Հայտնի է Հռոմի Պապի՝ Վրաստան և Ադրբեջան այցերի ծրագիրը

Հայտնի է Հռոմի Պապի՝ Վրաստան և Ադրբեջան այցերի ծրագիրը

Վատիկանի մամուլի ծառայությունը հրապարակել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Վրաստան և Ադրբեջան կատարելիք այցերի ծրագիրը: 

Ըստ հաղորդագրության՝ սեպտեմբերի 30-ի կեսօրին Սրբազան Քահանայապետը կժամանի Վրաստան: Դիմավորման արարողությունից հետո Հռոմի պապը կհանդիպի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, դիվանագիտական մարմինների և քաղաքացիական հասարակության հետ: Ավելի ուշ Սրբազան Քահանայապետը հանդիպում կունենա  Համայն Վրաստանի կաթողիկոս – պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Այցի առաջին օրվա օրակարգը կեզրափակվի քաղդեացիների Ս. Սիմեոն եկեղեցի այցելությամբ և ասորի, քաղդեացի, կաթողիկե հասարակության հետ հանդիպմամբ: 

Վրաստան այցի երկրորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտի տարածքում  Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հանդիսապետությամբ կմատուցվի Ս. պատարագ, այնուհետ նա կայցելի   Վրաստանի պատմական քաղաք Մցխեթայի Սվետիցխովելի Պատրիարքական տաճար:

Հոկտեմբերի 2-ին Հռոմի Պապը Վրաստանից կմեկնի Ադրբեջան: Նախատեսված է  բարի գալուստի պաշտոնական արարողություն և քաղաքավարական այցելություն Ադրբեջանի նախագահին, ինչպես նաև հանդիպում երկրի իշխանությունների հետ: Սրբազան Քահանայապետն ավելի ուշ «Հեյդար Ալիև» մզկիթում  հանդիպում կունենա Կովկասի Մուֆթիի հետ, որից հետո կհանդիպի Բաքվի օրթոտոքս եպիսկոպոսին և հրեական համայնքի նախագահին: Տեղական ժամանակով  19.15-ին  Հռոմի Պապը Բաքվից կվերադառնա Հռոմ, այնտեղից՝ Վատիկան: 

Հիշեցնենք, որ Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով հունսի 24-ից 26-ն այցելել էր Հայաստան:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում