Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակաբաշխությունը

Հայաստանում առաջին անգամ այս տարվա սեպտեմբերի 21-ին` Խաղաղության միջազգային, ինչպես ՀՀ անկախության օրը, Գյումրիում կանցկացվի «Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակաբաշխությունը, որի նախաձեռնողը և հեղինակը MasterPeace միջազգային կազմակերպությունն է:

Կազմակերպության կենտրոնական գրասենյակները գտնվում են Եգիպտոսում եւ Նիդերլանդներում, իսկ մասնաճյուղերը` 45 երկրներում, որտեղ նույնպես միաժամանակ կանցկացվի մրցանակաբաշխությունը:

MasterPeace միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմինե Սերոբյանի խոսքով` մրցանակաբաշխության նպատակն է գտնել հայ հասարակության շրջանում ապրող «մանդելաներին», քաջալերել իրենց շրջապատում, համայնքներում, դպրոցներում եւ համալսարաններում դրական փոփոխությունների իրականացումը անկախ բնագավառից:

«Շատ հաճախ այդ մարդիկ մեծ գործեր են անում հանրության համար, սակայն մնում են ստվերում, հանրությունը չի իմանում նրանց արածների մասին: Եվ մեր նպատակն է խրախուսել այդ մարդկանց ու ներկայացնել հանրությանը, ինչպես նաեւ երիտասարդներին վարակել իրենց երկրում, համայնքներում դրական փոփոխություններ կատարելու ցանկությամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նա:

Կազմակերպության տնօրենը տեղեկացրեց, որ 1-4 տեղերը զբաղեցրած մասնակիցները կընտրվեն հանրային քվեարկությամբ, իսկ հաղթողին կընտրի ժյուրիի կազմը, որը դեռ ձեւավորման փուլում է: 1-4 տեղերը զբաղեցնողները կպարգևատրվեն միջազգային վկայագրերով, իսկ հաղթողը` հատուկ միջազգային վկայագրով և Նիդերլանդներից բերված բրոնզե արձանիկով: Արմինե Սերոբյանը նշեց, որ այժմ բանակցում են գործընկերների հետ հաղթողին նաեւ դրամական պարգեւ շնորհելու ուղղությամբ:

Կազմակերպության տնօրենը կարեւորում է մրցանակաբաշխությունը՝ նաեւ միջազգային արձագանք գտնելու համատեքստում:

«Լավ մարդիկ պետք է գնահատված լինեն եւ շնորհակալության արժանանան հանրության կողմից: Մրցանակաբաշխությունը կարեւոր է նրանով, որ ցույց է տալիս, որ մեր կողքին կան նման մարդիկ, որ ցանկացած փոփոխություն սկսվում է հենց մեզանից. ինչու՞ չէ, նաեւ միջազգային հարթակում եւս մեկ անգամ կհնչի Հայաստանի անունը»,-ասաց Արմինե Սերոբյանը:

Հայտադիմումները կարող են ներկայացվել մինչեւ սեպտեմբերի 15-ը առանց տարիքային սահմանափակման:

«Masterpeace» խաղաղության միջազգային շարժումը ձեւավորվել է 2011 թվականին: Հիմնական նպատակն է բազմաբնույթ սեմինարների և մշակութային միջոցառումների միջոցով տարածել խաղաղության գաղափարը: 2013 թվականին MasterPeace-ը պարգեւատրվել է «Նորամուծություն խաղաղասիրության ոլորտում» մրցանակով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում