը այդ ամենին ուշադրություն չէր դարձնում:

3. Երբ վերջին ութ տարիների ընթացքում շուրջ 160 գեներալ ու գնդապետ, այդ թվում ԳՇ պետի երկու տեղակալ աշխատանքից ազատվել է: Երբ շուրջ 50 գնդապետ ենթարկվել է քրեական պատասխանատվության, երբ հենց երկու օր առաջ 10 գնդապետի երկարամյա ծառայության հետ կապված կրկին ազատեցին աշխատանքից, ուղարկելով թոշակի ինչու այդ ամենը ձեր ուշադրությանը չի արժանանում: Վերջին ազատման լուրը շահարկվեց, տարբեր քաղաքական հարցերով, այնինչ դա սովորական կադրային քաղաքականություն է:

4. Երբ նախարարը երկու տարի առաջ հատուկ հավաքներ ու դասախոսություններ էր կազմակերպում միջին օղակի հրամանատարների հետ, երբ նշվում էր, որ այս օղակի հրամանատարներին ազատություններ է տրվում: Երբ բանակում ներդրվում էր “հրամանատրում առաջադրանքով” սկզբունքը ինչու ոչ մեկ դրա մասին չէր խոսում:

5. Ինչու ապրիլյան պատերազմի ժամանակ հենց այդ ամենի արդյունքում նույն օղակի հրամանաարության գրագետ գործողությունները ոչ մեկ չկապեց նախարարի կատարած բարեփոխումների հետ:

6. Ինչու ոչ մեկը չի ասում, որ դեռ պատերազմից մեկ տարի առաջ էր բանակը կազմակերպել ռուսական վարկով զենքերի հարցը լուծելու քայլերը և այլն:

Ամոթ է պարոնայք, քննադատելուց առաջ ազնվություն ունեցոք ձեռքբերումները նշեք, հաղթանակը պարտության պես մի ներկայացրեք, հետո միայն տրամաբանված թերությունների մասին խոսեք: 1920 թ. պարտությունների մասին խոսելուց հիշեք, որ դա հաջողվեց այն ժամանակ, երբ սեփական ժողովրդին սեփական բանակի դեմ հանեցին:

Արկադի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում