Թուրքիան եւ Վրաստանը Քուռ գետի վրա հիդրոէլեկտրակայան կկառուցեն

Թուրքիան եւ Վրաստանը համաձայնություն են ձեռք բերել Քուռ գետի վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու շուրջ, որի շինարարության վայրը կընտրվի կրկնական բանակցությունների արդյունքում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Բիզնես-Գրուզիա»-ն, այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին` ամփոփելով երեկ Թուրքիա կատարած իր պաշտոնական այցի արդյունքները:

«Տեղից շարժվել են այնպիսի հիվանդագին թեմաներ, ինչպիսին, օրինակ, Քուռ գետի վրա էլեկտրակայանի շինարարությունն է, եւ մենք դարձյալ բանակցություններ կվարենք այն բանի շուրջ, որպեսզի հիդրոկայանի շինարարության վայրը վնաս չպատճառի շրջակա միջավայրին, եւ դրանով կվերանա անհանգստությունը, որն այսօր առկա է հասարակության մեջ», -հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Վրաստանի վարչապետը համոզմունք է հայտնել, որ էլեկտրակայանի շինարարության նոր վայրը կլինի էկոլոգիապես անվնաս:

Վրաստանի կառավարության վարչակազմը հայտնել է, որ Կվիրիկաշվիլիի Թուրքիա կատարած այցին Վրաստանի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ համաձայնություն է ձեռք բերվել բարձր մակարդակի ռազմավարական խորհուրդ ստեղծելու շուրջ:

Ստորագրված փաստաթղթի համաձայն` Վրաստանի եւ Թուրքիայի կառավարությունները խորացնում են համագործակցությունը ներդրումների փոխադարձ խրախուսման եւ դրանց պաշտպանության ուղղությամբ:

Երկու երկրների կառավարություննները համաձայնություն են ձեռք բերել աշխատանքի, սոցիալական պաշտպանության եւ աշխատանքի տեղավորման ոլորտում համագործակցության շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում