Էրդողանն ուսուցչից ուժեղ գտնվեց. չկա հեղաշրջման ունակ զինվորականների երբեմնի սերունդը

Էրդողանն ուսուցչից ուժեղ գտնվեց. չկա հեղաշրջման ունակ զինվորականների երբեմնի սերունդը

Ռազմական հեղաշրջումները Թուրքիայում նորություն չեն. զինվորականությունը երկար տարիներ եղել է աշխարհիկ արժեքների երաշխավորը և տապալել է երկրի այն ղեկավարներին, որոնք փորձել են խախտել այս դրվածքը: Մասնավորապես  1997-ին զինվորականների ճնշման տակ հրաժարական տվեց Նեջմեթթին Էրբաքանը՝ Թուրքիայի գործող նախագահի քաղաքական մենթորը: Ի տարբերություն Էրբականի, նրա աշակերտ Էրդողանին հաջողվեց պահպանել իշխանությունը. նա երկար տարիներ է աշխատել՝ կարողանալու դիմակայել հեղաշրջման փորձին:

Gazeta.ru-ն հիշեցնում է, որ Էրդողանը թուլացրեց բանակի ազդեցությունը երկրի քաղաքական կյանքում և որոշումներում՝ հեռացնելով ղեկավար պաշտոններից ոչ լոյալ սպաներին: Հայտնի է, որ Էրդողանը միշտ էլ վախեցել է ռազմական հեղաշրջումից: Չմոռանանք, որ հենց նրա օրոք Թուրքիայում գործընթաց սկսվեց  «Էրգենեկոնի» գործով, որի շրջանակում մի խումբ բարձրաստիճան զինվորականներ դատապարտվեցին ազատազրկման: 

Ըստ լրատվամիջոցի, բանակում Էրդողանի իշխանությունը տապալել ցանկացողներն ավելի քիչ են, քան նրան աջակցողները. գիշերվա գործողությունները ցույց տվեցին, որ Էրդողանին դեմ գնացողների մեջ բարձրաստիճան զինվորականները շատ քիչ թիվ էին կազմում: Ըստ այդմ՝ լրատվամիջոցի աղբյուրի դիտարկմամբ,  երեկվա ռազմական հեղաշրջման փորձը վերահսկողության տակ էր և կառավարելի:

Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը նկատում է, որ այսօրվա թուրքական բանակը 80-ականների բանակը չէ. «Չկա զինվորականների այն սերունդը, որը գիտեր ինչպես գրավել կամուրջները, հեռուստատեսությունը, հակառակորդի ազդեցության  տակ գտնվող  մարմինները ղեկավարազրկել: Էրդողանը, որն ավելի քան տասը տարի իշխանության մեջ է, բանակը մաքրել է՝ ղեկավար պաշտոնների տանելով մարդկանց ոստիկանությունից և հատուկ ծառայություններից: Երբեմնի կազմակերպված և միասնական սպայական կորպուսն այլևս գոյություն չունի»-ընդգծում է նա՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ որոշ զինվորականների Էրդողանը հանեց բանտերից և նոր կոչումներ շնորհեց, ինչով ստացավ նրանց լոյալությունը:

Հոդվածագիրը չի անտեսում նաև արտաքին ուժերի արձագանքն ու հետաքրքրությունը Թուրքիայում կատարվածի շուրջ: Նշվում է, որ չնայած Սպիտակ տանից հնչող քննադատություններին, Էրդողանը մնում է ԱՄՆ-ի լոյալ դաշնակիցը Սիրիայում և նրան մերժելը կսրեր իրավիճակը: Երկրորդ՝ Թուրքիայում իրավիճակի՝ վերահսկողությունից դուրս գալը Օբամայի համար լրացուցիչ գլխացավանք կդառնար:

Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա Կրեմլից շտապել են  հայտարարել՝ եթե Էրդողանն ապաստան խնդրի, խնդրանքը կքննարկվի, ինչը ևս աջակցության մասին է խոսում: Ի դեպ, հոդվածում ակնարկ կա, թե ռուսական Սու-24-ի հետ կատարվածի  հիշտակումը, քանի որ հեղափոխականների մեջ եղել են նաև  սպաներ ռազմաօդային ուժերից, կարող է լինել նաև փորձ՝ Էրդողանին գժտեցնելու ՌԴ-ի հետ, այս վարկածը չեն բացառել նաև ռուսական շրջանակներում: 

Ճիշտ է, ստացվում է, որ Էրդողանն ունի առաջատար խաղացողների աջակցությունը, բայց հաշվի առնելով հասարակության երկփեղկվածությունը, պետք է զգուշորեն գործել, քանի որ հեղաշրջման նոր փորձը եթե չբերի իշխանափոխության, ապա կարող է հանգեցնել քաղաքացիական տևական հակամարտության:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում