«Ինջիրլիքի տողատակերը». ինչու Մոսկվան չի ընդունի դրանք

Թե որն էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Ռուսաստանի կողմից Ինջիրլիք ռազմաբազայից օգտվելու հնարավորության մասին հայտարարության շարժառիթը, հայտնի չէ, չի բացառվում, որ այն զուտ քարոզչական նպատակ ուներ: Բայց եթե ընդունենք, որ այն միանգամայն լուրջ էր, ապա հստակ է՝ Ռուսաստանը դրանից դժվար թե օգտվեր. ռիսկը չափազանց մեծ է:

Lenta.ru-ն մանրամասնում է, թե ինչի մասին է խոսքը.

Առաջին՝ սա անվտանգության հարց է. Սիրիայում ռուսական ռազմաբազաների անվտանգությունն ապահովվում է ՌԴ ԶՈւ-ի կողմից՝ հատուկ նշանակության ուժեր, տանկեր, հրետանի, անգամ՝ ռազմական ոստիկանություն: Ինջիրլիք ռազմաբազայի դեպքում ռազմական ոստիկանության կարողությունների կիրառումը կլինի, թերևս, առավելագույնը, ինչ Ռուսաստանն իրեն թույլ կտա ինքնապաշտպանության համար: Համենայնդեպս, այլ բան նման մակարդակի հարաբերության դեպքում  հնարավոր չէ: Որքանով այսօրինակ  պաշտպանությունը բավարար կլինի աճող ահաբեկչության պայմաններում, դժվար է ասել:

Երկրորդ՝ ռուսական կայազորը և ինքնաթիռները կդառնան  քաղաքական իրավիճակի գերի, որը կարող է նորից փոխվել, ընդ որում՝ անկանխատեսելի: Եվ եթե Սիրիայում ռուսական զորքը, քաղաքացիները, գույքը պաշտպանված են համաձայնագրով՝ ռուսական կոնտինգենտին վերապահելով  էքստերիտորիալ իրավունք, ապա նման համաձայնագիր Թուրքիայի հետ ունենալը բարդ հարց է.Անկարան ի տարբերություն Դամասկոսի այնքան անելանելի վիճակում չէ, ինչպես Դամասկոսը 2015-ին էր:

Երրորդ՝ մի ամբողջ օպերացիայի համաձայնեցման հարց է առաջանալու, որի շուրջ Անկարան և Մոսկվան հակադիր մոտեցումներ ունեն՝ չնայած հակաահաբեկչական հռետորաբանության: Թուրքիան ամրապնդում է իր ազդեցությունը ինչպես  սիրիական կառավառարական ուժերի դեմ գործող ահաբեկչական վերահսկելի խմբերի, այնպես էլ քրդերի հետ ուղիղ առճակատման միջոցով: Մոսկվային, սակայն, այդ ամրապնդումը բնավ պետք չէ: Այս դեպքում թուրքական ավիաբազայից պայմանական Սու-24-ի մարտական թռիչքները պրոթուրքական զինյալների դեմ հյուսիսում, թվում են աբսուրդ, և դժվար թե իրավիճակը լավանա, եթե Անկարայից հովանավորվող ահաբեկչական խմբերի դեմ թռիչքներ իրականացվեն միայն Սիրիայում տեղակայված ինքնաթիռները: Խոսքը մի ամբողջ պատերազմի սկզբունքորեն չհամաձայնեցման մասին է:

                   Այդ դեպքում ինչի համար էր սա

Լրատվամիջոցը նկատում է, որ ընդհանուր առմամբ, Թուրքիայի շարժառիթը հասկանալ կարելի է. շատ ավելի լավ է ռուսական զբոսաշրջիկների առկայությունը ծովափնյա շրջաններում, քան ռուսական զենիթահրթիռային համակարգերը և ականանետները քուրդ զինյալների մոտ: Մոսկվայի շարժառիթը մեծ հաշվով ևս պարզ է՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրից մշտապես կախված «տաք» հակամարտության սպառնալիքի բացակայությունը նվազեցնում է ռազմական օպերացիայի վարման հնարավորությունը: Հաշտեցման սահմանները լավ տեսանելի են,  և ակնհայտ է, որ համագործակցությունը, որը հնարավոր է դարձնում Ռուսաստանի կողմից թուրքական խոշորագույն ռազմաբազաներից մեկի օգտագործումը, գտնվում է դրանցից հեռու:

Վերջին հաշվով, ինչպես նկատում է lenta.ru-ն, ռուս-թուրքական այս մերձեցումը հավերժական չէ՝ հաշվի առնելով հատկապես ռուս-թուրքական հարաբերությունների պատմությունը: Հարցը միայն նրանում է, թե ով կապահովի իր համար լավագույն պայմաններ՝ մինչև հակամարտության հաջորդ սրման մեկնարկը, և սա  անկախ դրա պատճառներից: 

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում