Վրաստանի նախագահը Մերկելի հետ քննարկել է Կովկասյան տարածաշրջանի վերջին իրադարձությունները

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ դրանց խորացման հեռանկարները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է վրացական պետության ղեկավարի վարչակազմը:

«Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցերը եւ կոնկրետ ցանկություններ հայտնել զբոսաշրջության եւ տնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Նաեւ կողմերը քննարկել են եվրոպական եւ եվրատլանտյան օրակարգի թեման»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ավարտից հետո Վրաստանի նախագահի՝ արտաքին հարաբերությունների հարցերով քարտուղար Թենգիզ Փխալաձեն ասել է, որ դրա ընթացքում նախագահը եւ կանցլերն արծարծել են Կովկասյան տարածաշրջանի վերջին իրադարձությունները եւ Եվրամիությունում տեղի ունեցող նոր գործընթացները: Նա նշել է, որ գերմանական կողմը մեծ հետաքրքրություն է դրսեւորել Վրաստանի ներքաղաքական գործընթացների, ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նկատմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում